Արթուր Բաղդասարյանը դեմ է «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակին
Այսօր Միացյալ Ազգերի Կազմարեպությունը (ՄԱԿ) Երեւանում կազմակերպել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի քննարկում, որին մասնակցում էր նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա իր խոսքում նշեց, որ մենք պետք է կարողանանք մեր երկրում ձեւավորել աղետների ռիսկերի նվազեցման եւ կառավարման այնպիսի արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա պետությանը պաշտպանելու իր քաղաքացիներին:
«Որովհետեւ յուրաքանչյուր պետության թիվ 1 առաքելությունը իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:
Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ աղետների ռիսկի նվազեցման խնդիրը գտնվում է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում երեք պատճառներով.
1. Այն նախատեսված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ
2. Այն նախատեսված է Հայաստան-Եվրոպական Միություն 2009-2011 թթ. ծրագրում
3. Այն նախատեսված է Հայաստան-ՆԱՏՕ բարեփոխումների ծրագրում:
«Բոլորս ենք հիշում 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը, այսօր մենք փորձում ենք դեռեւս բուժել երկրաժարշի թողած վերքերը եւ պետք է կարողանանք ճիշտ եզրակահանգումներ անել` հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, մեր երկրի տարածքի շուրջ 1/3-ը լի են սողանքներով եւ անընդհատ մենք հանդիպում ենք պատահարների, վթարների, տեխնածին զանազան աղետների»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս համակարգում որեւիցե լուրջ ծրագիր առ այսօր չի իրականացվել. «Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի այս նախաձեռնությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի ակտիվ կեղվածքը հնարավորություն կտա, իրոք, լուրջ ծրագիր մշակել եւ իրականացնել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը` ցավ հայտնելով, որ Հայաստանը մինչ օրս չունի աղետներին դիմագրավելու արդյունավետ համակարգ:
«Այժմ մենք կանգնած ենք անկանխատեսելի աղետների ռիսկերի առջեւ, իսկ դուք գիտեք «գնա մեռի, արի սիրեմ» հայակական առածը, որ պետք է անպայման մի բան լինի, նոր մտածենք, թե ոնց ենք դրա տակից դուրս գալու, ես գտնում եմ, որ մենք պետք է ավելի խոհեմ լինենք, կանխատեսենք, գիտականորեն եւ գործնականորեն ծրագրեր իրականացնենք այս խնդիրները լուծելու համար»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել