Ականները հայտնաբերված են
Հունիսի 2-ին, Սիրահարների զբոսայգում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակցում էին 9 թիմ, որոնց պատրաստած ռոբոտը պետք է գտներ հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեր վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
Քանի որ ոչ մի թիմ մինչև վերջ չկատարեց իր առջև դրված խնդիրը, ժյուրին որոշեց հանձնել երրորդ տեղի 2 մրցանակ: Երրորդ տեղ զբաղեցրեցին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ‹‹Էրիկտա›› և Ռուս-Հայկական Պատական Համալսարանի /Սլավոնական/ ‹‹Սայբեր Ռաու›› թիմերը, որոնք ստացան 100.000-ական դրամ: Մյուս 7 թիմերը ստացան խրախուսական մրցանակներ` 40.000-ական դրամ:
Այս տարի նախատեսվում է անցկացնել նաև «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթը, ինչպես նաև տեղի կունենան ռոբոտների ցուցադրություններ Երևանի տարբեր հատվածներում, ՀՀ մարզերում: Ցուցադրություններին կմասնակցեն նախորդ մրցույթներին մասնակցած ռոբոտները, կներկայացվեն ռոբոտոտեխնիկային վերաբերող միջազգային մրցույթների մասին պատմող ֆիլմեր: Համալսարաններում և դպրոցներում կանցկացվեն նաև տեղեկատվական սեմինարներ:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել