HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Արագընթաց կապ իշխանության հետ Երեկ առավոտյան, 10:30-ի սահմաններում, թերթն ականատես է եղել, թե ինչպես Հանրային խորհրդի և ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Աբովյան փողոցում, ԱԺՄ գրասենյակից դուրս գալուց, իր վարորդի հետ միասին փողոցն անցավ հետիոտնի համար չնախատեսված վայրում և նստելով վերջերս իրեն տրամադրված ծառայողական «Նիսան» մակնիշի ավտոմեքենան` մեկնեց նշված վայրից: «Առավոտի» տեղեկություններով` ավտոմեքենայի համարանիշները պատկանում են նախագահի աշխատակազմին: Այս շքեղ մեքենան տրամադրվել է, հավանաբար, հանրային կարծիքը իշխանություններին ավելի արագ հասցնելու համար: Վճռաբեկը չընդունեց ՀՀ վճռաբեկ դատարանն իր ապրիլի 30-ի որոշմամբ հրաժարվել է վարույթ ընդունել «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանների և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Համապատասխան որոշումը Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ստացել են երեկ: Փաստաբանները վճռաբեկից պահանջել էին բեկանել Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան: Դատախազությունը բողոք էր ներկայացրել` պահանջելով քաղբանտարկյալին յոթ տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ավելի խստացնել: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը թերթի թղթակցին ասել է, որ իրենք հենց այդպես էլ կանխատեսել են, որ վճռաբեկը կհրաժարվի վարույթ ընդունել: «Մենք շատ կզարմանայինք, եթե վճռաբեկն այլ որոշում կայացներ և օրենսդրությամբ առաջնորդվեր»,- ասել է փաստաբանը: Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի գործով արդեն Եվրադատարան է ուղարկվել նախնական գանգատը: Առաջիկայում ԵԴ կուղարկվի նաև քաղբանտարկյալի հիմնական գանգատը: Հայրենի օդը` 1. 500 դրամով Հայրենիքի օդը վաճառվում է ձկան պահածո հիշեցնող մետաղյա տուփերում` 1 .500 դրամով: Թե ում գլխում է հղացել այս հանճարեղ գաղափարը, թերթն առաջիկայում կպարզի: Իսկ այսպիսի տուփերի կարելի է հանդիպել «Զվարթնոց» օդանավակայանում և Վերնիսաժում, որտեղ այս օրերին շատ են զբոսաշրջիկները: Թերթի դիտարկումներով` ֆինասատնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաև հայկական հուշանվերներ և հայկական զարդանախշերով արծաթե իրեր վաճառող ձեռներեցների վրա, որոնք մոտ 20 տոկոսով էժանացրել են գները` հուրախություն զբոսաշրջիկների: Դաշնակները «ձեռ ու ոտ են ընկել» «ՉԻ» իրազեկ աղբյուրների տեղեկացմամբ` Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջին շրջանում ամենատարբեր պատրվակներով հաճախ է հանդիպում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում Մարգարյանը բոլոր տիպի խոսակցությունները շրջում է իրեն հարմար ուղղությամբ` տարբեր օրինակներով մարդկանց բացատրելով, թե ինչ լավն էր Ռոբերտ Քոչարյանը, և ինչքան վատն է Սերժ Սարգսյանը: Երբ նրան ուղիղ հարց են տվել, թե դուք դուրս կգա՞ք Սերժ Սարգսյանի դեմ, պատասխանել է` առայժմ ոչ: Թե երբ ՀՅԴ-ն ձեռք կբերի համապատասխան համարձակությունը` ընդդիմության իրական առաքելությունը կատարելու համար, դժվար է ասել: Բայց փաստ է, որ կասկածելի անցյալ ունեցող այդ կուսակցությունը շարունակում է հիացած մնալ սպանելուց հաճույք ստացող Քոչարյանով: Դաշնակներն անասելի վիրավորված են, որ Քոչարյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազգի» հարցին - Պարոն Քոչարյան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մի շարք պնդումներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արդյոք հիմնավորվա՞ծ են այդ պնդումները: - Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները և ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից և գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: «Անշլագային» պայմաններում «Հետաքրքիրն այն է, որ ԵԽԽՎ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող նախագծի քննարկման ժամանակ, երեկոյան 7.30-ին, դահլիճում մոտ 90 պատգամավոր կար, ինչն աննախադեպ երևույթ էր վեհաժողովի համար. այդպիսի բուռն, կրքոտ քննարկումներ, այդպիսի աջակցություն հոմոսեքսուալիստներին` իսկապես, դժվար էր պատկերացնել: Բնականաբար, մեր պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին: Ի դեպ, երբ զեկույցը քննարկվել է սոցիալիստների խմբակցության նիստում, Արմեն Ռուստամյանը և Սամեդ Սեիդովը դեմ էին քվեարկել այդ նախագծին, և Ս. Սեիդովն առաջարկել էր արձանագրել, որ այս հարցում կա համերաշխություն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև: Բայց ինձ այս ամբողջ պատմության մեջ ամենից շատ զայրացրեց այն ուրախությունը, այն հրճվանքը, այն աժիոտաժը, որ տիրում էր նիստերի դահլիճում, որտեղ նույնիսկ քաղաքական առումով ամենահրատապ խնդիրների քննարկումն այդպիսի «անշլագային» պայմաններում չի անցնում»,- թերթի թղթակցին պատմեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter