«HIGER» ավտոբուսների գործարանը մտադիր է գործունեություն ծավալել հայկական շուկայում
«Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում: Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Սուչժոու տեխնոպարկ», որը Չինաստանի և Սինգապուրի համատեղ նախագիծն է և 30 տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:
Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է խոշորագույն ձեռնարկություններից մեկում` «HIGER» ավտոբուսների գործարանում: Սերժ Սարգսյանին դիմավորել են Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն և «HIGER» կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը: Սերժ Սարգսյանը շրջել է «HIGER» գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին: Վու Վենմենի խոսքով` չինական ավտոարտադրության առաջատարներից մեկը հանդիսացող «HIGER» ավտոբուսների գործարանը մտադիր է հայկական շուկայում գործունեություն ծավալել` Հայաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ բացելով:
Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է Սուչժոուի գիտությունների, մշակույթի և արվեստի կենտրոն, որտեղ շրջայց է կատարել և ծանոթացել կենտրոնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին:
Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Սուչժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Քաղաքապետը ներկայացրել է քաղաքի ձեռքբերումները և երկկողմ հարաբերությունների հաստատման և զարգացման պատրաստակամություն հայտնել:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել