
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի այցելի Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի
Այս մասին հայտնի է դարձել ապրիլի 18-ին` Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տիգրան քահանա Մխիթարյանի հրավիրած հավաքի ժամանակ:
Հավաքը կազմակերպվել էր Ախալցխայի հայ բնակչությանը Գարեգին Բ-ի` հունիսին նախատեսված այցի մասին տեղեկություններ տրամադրելու և այցին նախապատրաստվելու նպատակով:
Տիգրան քահանայի` Վեհափառի այցելության ծրագրի մանրամասները ընթերցելուց հետո հավաքին ներկա Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր պետական մարմիններում աշխատող անհատների և մտավորականների շրջանում վրդովմունք է առաջացել:
«Ախալցխայի վերածնունդ» կայքը հայտնում է, որ հավաքի մասնակիցները դժգոհություններ են արտահայտել առ այն, որ եթե կաթողիկոսը չայցելի Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, նրա այցելությունը Սամցխե-Ջավախք կիմաստազրկվի:
Հիշեցնենք, որ Սուրբ Նշանը Վրաստանի տարածքում վիճելի համարվող հայկական եկեղեցիներից մեկն է, որը մինչ օրս չի վերադարձվել Հայ առաքելական եկեղեցուն:
Հավաքի մասնակիցները նաև նշել են, որ արդեն 20 տարի է` ախալցխացիներին անընդհատ խաբում են, թե ուր որ է հարցը կլուծվի, սակայն մինչ օրս էական տեղաշարժ չի գրանցվել Սուրբ Նշան եկեղեցին վերադարձնելու գործում:
Մեկնաբանել