HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նախարարն անձամբ է զբաղվում այդ հարցով»

Բնապահպանության նախարարության աշխատակիցը հավատացնում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին իրենք ծանոթ են 

Երեկ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը համատեղ ասուլիսում նշեցին, որ այցելել են  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց:

Այն նախկինում ծածկված է եղել 2 մետր հաստությամբ հողով, սակայն հիմա ամբողջովին բացված է, երեւում են թունաքիմակատներով լի պարկերը, տակառները: Անդրադառնալով այս խնդրին` բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն ասաց, որ իրենք խնդրին ծանոթ են, բայց մանրամասները դեռ չգիտեն, քանի որ «դրանով զբաղվում է թափոնների վարչությունը»: «Նախարարն անձամբ գնում է, տեղյակ է և զբաղվում է այդ հարցերով»,- հավաստիացրեց նա:

Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ Հայաստանում մի քանի այդպիսի լքված գերեզմանոցներ կան, որոնք «ոչ ոքին են» ու ոչ մի վերահսկողություն չկա դրանց վրա: «Եվ այս պարագայում «Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ն է այդ հարցը քանի տարի բարձրացնում: Նրանք գնում են, միջազգային կառույցների են հրավիրում: Ընդ որում` այնտեղ սողանք է բավական վտանգավոր: Այս կազմակերպությունը հասավ նրան, որ ի վերջո պատկան մարմիններն էլ հետաքրքվեցին, աշխատանքներ արվեց անցյալ տարի, գերեզմանոցը պարսպապատեցին»:

Սակայն, ինչպես նշում է Կ. Դանիելյանը, ընդամենը մի ամիս առաջ հ/կ-ի ներկայացուցիչները գնացել և տեսել են, որ թունաքիմիկատների գերեզմանոցը «տրակտորով մտել ու քանդել են», ամբողջ թույնը վերև է դուրս եկել: «Բայց ոչ ոք չի մտահոգվում: Այստեղ համակարգի խնդիր կա, համագործակցության խնդիր կա: Դա Երևանի տարածքն է, բայց ոչ ոք տեղյակ չէ: Դա մեծ վտանգ է: Լուրջ վտանգ է ջրերի լրիվ աղտոտումը` մակերեսային և ստորգետնյա ջրերի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter