HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

ՀՀ-ից հեռացել են Ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց հետո մահացու վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված և ազատ արձակված երկու երիտասարդները լքել են Հայաստանը: Այս մասին թերթի թղթակցին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա դեպքի հաջորդ օրը զրուցել էր ազատ արձակված երիտասարդների` Նորայրի և Արայիկի հետ: Նրանցից առաջինին իրավապաշտպանը հայտնաբերել էր ծեծված, անկողնային վիճակում: Իսկ մի քանի օր առաջ երիտասարդներին կանչել են ոստիկանության, վերադարձրել են անձնագրերը, և «առաջարկել» հեռանալ ՀՀ-ից: Նախօրեին Սաքունցը կալանավայրում հանդիպել է Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված, այնուհետև կալանավորված Արթուր Իսպիրյանի, Շիրազ Մարկոսյանի և Դավիթ Գյուլումյանի հետ: Վերջինս նույնպես հաստատել է, որ ոստիկանության բաժնում իրենից բռնությամբ խոստովանական ցուցմունք են կորզել, և եթե չգրեր այն, ինչ պահանջել են, ապա ինքը ևս ոստիկանության բաժնից կարող էր ողջ դուրս չգալ: Քնում են հերթով Մենք գրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է արձանագրվել. նախնական կալանքի տակ գտնվող, 21-ամյա Սուրեն Ավետիսյանը կախվել է: Երեկ մեզ հաջողվեց ճշտել, որ տղան նստած է եղել մի խցում, որտեղ ևս 16 հոգի է եղել, ինչը կանոնակարգի խախտում է, քանի որ խցերը նախատեսված են 8-10 հոգու համար: Դա նշանակում է, որ գիշերը կալանավորները քնում են հերթով, և մարդկանց ապրելու տարրական պայմանները բացակայում են: Հասկանալի չէ, թե ինչպես կարող էին այդ 16 հոգին չնկատել նրա կախվելը: Մեզ ասացին, որ դա տեղի է ունեցել խցի զուգարանում: Իսկ թե ինչն է ինքնասպանության պատճառը, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ կախվելուց առաջ տղան հեռախոսազրույց է ունեցել մոր հետ: Ի՞նչ է արել որ «Ռոբերտ Քոչարյանը որսի սիրահար է և դիպուկ կրակել գիտի, ինչպես նաև հայտնի է, որ օրենքը չի արգելում որսորդությամբ զբաղվել»,- մեկնաբանելով Քոչարյանի աֆրիկյան «արկածները»` հայտարարել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «ՉԻ» - Խնդիրն այն չէ` Քոչարյանը դիպո՞ւկ է կրակում, թե՞ ոչ, կամ որսորդությամբ զբաղվելն օրենքով արգելվո՞ւմ է, թե՞ չի արգելվում: Խնդիրն այն է, որ տասը տարի շարունակ Հայաստանը ղեկավարում էր մեկը, ով դիպուկ կրակելուց և սպանելուց հաճույք էր ստանում, ու հիմա էլ իր այդ հաճույքի համար հսկայական գումարներ է ծախսում: Վերջին հաշվով, օրենքը կազինոներում պոկեր և «ռուլետկա» խաղալ նույնպես չի արգելում, բայց դա չի նշանակում, որ բարձրաստիճան պաշտոնյաները պիտի դրանով զբաղվեն: Ընդ որում` էական էլ չէ, թե ում հաշվին: Եթե այսպես շարունակվի, վաղն էլ կհայտարարեն, թե «նախագահին հրավիրել էին, ասենք, Մոնտե-Կառլո, նա էլ, ինչպես հայտնի է, վարժ պոկեր է խաղում, օրենքով էլ դա արգելված չէ…» և այլն: Այնպես որ, կան նաև չգրված օրենքներ, որոն, ի դեպ, պակաս կարևոր չեն: Զոհվեց` ուրիշի աթոռի համար «Ես երկրին զինվոր էի տվել, որ գնար հայրենի հողը թուրքերից պաշտպաներ, ոչ թե բերեին կանգնեցնեին քաղաքի կենտրոնում ու սպանեին: Ինչի՞ էին իմ երեխուն բերել էնտեղ կանգնեցրել, որ հայի վրա՞ կրակեր, թե՞ հայ մարդը իր զինվորի վրա կրակեր: Եթե էս երկրում մի հատիկ արդարություն կա, ապա առաջին հերթին պետք է Ռոբերտ Քոչարյանը կանգնի դատաստանի առաջ: Նա էր, չէ՞, հրաման տվել, որ իմ 7 ամսվա ծառայող զինվորին բերեին կանգնեցնեին իրա ժողովրդի դեմ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է մարտի 1-ին զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Խաչատրյանը: Նա ՀՀ իշխանություններից պահանջում է բացահայտել, թե ո՞վ է հրաման տվել, որ 7 ամսվա զինծառայողին մասնակից դարձնեն զինված գործողություններին. «Իմ տղան պագոնի տակ ծառայող զինվոր էր, ու գնացել էր էս երկրի հանդեպ իր պարտքը կատարելու, ոչ թե ինչ-որ մեկի աթոռի համար զոհվելու»: Տիգրան Աբգարյանի գործով դատական նիստը մեկնարկել է երեկ` Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: ՀՌԱՀ-ը կարո՞ղ է արգելել ինտերնետային հարձակումը «Ա1+»-ը մտադիր է սկսել իրական ժամանակում ինտերնետային հեռարձակում: Սակայն ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ավելի վաղ էր հայտնել, թե հեռուստահեռարձակում կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքով կարգավորվա՞ծ հարց է այն, որ ինտերնետային հեռարձակման ժամանակ ևս պետք է լինի հեռարձակման արտոնագիր, պատասխանեց. «Կարծում եմ` պրն Ամալյանը մի քիչ գերագնահատում է իր ուժերն ու հնարավորությունները: Ինտերնետը, փառք Աստծու, դեռ իր ենթակայության ներքո չէ, ինչպես և բոլոր պրովայդերները, որոնք կապ են տրամադրում սպառողներին: Եվ այս պարագայում պրն Ամալյանը հնարավորություն չունի որևէ սանկցիա կիրառելու կամ արգելելու»: Դոլարը արժեզրկվում է, բայց գները շարունակում են բարձրանալ Նրանից հետո, երբ դոլարը սկսեց արժևորվել, կարճ ժամանակ անց դա իր անդրադարձն ունեցավ նաև ապրանքների գների վրա: Արդեն մարտի վերջին, ապրիլի սկզբին թանկացան առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ: Հետագայում դոլարը սկսեց իջնել, սակայն ապրանքների գները, ինչպես միշտ, մնացին նույնը. այլևս չվերադարձան նախկին մակարդակին, թեպետ այդ ընթացքում ամերիկյան արժույթն արժեզրկվեց առնվազն 20 նիշով: Հայաստանի բազմաթիվ ապրանքային շուկաներում մարտի վերջին սկսված թանկացումը պայմանավորվեց գերազանցապես դոլարի ուժեղացմամբ: Սակայն գները չնվազեցին նաև նրանից հետո, երբ վերջին մեկ ամսում դոլարը զիջեց դիրքերը: «Հրանտ Դինքը բռնության գազանային ակտի զոհ է» Լրագրությունը ճգնաժամ է ապրում Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը` խոսելով եվրոպական զլմ-ների ընդհանուր պատկերի մասին` Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Բացի Հրանտ Դինքից, որին Համմարբերգը համարում է «բռնության գազանային ակտերի զոհ Թուրքիայում», այդպիսիք են նաև Աննա Պոլիտկովսկայան` Ռուսաստանում, Գեորգի Գոնգաձեն` Ուկրաինայում, և էլմար Հուսեյնովը` Ադրբեջանում. «Նրանք բոլորն էլ աննախադեպ խիզախություն են ցուցաբերել, և իրենց նվիրեցին վիճահարույց քաղաքական խնդիրներում ճշմարտության վերհանմանը: Նրանք մահվան դեպքերը կարող են մյուս լրագրողներին ավելի զգուշավոր դարձնել և ինքնաքննադատություն առաջացնել»,- հայտարարել է Համմարբերգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter