HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական աղետ, որն ուշադրության չի արժանանում. հաղորդում հանցագործության մասին

Օգտագործելով մամուլի ազատության միջազգային օրը հրավիրված ասուլիսը` «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը հանցագործության մասին հաղորդում տվեցին: Նրանք երեկ այցելել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որը նախկինում ծածկված էր 2 մետր հաստությամբ հողով, ամբողջովին բացված է, երեւում են թունաքիմակատներով լի պարկերը, տակառները:

Իսկ քիչ ներքև կովեր են արածել: Երեկ այդ գերեզմանոցում Մարիամի կոկորդը սկսել է ցավել, սկսել է հազալ ու կրծքավանդակի մասում սուր ցավեր է զգացել: «Մենք մեր վրա զգացինք այդ սուր ազդեցությունը, գլխացավեր, սիրտխառնոց... եկել եմ տուն, գոլ ջրով ու տարբեր մեթոդներով մաքրել եմ օրգանիզմս»,- պատմեց Մարիամը:

Ջրահեռացման բետոնե խրամուղիները, որոնք նախատեսված էին, որպեսզի ջրերը շրջանցեն գերեզմանոցը, ամբողջությամբ փլուզված էր եւ լցված հողով: Իսկ թունաքիմիկատները  ջրերի հետ խառնվել ու «կոկտեյլ» էին դարձել, ջրերը դուրս են գալիս դեպի այգիներ, արոտավայրեր, որտեղ և արածում էին կովերը: «Դա խայտառակ աղետ էր»,-գնահատեց Մարիամը:

«Դա նշանակում է, որ կովերի միսը, կաթը վաղը ծախվելու է կամ ծախվում է արդեն Երևանում: Սա ավելի «կարևոր» հանցագործություն է, քան վերջին տասնամյակում Հայաստանում կատարված հանցագործությունները»,- նշեց Էդիկ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ իրենք բազմիցս գրել են խնդրի մասին, իսկ վերջերս բազմաթիվ խնդրանքներ են ստացել թե' բնապահպաններից, թե' բարձրաստիճան մի պաշտոնյայից, որպեսզի հարցը նորից բարձրացնեն: «Մի 20 րոպե ենք անցկացրել այնտեղ, բժշկական դիմակներ էինք հագել, բայց ճահճանման, թունավոր նյութերը դուրս էին եկել պարկերից, իսկ ժամանակին այդ պարկերի մեջ դրանք առանձին-առանձին էին թաղված, իսկ հիմա որ անհայտ անձը բացել է ու ակտիվացրել է տարածքը, իրար մեջ էին լուծվել ու նոր գոյացություններ են առաջացել»,- ասաց Մարիամը:

Հիշեցնենք, որ «1972թ. Խորհրդային  միության տարածքում գյուղատնտեսության  մեջ արգելվել է օգտագործել որոշ թունաքիմիկատներ: Հայաստանի գյուղերից, պահեստներից հավաքել են օգտագործման համար ոչ պիտանի, արգելված մոտ 500 տոննա տարբեր տեսակի թունաքիմիկատներ: 1982թ. Հայաստանի կառավարության որոշմամբ, Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերեւում (այժմ այդ տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի համայնքում) կառուցվել է բետոնե գերեզմանոց: Գերեզմանոցը կավապատ է, որպեսզի թունաքիմիկատները չներծծվեն հողի մեջ:

«Թունաքիմիկատները լցրել են գերեզմանոցն ու հողով ծածկել: Տարածքն ունեցել է պահակակետ եւ ցանկապատ: Այդ տարիներին պարբերաբար ստուգումներ են արվել հնարավոր արտանետումները կանխելու համար: Սողանքի պատճառով տարիների ընթացքում հողաթումբն իջել է, եւ գերեզմանոցն այսօր փլուզման եզրին է: Վերջին 15 տարիների ընթացքում ոչ մի վերահսկողական աշխատանք չի արվել: Չկա պահակակետ, քանդված է ցանկապատը: Վտանգավոր տարածքը լրիվ բաց է: Հետագայում գերեզմանոցի մոտակա տարածքում կատարվել են այգեգործական հողհատկացումներ: Այստեղ կառուցվել են տներ, եւ մարդիկ են ապրում: Բնակիչներից շատերը չգիտեն, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է, եւ այդ տարածքն օգտագործում են որպես արոտավայր» («Թաքնված էկոլոգիական  աղետ», «ՀԵՏՔ» 23.02.2004թ.): «Երևանում տեղի է ունցեցել մի աղետ, որը ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել կամ դարձնում է հենց այնպես` ձեռի հետ»,- նշեց Էդիկ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ հայտնի բնապահպան Ջոն Վիգենը մեկ շաբաթ առաջ եղել է Հայաստանում, և գերեզմանոցի վիճակը գնահատել որպես ` «բնապահպանական աղետ»:  Իսկ նախորդ շաբաթ  Բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ Կառավարույունը գերեզմանոցի տարածքը արգելապատման համար կտրամադրի 20-30 միլիոն դրամ (Տես` Գերեզմանոցը կպարսպապատվի, թունաքիմիկատները կոչնչացվեն): Էդիկ Բաղդասարյանի հավաստմամբ, Բնապահպանական պետական տեսչությունն այնտեղ ուսումնասիրություն չի կատարել: 2005թ-ին դրա համար 500 հազար դոլար է տրամադրվել Հայաստանին ագային ծրագիր մշակելու համար, այնտեղ առանձին տեղ ուներ այս գերեզմանոցը, որի համարձայն գերեզմանոցի հարցը պետք է մինչեւ 2008 թվականը:  Ծրագրի պատասխանատուն Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանն է եղել, և դրամաշնորհը տնօրինել է հենց ինքը: Թե ինչի վրա ծախսվել այդքան փողը ոչ ոք չգիտի, իսկ այդ փողով թունաքիմակատների գերեզմանոցում պետք էր նաեւ ուսումնասիրություն կատարվեր: Էդիկ Բաղդասարյանի կարծիքով, գերեզմանոցի թունաքիմիկատների խնդիրը կարող է լուծվել դրանք ոչնչացնելով: Թունաքիմիկատների ոչնչացման գործարան կա Իտալիայում, սակայն տեղափոխումը մեծ գումարներ է պահանջվում: Իսկ մինչ այդ պետք է շտապ քայլեր ձեռնարկվի և  տեղեկացվի բնակչությանը: «ԱԻ նախարարությունն իր ֆունկցիան չի կատարում, մինչև հիմա այդ գյուղի բնակիչներին չեն զգուշացրել, թե ինչ վտանգ է սպառնում իրենց: Դա ուռուցքներ, հոգեկան խանգարումներ առաջացնող, բոլոր օրգանների վրա ազդող նյութեր են: ԱԻ-ն պետք է անհապաղ մարդկանց տեղեկացնի այդ վտանգի մասին»,- ասում է Է. Բաղդասարյանը: Ավելին, ըստ Է. Բաղդասարյանի, ԱԻՆ-ն չի գիտակցում այդ վտանգը, եթե գիտակցած լիներ, ՊՆ-ի հատուկ զորախումբը կլիներ այնտեղ. «Քանի որ չկան, նշանակում է, որ ոչինչ չեն արել: Իսկ բնապահպանության նախարարությունը նույնիսկ տեղը չգիտի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter