HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ երկրների 6-րդ «Դելփյան խաղերը» կանցկացվեն Հայաստանում

Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերը», որոնք նվիրված կլինեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: ԱՊՀ շրջանակներում «Դելփյան խաղերը» սկսել են անցկացվել 2002 թ.-ից` ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից 2001 թ.-ին Մոսկվայում ստորագրված «ԱՊՀ մասնակից երկրների մինչև 2005 թ. մշակույթի ոլորտում հիմնական միջոցառումների մասին» որոշման հիման վրա: Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը` ԱՊՀ Գործադիր կոմիտեն կազմավորել է ԱՊՀ երկրներում «Դելփյան խաղերի» աջակցման և կազմակերպման աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մշտապես մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: ԱՊՀ երկրների առաջին Դելփյան խաղերը կայացել են 2002 թ. Բրյանսկում (ՌԴ): Խաղերին մասնակցել է ԱՊՀ 11 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: ՀՀ-ն ներկայացնող 8 մասնակիցները նվաճել են 4 մեդալ (2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե) և թիմային հաշվարկով զբաղեցրել 3-րդ տեղը: «Դելփյան խաղերի» պատմությունը սկիզբ է առնում մ.թ ա. 582 թ.-ից և կապված է վիշապ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակի հետ: Խաղերը հիմնականում անցկացվել են Ապոլոնի գլխավոր սրբավայր համարվող Դելփյան տաճարի մոտ, այդ իսկ պատճաառով ստացել են «Դելփյան խաղեր» անունը: «Դելփյան խաղերի» մասին հիշատակություններ ունեն Պլուտարքոսը, Օվիդիոսը, Հերոդոտոսը, Ստրաբոնը: «Դելփյան խաղերի» վերելքի նոր շրջանը սկսվել է 20-րդ դարում: 1927 թ. սկսած և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Հունաստանը վերականգնում է «Դելփյան խաղեր» անցկացնելու ավանդույթը և այն կազմակերպում 3 տարին մեկ անգամ` անտիկ դարաշրջանի խաղերի ստույգ նմանությամբ: «Դելփյան խաղերի» նոր դարաշրջան է սկսվել միայն 2000 թ., երբ 27 երկրների (Բելառուս, Վիետնամ, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան, Ղրղզստան, Լիտվա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Սենեգալ, Սլովենիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Շվեյցարիա, Էստոնիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) մասնակցությամբ կայացան առաջին համաշխարհային «Դելփյան խաղերը»: Խաղերում ներկայացված 18 անվանակարգերում հանդես է եկել 938 մասնակից, իսկ ժյուրիի կազմում ընդգրկվել են 13 երկրի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության կայքը, այս տարի հայաստանյան «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter