ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը հակաօրինական գործողություննե՞ր է կատարում
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը հակաօրինական գործողություններ է կատարում և առանց հիմնավոր բացատրության «պատանդի» կարգավիճակում պահում հեռուստաընկերության չմաքսազերծված գույքը: Ըստ հաղորդագրության՝ Գագիկ Խաչատրյանի հրահանգով 07.04.20010թ. արգելանք էր դրվել «ՉԱՊ» ՍՊԸ -ի ԳԱԼԱ հեռուստաընկերության բանկային հաշիվների վրա՝ 822.000 դրամ հարկային պարտավորություն ունենալու պատճառաբանությամբ:
«Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքի տառով է առաջնորդվել Գագիկ Խաչատրյանը, երբ որոշել է արգելանք դնել չմաքսազերծված գույքի վրա: Հարցի պատասխանը չգիտեն անգամ իրենք՝ հայրենի հարկահանները, որոնց կողմից, մեր բազմաթիվ հարցումներին սպառիչ պատասխան տվող որևէ պաշտոնական փաստաթուղթ հեռուստաընկերությունը չի ստացել: Ի դեպ, սա ևս կառույցի ղեկավարի թույլ տված ապօրինության թարմ օրինակ է:
Գիտակցելով, որ չկշռադատված գործողությունները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ, Գագիկ Խաչատրյանը նախորդ շաբաթ որոշեց ուղղել իր սխալը. հեռուստաընկերության բանկային հաշիվների վրայից հանելով արգելանքը, այն թողեց միայն դրամարկղի վրա՝ 822.000 դրամի չափով»,- նշվում է ԳԱԼԱ-ի հաղորդագրությունում:
ՊԵԿ-ի ղեկավարը, ըստ Գյումրիի հեռուստաընկերության, շարունակում է «պատանդի» կարգավիճակում պահել հեռուստաընկերության տեխնիկասարքավորումները: «Մեզ քաջ ծանոթ և սովորական դարձած ժամկետանց մեթոդներով ՊԵԿ-ի ղեկավարը շաբաթներ շարունակ ոչ նախանձելի վիճակում է պահում իր ղեկավարած կառույցի աշխատակազմին: Մեղմ ասած, կարեկցանքի են արժանի Գագիկ Խաչատրյանի ենթակայության տակ աշխատող ազնիվ, անգամ անազնիվ մարդիկ: Իսկ կառույցի լրատվական բաժնի ներկայացուցիչներն արդեն չգիտեն ինչպես լղոզել իրենց պատասխանները, թեև պատասխան տվողները իրականում ծպտյալ, բարձրաստիճան հարկահաններն են: Տեղացի որոշ պաշտոնյաներ անգամ անկեղծորեն խոստովանում են, որ կրակն են ընկել իրենց ղեկավարի անտրամաբանական գործողությունների հետևանքով»,- նշվում է ԳԱԼԱ-ի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել