Դատական նիստն անցավ առանց պատասխանող կողմի ներկայության
Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով նախնական երկրորդ դատական նիստը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը չէր ներկայացել նիստին: Հայցվոր կողմը ներկայացնող Խաչիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ նիստում հայցին կցվել են ապացույցները, և այժմ ինքն ավելացնելու բան չունի:
Նշենք, որ 2010թ. հունվարի 29-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԲՆ-ի` խնդրելով պարտավորեցնել վերջինին դիմել վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: Այդ կնիքների արտադրամասը չի անցել բնապահպանական փորձաքննություն:
ԲՆ պետական տեսչությունը չի ձեռնարկում քայլեր`հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2009թ մայիսի 29-ի թիվ 594 որոշումը, ըստ որի` մինչև 2011թ. հունվարի 1-ը չի կարող իրականացնել ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Բայց հայցվոր կողմը պնդում է, որ Բնապահպանական տեսչությունը կարող է իրականացնել ստուգումներ անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության դեպքերում` վարչապետի գրավոր համաձայնությամբ:
Դատական հաջորդ նախնական նիստը նշանակվել է մայիսի 24-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել