Կանխել են թմրանյութերի և մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներկրումը
Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութերի, զարդերի և այլ ապրանքների մաքսանենգության դեպքեր են հայտնաբերել հանրապետության տարբեր սահմանային կետերում և շրջանցիկ ճանապարհներին: Թմրանյութերի դեպքերը բացահայտվել են Մեղրիի մաքսակետում` օպերատիվ տեղեկությունների հիման վրա:
Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Հոսսեինին փորձել է ներմուծել մոտ 7 գրամ ափիոն, որը վերջինս թաքցրել էր կոշիկի կրունկի մեջ: Ափիոն է փորձել ներմուծել նաև Թեհրան-Երևան երթուղով ժամանած ԻԻՀ մեկ այլ քաղաքացի` Աֆշար Հեյդարկոլին, ով մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց ընտրել էր մաքսային հսկողության կանաչ ուղին: Սակայն մաքսավորները ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերել են մոտ 33 գրամ ափիոն, որը նա թաքցրել էր դրամապանակի մեջ:
Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցված զարդեր. Գոգավան-Պրիվոլնոե մաքսակետում` Թբիլիսիից ժամանած Ֆորդ-տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի զննման ընթացքում պարզվել է, որ ուղևորներ Լյուդմիլա Շահնազարյանը և Կարինե Ավետիսյանը փորձել էին առանց հայտարարագրման ներկրել մոտ 27 կգ զարդեր:
Օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրավախախտման դեպք է բացահայտվել նաև Բավրայի մաքսակետը շրջանցող ճանապարհի վրա. մաքսավորներն այնտեղ հայտնաբերել են դաշտում թափված մոտ 700 մանկական խանձարուր` շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով: Նույն` Սարագյուղ-Բավրա շրջանցիկ ճանապարհին, «ՈւԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի զննման ժամանակ, պարզվել էր, որ նրանում առկա է թուրքական արտադրության 57 արկղ` ավելի քան 8000 հատ շոկոլադե խաղալիք, որոնք ավտոմեքենայի վարորդը ներմուծել էր Վրաստանից` շրջանցելով Բավրայի մաքսակետը:
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն իրավախախտման մեկ այլ դեպք են արձանագրել Բագրատաշենի մաքսակետում` ՌԴ արտահանվող ապրանքներով բեռնված Կամազ մակնիշի ավտոմեքենայի մաքսային զննման ժամանակ: Պարզվել էր, որ ավտոմեքենայի` ավելի քան 22 տոննա քաշը չի համապատասխանում մինչ այդ Ապավեն մաքսային պահեստում կշեռքի արձանագրած տվյալներին. պահեստում ավտոմեքենան կշռել էր մոտ 13 տոննա: Այսինքն, առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու, իրավախախտները պահեստից մինչև մաքսակետ ճանապարհին ավտոմեքենան 10 տոննայով ավել բեռ էին բարձել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել