ԵԱՀԿ-ն աջակցում է դատական և քրեական արդարադատության բարեփոխումներին Հայաստանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը հանդիպել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ` քննարկելու արդարադատության համակարգի բարեփոխումները` ներառյալ վերջերս ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված դատավարությունների դիտարկման մասին զեկույցում ամփոփված առաջարկների իրագործումը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դատավարությունների դիտարկման մասին զեկույցի առաջարկների, որոնք վերաբերում են նաև մինչդատական վարույթին, շուրջ աշխատանքային հանդիպում էր տեղի ունեցել նաև ապրիլի 27-ին: Մարտին ԺՀՄԻԳ-ը հրապարակել էր զեկույց Երևանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ:
Կապինոսը բարձր է գնահատել գլխավոր դատախազի կառուցողական մոտեցումը առաջարկներին. «Մենք շատ ուրախ էինք իմանալ, որ ԺՀՄԻԳ զեկույցի առաջարկների մի մասը անմիջապես ընդունվել է և հասկանում ենք, որ որոշ առաջարկներ ժամանակ են պահանջում իրականացնելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Վճռաբեկ դատարանի ջանքերին»:
Աղվան Հովսեփյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ աջակցությունը` թերությունները բացահայտելու և համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ` օգնելու Հայաստանում օրենքի գերակայության և արդարադատության համակարգի արդյունավետության առաջընթացին: Հուսով ենք նաև առաջիկայում աջակցություն կտրամադրվի` բարձրացնելու ընթացիկ բարեփոխումների արդյունավետությունը. արդեն նախատեսվում են որոշ գործողություններ` զեկույցի առաջարկների իրականացման ուղղությամբ»:
Դեսպան Կապինոսը բարձր է գնահատեց ՀՀ դատախազության ձեռնարկած գործողությունները` հետաքննելու ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանի` ոստիկանության բաժանմունքում արգելանքի տակ գտնվելու ժամանակ մահվան դեպքի հանգամանքները: Նա նաև ողջունել է գլխավոր դատախազի երաշխավորած նախաձեռնությունը ուսումնասիրել լրագրողների նկատմամբ բռնությունների մասին բողոքներ ներառող դեպքերը, ինչպես նաև բարձրացնելու դատախազության դերը ոստիկանության պատասխանատվության մեխանիզմներում, որը նաև ԵԱՀԿ աջակցությամբ վերջերս հրապարակված զեկույցում դիտարկվող խնդիրներից է:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է ՀՀ դատախազությանը` կատարելագործելու վեբ կայքը` խթանելու ինտերակտիվ հաղորդակցությունը և օգնելու կայքից օգտվողներին տեղեկատվություն ձեռքբերել ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մասին: ԵԱՀԿ գրասենյակը նաև աշխատում է դատախազության հետ` քրեական տեղեկատվության հավաքագրման կատարելագործման հնարավոր կարիքները գնահատելու, և վերլուծություն իրականացնելու նպատակով կկազմակերպի Գոթինգեմի քրեական իրավունքի համալսարանի միջազգային փորձագետի այցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել