
2007 թվականի օգոստոսի 30-ին բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի գործով Վերաքննիչ դատարանը ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը թողել է ուժի մեջ, որով արդարացվել են մեղադրյալներ, զորամասի կապի հանգույցի պետ, կապիտան Ռոստոմ Խաչատրյանը եւ ենթասպա Կարեն Թովմասյանը: Տիգրանի ծնողները «Հետքին» տեղեկացրին, որ մեղադրող դատախազը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել այս որոշման դեմ` պահանջելով գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Տիգրանի մահվան պատճառը մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Սակայն ծնողները մշտապես պնդում են, որ իրենց որդուն սպանել են: 2009 թվականի օգոստոսի 26-ին Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում կատարվել է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն, որի ընթացքում պարզվել է, որ զորամասի ալեհավաքում առկա էլեկտրական լարումը ընդամենը 30 վոլտ է:
Այդ պատճառով էլ Տիգրանի ծնողները շարունակում են պնդել, որ իրենց որդին չի հոսանքահարվել, քանի որ 30 վոլտ լարումից մարդ չի կարող մահանալ:
«Այդ երկուսին մեղադրում են հոսանքահարության պատճառով, բայց եթե տղաս չի հոսանքահարվել, ինչո՞ւ են նրանց դատում, ինչո՞ւ է դատախազությունը ուզում պատժել նրանց, որովհետեւ իրական մարդասպանը մեջք ունի, իսկ այս երկուսը հասարակ մարդիկ են»,- կարծում է Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը:
Վճռաբեկ դատարանը գործի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել