Ջավախքահայությունը բոյկոտել է Վրաստանի ՏԻՄ ընտրությունները
2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան ջավախքահայության կողմից դրանց փաստացի բոյկոտելու պայմաններում: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% և 75% ընտրողների մասնակցություն, սակայն տեղական և միջազգային դիտորդների կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը:
Չմասնակցելով ընտրություններին՝ ջավախքահայությունն իր վերաբերմունքն արտահայտեց վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին Ջավախքում իրականացվող բռնաճնշումների քաղաքականության նկատմամբ, քաղաքկանություն հիմնական տարրեն են.
- Շինծու մեղադրանքների հիման վրա ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի տասը տարվա ազատազրկման դատապարտելը, ջավախքահայ ակտիվիստների ապօրինի հետապնդումները,
- Վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի փաստացի վերահսկումն ու ուղղորդումը,
- Ջավախքահայության իրավունքները պաշտպանող տեղական քաղաքական կազմակերպությունների գրանցման մերժումը,
- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով երաշխավորված ջավախքահայության հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական, մշակութային և կրոնական իրավունքների կոպիտ ոտնահարումը:
Կարելի է արդեն արձանագրել, որ վրացական իշխանությունները կեղծելով Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները էլ ավելի խորացրեցին ջավախքահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից, էլ ավելի մեծացրեցին իրենց և ջավախքահայության միջև գոյություն ունեցող անըմբռնողության անջրպետը:
Սա անկանխատեսելի հետևանքներով հղի այն իրավիճակն է, որի մասին բազմիցս ահազանգել է «Երկիր» միությունը: Կազմակերպության ահազանգների նկատմամբ միջազգային կառույցների, ԱՄՆ և Եվրամիության համապատասխան մարմինների ցուցաբերած ուշադրությունն ու հետաքրքրությունը, սակայն, դեռևս չի հանգեցրել իրավիճակի շտկմանն ուղղված կոնկրետ և գործուն քայլերի:
Ջավախքահայության տարրական իրավունքների, տվյալ դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ազատ և արդար ներկայացվածության իրավունքի, կոպիտ ոտնահարման այս փաստի պայմաններում Վրաստանի գործընկեր-պետությունների կողմից ցուցաբերվող անգործությունը միմիայն խորացնելու է ժողովրդավարական արժեքների և ընթացակարգերի նկատմամբ երկրի հայ համայնքի հիասթափությունը, հանգեցնելու է տարածաշրջանում ժողովրդավարության նախանջի գործընթացների հետագա ուժեղացմանը: Իրավիճակի նման սցենարով զարգացման թույլ չտալը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր կառույցների և երկրների ուղղակի պարտականությունն է:
«Երկիր» միություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել