HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արթուր Ղազարյան. «Հիմա Հայաստանում ճնշում են ծախում»

Փորձագետները առաջարկում են կիրառել արգենտինական «Halleypump» ծրագիրը Գազի սարքավորումների փորձագետ Արթուր Ղազարյանը և նրա հրավերով Հայաստանում գտնվող, արգենտինական «Էֆիքուալ» ընկերության տեխնիկական տնօրեն Ալդո Դամոնտեն շրջել են Հայաստանի բոլոր գազալցակայանների մոտ 70 %-ում: Նրանք համեմատել են Հայաստանի և Արգենտինայի գազալցակայանները: Արգենտինան աշխարհում այս առումով առաջատար երկիրն է. այն իր տարածքում արդեն իսկ 4000 գազալցակայան ունի: Հավանաբար հաջորդ շաբաթ Արթուր Ղազարյանը և Ալդո Դամոնտեն կդիմեն ՀՀ կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը` առաջարկելով Հայաստանում ներդնել արգենտինական «Halleypump» ծրագիրը, որը, բանախոսների համոզմամբ, կբարելավի համակարգի վիճակի: Մեր տարածաշրջանում ամենագազաֆիկացված երկիրը Հայաստանն է, որը դեռ չի կիրառում այդ ծրագիրը: Իսկ Ղրղըզստանը փորձում է անցնել արգենտինական փորձի կիրառմանը: Ալդո Դամոնտեի խոսքերով` Հայաստանում գազի լիցքավորման հարցում առաջնային է անվտանգության խնդիրը: «Համակարգը պետք է աշխատի 200 մթնոլորտային ճնշման տակ: Բայց Հայաստանում գործածում են 300 մթնոլորտային ճնշում»,- ասաց նա: Արգենտինայում 200 մթնոլորտային ճնշումից ավելի գազ լցավորելու դեպքում նախատեսված են տուգանքներ և գազալցակայանի աշխատանքի կասեցում` տարբեր ժամկետներով, իսկ 4-րդ անգամ խախտումը անելու դեպքում գազալցակայանը ընդհանրապես կփակվի: Հայաստանում ևս կառավարության 28.10.2008 թ. 10 01 N որոշմամբ արգելվում է 200 մթնոլորտային ճնշումից բարձր լիցքավորումը, սակայն շատ գազալցակայաններ խախտում են այս որոշումը: Արթուր Ղազարյանի խոսքերով` գազալցակայանները շատ են ճնշում լցավորում, որպեսզի իրենց ծառայություններից ավելի շատ ավտոմեքենաներ օգտվեն. սա բիզնես է: «Հայաստանում վարորդը վճարում է գումար լցավորման համար, բայց չգիտի` որքան գազի համար է վճարում: Մի հատ մանոմետր է դրված, որը երբ հասնում է 200 կամ 250 մթնոլորտ, փակում հանում են: Ենթադրենք` նույն ավտոմեքենայի բալոնում լցավորում ենք 100 մթնոլորտային ճնշում գազ և այդ բալոնը տաքացնում ենք: Ճնշումը կբարձրանա մինչև 250 մթնոլորտ: Գազալցակայանը կարող է ջերմաստիճանի բարձրացման միջոցով վարորդին խաբել. ջերմաստիճան բարձրացնելով` ավելի քիչ են գազ լցավորում ավտոմեքենան: Հիմա Հայաստանում ճնշում են ծախում»,- ասաց Արթուր Ղազարյանը: Նա նշեց, որ եթե «Halleypump» ծրագիրը կիրառվի գազալցակայանում, ապա անկախ նրանից, թե գազալցակայանը որքան է բարձրացնում ջերմաստիճանը, սարքը կֆիքսի միայն ավտոմեքենա ռեալ լցավորված գազը: Այսինքն` վարորդը կիմանա, թե ինչի համար որքան վճարեց, «ոչ թե աչքաչափով գումար կվճարի»: Ծրագրի կիրառման դեպքում, ենթադրենք, նույն 200 մթնոլորտյին ճնշման լիցքավորման դեպքում վարորդը կվճարի մի քանի հարյուր դրամ պակաս: Արթուր Ղազարյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում կան գազալցակայաններ, որոնք աշխատում են թույլատրելի ջերմաստիճանի տակ: «Օրինակ` արգենտինական տարբեր ընկերություններ Հայաստանում ունեն մոտ 14 գազալցակայան: Եթե նույնիսկ այդ գազալցակայանների սեփականատերը ցանկանա գազի ջերմաստիճանը բարձրացնել, չի կարող ուղղակի. գազալցակայանը մի անգամից անջատվում է, ու բոլոր փականները փակնում են, այսինքն` ոչ մի տեղից գազ ոչ մի կողմ չի կարող գնալ»,- ասաց Արթուր Ղազարյանը: Արթուր Ղազարյանը և Ալդո Դամոնտեն ՀՀ կառավարությանը առաջարկներ են ներկայացնելու նաև Արգենտինայում կիրառվող լցավորման աշտարակների վերաբերյալ, որը նրանց հիմնական նպատակն է: «Արգենտինայում կա «Էներգոգազ» տեսչություն, որը հսկում է Արգենտինայի բոլոր գազալցակայանները: Այս ծրագիրը թույլ է տալիս հսկել բոլոր գազալցակայանները լցավորման պահին, այսինքն` նույն հարկային մարմինները էլ չեն գնում ինչ-որ փաստաթղթերի հետևից, թե որքան գազ ծախեց, որ ըստ դրա` հարկ մուծի: Ծրագրով ամեն գազալցակայան համարակալված է: Ծրագիրը թույլ է տալիս ինտերնետի միջոցով հենց տեղում ինֆորմացիան փոխանցել Հարկային: Սա այն է, ինչ մեր կառավարությունը տարիներ է, խոսում է, բայց ոչինչ չի անում: Գազալցակայանի համարը խփելով համակարգչի մեջ` մի անգամից ինքը ստանում է, թե այդ պահին կամ մեկ օրվա, մեկ տարվա կտրվածքով որքան գազ է վաճառվել և ինչ ճնշմամբ, այսինքն` ցանկացած խախտում ինքը ֆիքսում է, հսկում է նույնիսկ ճնշակի աշխատանքից մինչև լցավորում: Այս ծրագիրը մենք առաջարկելու ենք իրագործել նաև Հայաստանում: Կիրագործեն, թե չէ` չենք կարող ասել»,- ասաց Արթուր Ղազարյանը: Նրա խոսքերով, սակայն, եթե Հայաստանում ստեղծվի գազալցակայանները ստուգող տեսչություն, ապա դարձյալ չենք կարող բացառել մարդկային գործոնի դերը: «Ո՞վ է վստահ, որ այդ տեսուչը չի գնալու, այդ գումարը վերցնի ու գրի` «նորմալ է», հետ գա, այսինքն` աչքերը փակեն, էլի թողնեն, որ շատ լցավորվի: Իսկ համակարգի միջոցով դա բացառված է: Ավելի լավ է սարքավորումների միջոցով այդ ամենը հսկի թեկուզ նույն նախարարությունը, քան մարդկային գործոնի վրա թողնենք»,- ասաց փորձագետը: Նրա խոսքերով` նմանօրինակ համակարգի ներդրումը Հայաստանում մեկ գազալցակայանի համար կարժենա 2600 դոլար, և տեղական տնտեսվարողները կարող են նման ծախս անել: Արթուր Ղազարյանի խոսքերով` իրենք կազմել են ծրագիր, թե ինչպես կարելի է համակարգը կիրառել փուլ առ փուլ` մեկ տարվա ընթացքում: Մեկ այլ խնդիր է այն, որ Հայաստանում ընդունված է ավտոմեքենան լիցքավորել հետնամասից. այստեղ է տեղադրված բալոնը: Մինչդեռ շատ երկրներում ավտոմեքենաները լիցքավորվում են առջևից: «Բալոնը հետևի մասում է, իսկ լցավորովող գազը խողովակով գնում է դեպի շարժիչ: Արգենտինայում շարժիչի մասից է լցավորում իրականացվում: Այն մահացու դեպքերը, որ Հայաստանում տեղի են ունեցել պայթյուններից, կարող էին չլինել, եթե լցավորում իրականացվեր ավտոմեքենայի դիմացի մասից, քանի որ լցավորման ժամանակ պայթած բոլոր ավտոմեքենաների առջևի մասը նորմալ վիճակում է եղել: Ավտոմեքենայի հետնամասը ընդհանուր չկա` լրիվ պայթել է, իսկ դիմացի մասին ոչինչ չի եղել»,- ասաց Արթուր Ղազարյանը: Բանախոսները նշեցին, որ վերջին 20 տարում Արգենտինայում 5 ավտոմեքենա է պայթել: Մինչդեռ Հայաստանում միայն 2008-2009 թթ.-ին մոտ 18 ավտոմեքենա է պայթել` նաև ողբերգական հետևանքներով: Արթուր Ղազարյանը տեղյակ է առնվազն 2 մահվան դեպքի մասին: «Վերջին ամսում, փառք Աստծու, պայթյունները պակասել են Հայատանում: Բայց կա մի վտանգ, որը անխուսափելի է: Այդ բալոնները արդեն իսկ որոշ ժամանակ լցավորվել էին 250-280 մթնոլորտային ճնշում. հիմա դրանք վտանգավոր են մաշվածության տեսանկյունից: Դրա համար եթե մենք կարողանանք շատ արագ լցավորման այդ սիստեման տեղափոխել ավտոմեքենայի դիմացի մասից, կփորձենք շատ մեծ վտանգ կանխել: Այսինքն` նույնիսկ եթե պայթի, ռիսկայնությունը կնվազի: Հայաստանում ֆիրմային շատ բալոններ են պայթել, նույնիսկ իտալական»,- ասաց Արթուր Ղազարյանը: Նա նաև նշեց, որ այժմ Հայաստանի գազալցակայաններում հաշվիչներ են տեղադրվում, բայց հնարավորություն չկա ստուգելու, թե արդյոք տվյալ հաշվիչը ճշգրիտ է աշխատում: Արթուր Ղազարյանի խոսքերով` գազալցակայանների տերերը վախենում են խնդիրը բարձրաձայնելուց: Իսկ գազալցակայանում տեղադրել, օրինակ, Ռուսաստանից գնված ու պետստանդարտ անցած հաշվիչ` գազալցակայանի տերերին թույլ չեն տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter