HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդավոր տան բնակիչը

Կալկաթայում ապրող Աբգարյանների վերջին ժառանգը «Kyd Street»-ը Կալկաթայի հնագույն փողոցներից է, որի կենտրոնական հատվածում է գտնվում անգլիական ոճով կառուցված, պարսպապատ, անմշակ եւ անխնամ այգով երկհարկանի հսկա շինությունը: -Հայ է ապրում այստեղ,- ասաց Հայոց մարդասիրականի ճեմարանի սան Կարենը, երբ առաջին անգամ անցնում էի այդ փողոցով: -Մի՞թե մարդ է ապրում այդտեղ,- զարմացա ես: -Նա հազվադեպ է դուրս գալիս բակ, փորձել եմ խոսել նրա հետ, բայց անհաջող,- պատմեց զրուցակիցս: Պարզվեց, որ տանտերը ընդհանրապես խուսափում է հանդիպել որեւէ մեկին, հայ համայնքի հետ կապված ցանկացած իրադարձության մասին նա տեղեկացվում է, սակայն առողջության պատճառով չի մասնակցում կազմակերպված միջոցառումներին կամ հավաքույթներին: 18-րդ դարավերջին Հնդկաստանում հաստատված Աբգարների (Աբգարյաններ) դինաստիան հայտնի է իր վաճառական եւ արդյունաբերական գործունեությամբ: 1795 թ. նորջուղայեցի Հարություն Աբգարը տեղափոխվում է Հնդկաստան եւ զբաղվելով առեւտրով` կարողանում է արագ հարստանալ, իսկ ավելի ուշ հիմնում է «Apcar & Co.» կազմակերպությունը: Ընկերությունը զբաղվում էր նավաշինությամբ` միաժամանակ կազմակերպելով նավագնացություններ Հուգլի գետի վրայով: Այս կազմակերպությունը ուներ ավելի քան 30 նավ: Նավագնացության կազմակերպման մեջ ունեցած դերի լավագույն վկայությունն է մինչ այսօր Հուգլի գետի վրա գործող հայկական անուն կրող նավահանգիստը` «Armenian Ferry Ghat»: Հ. Աբգարը հայ եկեղեցու նվիրյալ էր: Աբգարների ընտանիքի շատ ներկայացուցիչներ անգլիական տիրապետության շրջանում բարձր պաշտոններ են զբաղեցրել Արեւմտյան Բենգալիայի պետական բարձրագույն ատյաններում, իսկ Հայաստանի առաջին հանրապետության գոյության երկու տարիների ընթացքում այս ընտանիքից սերված Դիանա Աբգարը դառնում է ՀՀ առաջին կին-դեսպանը Ճապոնիայում: Իր գործունեությամբ հիշատակության է արժանի նաեւ Հավհաննես Գրիգոր Աբգարը: Կյանքի վերջին տարիներն ապրել է Անգլիայում: Նրա կտակով եւ Գեւորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով 1927 թ. հիմնադրվում է Աբգարյան ավանդը (Apcar Trust), որի նպատակն էր «մեղմացնել թշուառ հայերուն տառապանքը աշխարհի որեւէ մէկ մասին մէջ, առաջնութիւն տալով այրի կանանց եւ անչափահաս որբ տղաներուն եւ աղջիկներուն»: Բարերար ընտանիքի` Կալկաթայի ամենանշանավոր ներկայացուցիչներից էր նաեւ Էմի Աբգարը: Նա հայտնի էր հայ եկեղեցու սրբազան երգեցողության կատարման հմտությամբ: Վերջինս եվրոպական նոտաներով ձայնագրում եւ 5 հատորներով լույս է ընծայում հայ եկեղեցական երաժշտությունը: Ազնիվ հայուհին իր ողջ կյանքը նվիրում է Հայոց մարդասիրական ճեմարանին, իսկ իր կտակով ողջ ունեցվածքը, այդ թվում երկու տները, որպես ավանդ թողնում է Կալկաթայի Հայոց եկեղեցուն` մշտական տարեվճար նշանակելով նաեւ եկեղեցու երգչախմբի պահպանման եւ զարգացման համար: 65-ամյա Անետա Աբգարը տոհմի վերջին ներկայացուցիչն է, որ բնակվում է Կալկաթայում: Որոշեցի հանդիպել նրան: Կարենը միացավ ինձ: Ճեմարանից 10 րոպե հեռավորության վրա գտնվող մռայլ ու լուռ առանձնատունը մեր առջեւ էր: Հսկա դարպասները ներսից փակված էին ծանր կողպեքներով: Ժամանակն անցնում էր, սակայն ոչ ոք չէր երեւում ո՛չ տան պատշգամբում եւ ո՛չ էլ բակում: Կարենն անդադար եւ, իմիջայլոց, ճաղերի վրա գտնվող բռնակը հարվածում էր երկաթին, որի ձայնն էլ հավանաբար ստիպեց տան բնակիչներին նկատել մեզ: -Ո՞վ է,- լսվեց վերնահարկի մութ սենյակից հնչող կնոջ ձայնը: -Հայեր ենք եւ ցանկանում ենք տեսնել օր. Անետին: -Սպասե՛ք,- հնչեց պատասխանը: Բավական երկար սպասելուց հետո մեզ մոտեցավ մոտ 60 տարեկան, նկատելի վատառողջ մի տղամարդ: Մի պահ հայացք ձգեց մեզ վրա, ապա բացեց դարպասը` ձեռքով ցույց տալով տան մուտքը: Առանձնատան նախասրահը լի էր անպիտան եւ փոշոտ առարկաներով: Անսովոր լռություն էր: Մթության մեջ հազիվ նկատելի աստիճաններով բարձրացանք երկրորդ հարկ: Տանտիրոջ ննջասենյակը շատ ավելի վատթար վիճակում էր: Սպիտակամաշկ եւ ցածրահասակ կինը պառկած էր: -Ողջու՛յն,- դժվարությամբ նստելով` ասաց օր. Անետը,- որտեղի՞ց եք, հայե՞ր եք, այստե՞ղ եք ապրում, թե՞ ճամփորդության եք եկել: -Հայե՛ր ենք, եկել ենք Հայաստանից: -Վերադառնալու՞ եք: Համոզվելով, որ վերադառնալու ենք, նա գոհունակությամբ գլուխը շարժեց` առաջարկելով նստել: -Դուք որեւէ կապ ունե՞ք նշանավոր Աբգարների ընտանիքի հետ,- հարցրի ես: -Այո՛, այդ ընտանիքից եմ,- շատ աշխույժ սկսեց կինը,- այստեղ միայն ես եմ մնացել, ազգակիցներս բնակվում են Ավստրալիայում եւ Անգլիայում, սակայն կապ չունեմ ոչ ոքի հետ: -Հայերեն գիտե՞ք: -Ո՛չ, չգիտեմ, ես հաճախել եմ անգլիական դպրոց, քանի որ ազգակիցներս արտերկրում էին, եթե վերադառնային, միեւնույն է հայերեն չէին հասկանալու. բացի այդ, ծնողներս ասում էին` պետք է տեղափոխվենք Անգլիա,- հուսախաբ ավելացրեց կինը: -Հայրս` Գարեգին Հովհաննես Աբգարը, աշխատել է անգլիական կազմակերպությունում, մայրիկիս անունը Անի էր: Ես նրանց միակ զավակն եմ: Սա իմ հայրական տունն է: Ես ծնվել եմ այստեղ: Այն մեզ է պատկանում արդեն 68 տարի: Երկար տարիներ աշխատել եմ ապահովագրական ընկերությունում: Ծնողներիս մահից հետո մենակ եմ, 28 տարի ինձ պահել է այս մարդը,- ձեռքով ցույց տալով միջանցքի մյուս ծայրում գտնվող սենյակի ուղղությամբ` ասաց կինը,- վարորդս իր կնոջ եւ տղայի հետ այնտեղ է ապրում, իսկ տան մի մասը վարձակալությամբ է տրված: Ամեն ինչ անելու եմ վարորդիս տղայի համար. իրավաբանիս հետ խոսել եմ: -Այսօր որեւէ բան ունե՞ն Աբգարները, տեղյա՞կ եք նավերի մասին: -Դուք գիտե՞ք «Apcar & Co.» կազմակերպության մասին. նավերը կարծեմ վաճառել են անգլիական կամ հնդկական ընկերություններին: Հիմա ոչինչ չկա, ամեն ինչ վաճառվել է: Երբեմն-երբեմն նա լռում էր` հայացքը հառելով մի կետի, ապա սթափվելով` կրկին հարցնում. -Վերադառնալու՞ եք, թե՞ մնալու եք Հնդկաստանում: Քույր, եղբայր ունե՞ք, ամուսնացա՞ծ են,- նույն պատասխանները լսելուց հետո նա շարունակում էր պատմել: -Մայրս եւ հայրս երբեմն հանդիպում էին հայերի հետ ինչ-որ ակումբում: Ես կնքված եմ հայկական եկեղեցում, եւ ծնողներս թաղված են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գերեզմանատանը: Ես վաղուց չեմ գնում եկեղեցի. չեմ կարող, ոտքերս բռնվել են: Զգալով նրա հոգնածությունը` որոշեցինք գնալ, բայց խնդրեցինք թույլտվություն կրկին այցելելու համար: -Իմ տան դռները միշտ փակ են, որովհետեւ հիմա գողերը եւ հանցագործները շատ են: Կմտնեն ու այլեւս դուրս չեն գա: Դուք կզանգեք, հետո կգաք,- ասաց կինը` տալով իր բջջայինի համարը: Երկու օր անց կրկին այցելեցինք: Այս անգամ դարպասը բացեց վարորդի տղան` Անետի հավանական ժառանգորդը, եւ անմիջապես անհետացավ: Անետը անհամեմատ ավելի լավ տեսք ուներ: Նա ուրախությամբ ընդունեց մեզ. եկել էինք զրույցը շարունակելու, սակայն... -Որտեղի՞ց եք եկել, վերադառնալու՞ եք, քույր, եղբայր ունե՞ք, ամուսնացա՞ծ են,- հնչեցին արդեն ծանոթ հարցերը: Ակնհայտ էր. կինը հիշողության խնդիր ուներ: -Ձեր մասին հոդված եմ պատրաստում,- ասացի ես: -Այո՞, շատ լավ է, թերթու՞մ է լինելու, գիտե՞ք` Էմի Աբգարն իմ ազգակիցն է,- հպարտությամբ հայտնեց կինը,- ես հիշում եմ նրան, թեեւ փոքր էի: -Ինչու՞ չեք ամուսնացել: Չգիտեմ, մանուկ հասակից վախ կար մեջս, միշտ մտածել եմ ծնողներիս մոտ ապահով է, իսկ ամուսինը, ով գիտի` ով է, ինչպես կվարվի քեզ հետ. այդպես էլ չամուսնացա,- մի փոքր լռելուց հետո Անետը շարունակեց,- մենակություն երբեք չեմ զգացել, հատկապես, երբ կենդանի էին ծնողներս: Հայրս մահացել է 1982 թ., իսկ մայրս` 1986 թ.: -Չե՞ք ցանկանում հայերեն սովորել: -Ո՛չ,- անմիջապես պատասխանեց նա,- հայերենը բարդ է, ես ծեր եմ: -Ի՞նչն է փոխվել այսօր: -Այսօ՞ր... մարդիկ են փոխվել... անշնորհք են դարձել,- տխրությամբ ասաց կինը: Նրա համար հայերենը օտար է, ինչպես նաեւ` բոլոր հայերը: Ավելի ուշ այս առանձնատան հարեւանությամբ բնակվող մեկ այլ հնդկահայ պատմեց, որ Անետենց ընտանիքը նախկինում շատ քիչ էր շփվում հայերի հետ: «Հարուստ էին. վախենում էին, որ կկորցնեն իրենց հարստությունը, եւ իրենց բոլորը գող էին թվում»,- ասաց զրուցակիցս: Անետ Աբգարը մեծացել է իր համայնքից կտրված: Նա իր հայրական հարստությունը պատրաստվում է կտակել օտարազգու... Աբգար ազգանունը մի քանի տարի հետո կօտարանա այս հինավուրց ու խորհրդավոր կառույցի նոր տերերի համար, եւ ինչպես պատահել է կալկաթահայերին պատկանող շատ շինությունների հետ, այս առանձնատունը նույնպես կդառնա հիշողություն հայերի երբեմնի փառքից եւ կարողությունից: Հերմինե Ադամյան Հայոց մարդասիրական ճեմարան, Կալկաթա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter