Բացվել է Ռուբեն Բաղդիշյանի` «Մեր պապերից մնացածը» լուսանկարների ցուցահանդեսը
Այսօր Երեւանի պետական համալսարանում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի լավագույն լուսանկարները` Հայաստանի եւ Արցախի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով: Ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսխորհուրդի աջակցությամբ:
Բացման արարողության ընթացքում Ռուբեն Բաղդիշյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում է բանակցություններ սկսել մի շարք կազմակերպությունների հետ` «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսը սփյուռքահայ խոշոր կենտրոններում անցկացնելու վերաբերյալ: Ռուբեն Բաղդիշյանը նաեւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման շրջանակներում համագործակցության կոչ արեց տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններին:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ուղերձ էր հղել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Ուղերձում ասված է. «Ողջունում եմ հայրենի պատմությունը հանրահռչակելուն ուղղված Ձեր նախաձեռնությունը: Ցավով եմ նշում, որ հասարակությունում` հատկապես երիտասարդության շրջանում, չափազանց քիչ է Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային վայրերի մասին պատկերացում ունեղցողների քանակը: Ձեր նախաձեռնած ցուցահանդեսը, գոնե համալսարանականների շրջանում, հայրենի երկրի ճանաչողության բացը լրացնելուն ուղղված փորձ է»:
Ռուբեն Բաղդիշյանը ծնվել է 1987թ.: Լուսանկարել սկսել է վաղ տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների եւ ցուցահանդեսների, որոնց թվում են World Press Photo-ն եւ International Image Circuit-ը: Ուկրաինական «Украина глазами иностранцев» («ՈՒկրաինան արտասահմանցիների աչքերով») ֆոտոմրցույթում 2009թ.-ին զբաղեցրել է առաջին տեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել