Գյուլումյանը հրաժարվում է ցուցմունք տալուց
Իսկ Խալաֆյանի երկու ընկերներն այլևս Հայաստանում չեն
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ստուգվում են նաև գողություն կատարելու կասկածանքով Վ. Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված Ա. Իսպիրյանի, Շ. Մարկոսյանի և Դ. Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում ապրիլի 13-ին բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:
Ըստ ՀՔԾ մամլո ծառայության` իրենց բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում պահելու վերաբերյալ Ա. Իսպիրյանին, Շ. Մարկոսյանին և Դ. Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ դեռևս ապրիլի 19-ին:
Հարցաքննության ընթացքում Շ. Մարկոսյանը և Ա. Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Դ. Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Ա. Իսպիրյանը, Շ. Մարկոսյանը և Դ. Գյուլումյանը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ՝ նրանք դատաբժիշկների մոտ ևս հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվել:
Հաշվի առնելով, որ մայիսի 3-ին և 4-ին մամուլում վերստին եղել են հրապարակումներ առ այն, որ Դ. Գյուլումյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ վկայակոչելով նրա հարազատներին, ապա քննիչը նախօրեին կրկին առաջարկել է Դ. Գյուլումյանին տալ ցուցմունքներ՝ ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում պահվելու և հնարավոր կիրառված բռնությունների հանգամանքների վերաբերյալ: Սակայն վերջինս կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահելու համար Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին գրավոր դիմել է ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Ա. Իսպիրյանին, Շ. Մարկոսյանին և Դ. Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարցումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ Ա. Իսպիրյանին, Շ. Մարկոսյանին և Դ. Գյուլումյանին տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու համար:
Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ից մայիսի 3-ին ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ վերոնշյալ անձանց մարմինների վրա մարմնական վնասվածքներ չեն եղել և գրավոր կամ բանավոր հայտարարություն չեն ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների վերաբերյալ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխան դեռևս չի ստացվել:
«Ինչ վերաբերում է նույն գողության գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանին և Արայիկ Առաքելյանին, ապա Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2010 թվականի ապրիլի 15-ին և քրեական գործի նյութերում այդ պահի դրությամբ որևէ տեղեկություն չի եղել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված, այնուհետև ազար արձակված անձանց վերաբերյալ: Հետագայում է պարզվել, որ այդ անձինք հանդիսանում են Չարենցավան քաղաքի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը 2010 թվականի ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը 2010թ. ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանի Հանրապետությունից: Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական»,- նշված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել