Հայերն արդեն երկրորդ էթնոսը չե՞ն Վրաստանում
ԿԳ նախարարը Վրաստան կատարած այցի մանրամասները պատմել է բլոգերներին
Այսօր ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայ բլոգերներին հետաքրքրում էր նաև օրերս նախարար Արմեն Աշոտյանի` Վրաստան կատարած այցելության հետ կապված մանրամասներ, որոնք բուռն քննարկման նյութ էին դարձել հատկապես ինտերնետային սոցիալական ցանցերում: Նախարարը նշեց, որ մինչ այցելությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ջավախքահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ջավախքահայության հիմնախնդիրներով զբաղվող պատգամավորների հետ և քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Նախարարն այս խնդրի վերաբերյալ ձևակերպեց երկու հիմնական նպատակ. նախապայմաններ ստեղծել հայապահպանության համար և նպաստել ջավախքահայության ինտեգրմանը վրացական հասարակություն, որոնց ուղղությամբ էլ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
«Ես բարձրացրել եմ ջավախքահայության իրավունքների հետ կապված հարցեր, որովհետև վրացերենին չտիրապետելու պատճառով նրանք այդ հնարավորությունները չեն ունեցել: Սա է պատճառը, որ ես իմ վրաց գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական դպրոցներում հատկապես վրացերենի դասավանդման խիստ ցածր մակարդակի վրա, և իրենք կիսեցին այդ մտահոգությունը և խոստացան ավելի ուշադիր լինել մանակավարժական կադրերի գործուղման հարցում»,- նշեց նախարարը և ավելացրեց. «Ինչ վերաբերում է շահարկվող հայտարարությանը, ապա այն եղել է` ի պատասխան ուսանողի տված հարցին և մեկնաբանվել է հիմնական մտքի կոնտեքստից դուրս»,-նշեց նախարարը` մասնակիցներին տեղեկացնելով, որ մեր հայրենակիցների թիվը Վրաստանում պակասում է հիմնականում արտագաղթի պատճառով, և երկու տարի առաջ փոխվել է նաև ժողովրդագրական վիճակն այն առումով, որ հայերն արդեն երկրորդ էթնոսը չեն Վրաստանում:
«Ամենահեշտ բանն է խոսել խիստ պահաջատիրական մոտեցումներով և իրականությանը ծանոթ չլինել, չնպաստել առկա խնդիրների լուծմանը, չորոնել ճանապարհներ, որոնցով կարելի է շրջանցել եղած պատնեշները, այդուհանդերձ լուծումներ տալ: Ամենահեշտ բանն է դիմացինին ներկայացնել իրենց կողմից չընդունվող պահանջներ և վերադառնալ Հայաստան ու ասել, որ Թբիլիսիում խիստ ազգայնականի կամ հայրենասերի կեցվածքով հանդես եկա, ու թողնել այդ խնդիրը չլուծված ևս մի քանի տարի: Իմ մտահոգությունները բուն խնդիների լուծման դաշտում են»,- նշեց նախարարը և հավելեց, որ հայկական դպրոցների դասագրքերի հայերեն թարգմանության որակի հետ կապված խնդիրների լուծման նպատակով վրացական կողմին առաջարկվել է խմբագրական և սրբագրական աշխատանքներն իրականացնել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի միջոցով, իսկ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի որոշակի բաղադրիչներ իրականացնել նաև Վրաստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել