Դանակը «մաքուր» է
Թերթի ունեցած տեղեկություններով, ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց հետո մահացած Վահան Խալաֆյանի սպանության գործիք հանդիսացող դանակի վրա նրա մատնահետքերը չեն հայտնաբերվել: ՀՀ ՀՔԾ-ից թերթի թղթակցին երեկ ասել են, որ Վահան Խալաֆյանի գործով արդեն ստացվել են դատամատնադրոշմային և դատահետքաբանական փորձաքննությունների եզրակացությունները` առանց հստակեցնելու, թե փաստաթղթերն ինչ են փաստում:

Բայց թերթի տեղեկություններով` դանակի վրա, որով իբր Խալաֆյանն ինքնասպան է եղել, ոչ միայն նրա, այլ ընդհանրապես պիտանի ոչ մի մատնահետք չի հայտնաբերվել: Այսինքն` ինչ-որ մեկն այն մաքրել է: Կարող ենք արձանագրել, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, թերևս, ստիպված է լինելու ևս մեկ անգամ ներողություն խնդրել այս անգամ կոնկրետ Խալաֆյանի հարազատներից:
Երիտասարդի խոշտանգված լինելու մասին սուտ հայտարարություն անելուց հետո ոստիկանապետը, ներողություն խնդրելով, կրկին պնդեց, որ երիտասարդն ինքնասպան է եղել: Այժմ նա պետք է պարզաբանի, թե այդ դեպքում ով է մաքրել դանակի մատնահետքերը և ինչու:
Արդեն երթևեկելի է
Իջևան-Դիլիջան միջպետական ճանապարհն արդեն երթևեկելի է: Հիշեցնենք, որ 22 օր առաջ Տավուշի մարզում սողանքի հետևանքով փլուզվել էր մայրուղու 117-րդ կմ-անոց հատվածը` Հովք գյուղի մոտ: Շինարարական աշխտանքներին խանգարում էր չընդհատվող անձրևը, թեև շինաշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, ճանապարհը բաց է ու անվտանգ: Ներկայումս ճանապարհահատվածում կատարվում է խճապատում և լիցք:
Ալիկը «նեղն է ընկել»
Հանրային հեռուստաընկերությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ այն օրից, երբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը ոտք դրեց Հ1, Ալիկ Հարությունյանի «գործերը սկսեցին վատանալ»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Հարությունյանին Ֆարմանյանն ասել է, որ ինքը Հ1 է եկել ոչ միայն «Հայլուրի» պատասխանատու, այլ նաև ոլորտի վերահսկիչ: Այսինքն` նախագահական նստավայրի կողմից արված մոնիթորինգի համաձայն, Ալեքսան Հարությունյանը մինչև այսօր այնքան էլ արդյունավետ չի ծախսել գումարները, դրա համար էլ Հ1-ի հեղինակությունը չի բարձրանում:
Հիմա այդ խնդիրը լուծելու համար Ալիկ Հարությունյանի ֆինանսական հատկացումները էականորեն նվազել են: Եթե նախկինում Հ1-ում գոյություն ուներ մատյան «ԱՀ» գրառումներով, այսինքն` որ Ալեքսան Հարությունյանի «դաբրոյով» դուրս եկած գումար է, ապա այսօր մատյանում «ԱՀ»-ների պակաս կա: Այսինքն` Ֆարմանյանը ահ է տվել բոլորին, որ առանց իր գիտության որևէ տեղաշարժ չլինի: Իհարկե այս ամենը նա անում է ստվերային եղանակով, որպեսզի որևէ մեկը նրան չմեղադրի պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Թբիլիսյան ընտրությունները որոշիչ են լինելու
«Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանը երեկ թերթի հետ զրույցում անդրադառնալով նաև Ջավախքում կայանալիք ընտրություններին և պատասխանելով թերթի այն հարցին, թե` հնարավո՞ր է, որ Ջավախքում ընտրությունները վերածվեն բախումների կամ անկարգությունների տեղի` իրար դեմ պայքարող կլանների միջև` ասաց. «Թբիլիսիում իրավիճակն այսօր արդեն լարված է, և ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն մայրաքաղաքում, եթե Թբիլիսիում իրավիճակը լարվի, դա կարող է ազդեցություն ունենալ նաև Ջավախքի վրա: Այդպիսի զարգացումների դեպքում Ջավախքում էլ որոշակի ուժեր կփորձեն օգտվել իրավիճակից` իշխանության վերադառնալ կամ ստանալ իշխանություն, ընդլայնել իրենց իշխանությունը»:
Փորձեք գտնել հերքումը
Արդեն երկու օր է` Ադրբեջանի իշխանությունները սենսացիոն մանրամասներ են հրապարակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացությունների վերաբերյալ: Մասնավորապես` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, թե «Լաչինը և Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»: «Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների` Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը և Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաև պետք է ամրագրվի փաստաթուղթ` 5 շրջանների և Լաչինի ճանապարհի ազատման վերաբերյալ»,- ասել է նա:
Նույն հայտարարությունը կրկնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մահմեդովը` կրկին ասելով, թե Հայաստանը Լաչինից և Քելբաջարից զորքերը դուրս բերելու համար ժամանակէ խնդրել: Կարելի է (ավելի շատ` ցանկալի է) ենթադրել, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ դեպքում հայկական կողմը պետք է պաշտոնապես հերքեր այդ տեղեկությունները: Սակայն արդեն երկու օր է` ՀՀ տարբեր պաշտոնյաններ պատասխանում են այդ հայտարարություններին` այդպես էլ չհերքելով դրանցում արտահայտված տեղեկատվությունը: «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացրած ԼՂ-ի շրջանները և ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից և գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին` քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նախօրեին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը ԼՂ ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռևս 1991 թ-ին` Հանրաքվեով: Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը, չգտնելով Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջև»,- այսպես էլ ադրբեջանցիներին պատասխանել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանցի պաշտոնյաների ասածները ոչ թե ռազմատենչ հայտարարություններ են, այլ բանակցային գործընթացին վերաբերող կոնկրետ հարցի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ: Սակայն հայկական կողմի պաշտոնական պատասխաններում կարելի է գտնել ամեն ինչ, բացի այդ տեղեկությունները հստակ հերքող արտահայտություններից: Այս դեպքում երկու տարբերակ կա` կամ Հայաստանն իսկապես Լաչինից ու Քելբաջարից զորքերը դուրս բերելու համար ժամանակ է խնդրել, կամ հայ պաշտոնյաներն այնքան ապաշնորհ են, որ չեն կարողանում հոդաբաշխ մտքեր արտահայտել: Երկրորդ տարբերակն, իհարկե, ավելի գերադասելի է:
Կամավոր է հեռացել
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը պաշտոնանկ է արվել: Արմեն Ասլանյանը ԱԻՆ աշխատակազմը ղեկավարում էր ստեղծման օրվանից` մոտ երկու տարի: Այսպես ասած` նախկին նախարար Մհեր Շահգելդյանի կադրն էր համարվում: Շահգելդյանի պաշտոնանկությունից հետո հավանաբար նոր նախարար Արմեն Երիցյանը նպատակահարմար չի գտել աշխատել նախկին նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ: Ամեն դեպքում, Ասլանյանի հրաժարականի պատճառները փորձեցինք պարզել հենց իրենից. «Ոչ մի խնդիր, պատճառ չկա, պարզապես իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից, այլ բանով եմ զբաղվելու»,-պատասխանեց Արմեն Ասլանյանը: Մեր այն հարցին, թե արդյոք տարաձայնություններ չունե՞ր նոր նախարարի հետ, ասաց. «Չէ, չէ, միանշանակ շատ ավելի հեշտ ու լավ էր, ոչ մի խնդիր չի եղել»:
Մոսկվայի քաղաքապետարանը պարգևատրում է հայ վետերաններին
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մոսկվայում բնակվող 120 հայ վետերաններ աարգևատրվել են 2000-ական ռուբլիով: Չնայած ծերունական տարիքին, նրանցից շատերն անձամբ էին եկել քաղաքապետարան` քաղաքապետ Յուրի Լուժկովից ստանալու իրենց պարգևները, իսկ այն վետերանները, որոնք անկողնային հիվանդ են, իրենց պարգևները կստանան տներում:
Հայաստանի վետերանների խորհրդում այժմ հաշվառված են 3900 հոգի: Մոսկվայի քաղաքապետարանը նվերներ ու շքանշաններ կուղարկի նաև Հայաստանում ապրող վետերաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել