HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռու համայնքապետերը թերանում են

Ապրիլի 30-ին Լոռու մարզխորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերի թվում էին նաեւ բյուջեի` 2010 թ. առաջին եռամսյակի կատարողականն ու գյուղատնտեսական ոլորտի խնդիրներ: Մարզի համայնքների բյուջեներով 2010 թ. առաջին եռամսյակով նախատեսված մուտքերն ապահովվել են 93,2 %-ով: Հավաքագրված հողի հարկը կազմում է 76.0% (միջին հանրապետականը` 147.6%): Հողի հարկի հավաքագրումը ցածր է (մինչև 30%) հատկապես հետևյալ համայնքներում` Փամբակ, Վահագնի, Վահագնաձոր, Ահնիձոր, Կաճաճկուտ, Չկալով, Քարկոփ, Նորաշեն, Նովոսելցովո, Արծնի, Ղուրսալի, Հոբարձի, Հովնանաձոր: Գույքահարկի գանձման համեմատաբար ցածր մակարդակ է գրանցվել Թումանյանի տարածաշրջանում: Գույքահարկի հավաքագրման ծավալները 2009-ի համեմատությամբ նվազել են 40 համայնքներում, հատկապես` Դեբեդ, Շամլուղ, Ահնիձոր, Կաճաճկուտ, Չկալով, Մեդովկա, Ձյունաշող, Խնկոյան: Հողի և գույքի վարձակալության վճարների հավաքագրման ծավալը կազմում է 56.1%: 2009-ի համեմատությամբ գանձման այս տեսակը նվազել է 42 համայնքներում, ամենացածրը Տաշիրի տարածաշրջանում է, իսկ 17 համայնքներում այս եկամտատեսակն ընդհանրապես չի գանձվել: Ըստ եկամտատեսակների` առանձնապես թերակատարվել է պետական տուրքի gանձումը` 96.8%: Մարզի 33 համայնքներում նվազել է սեփական եկամուտների հավաքագրումը: Սեփական եկամուտների մուտքերը զգալիորեն պակասել են հատկապես Դեբեդ, Վահագնի, Անտառաշեն, Հալավար, Շամլուղ, Ահնիձոր, Կարմիր Աղեգի, Հաղպատ, Կաթնառատ, Նովոսելցովո, Յաղդան համայնքներում: Չկալով համայնքը սեփական եկամուտների հավաքագրման պլանը կատարել է 6.9%-ով (գյուղապետ` Ժ. Այբեկյան): Սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշները մարզի ղեկավարությունը վերագրում է համայնքապետերի և ավագանիների պասիվ և անհետևողական աշխատանքին: Աշխատավարձի և պարտադիր սոցապահովության վճարների գծով պարտքեր ունեն 22 համայնքներ, որոնցից 1 մլն-ը գերազանցող` 5 համայնք: Առավել մեծ պարտքեր ունեցող համայնքներն են` Անտառամուտ, Սարալանջ, Խնկոյան, Արծնի, Աթան, Ահնիձոր, Արդվի, Կարմիր Աղեգի, Հագվի, Շամուտ, Չկալով, Կաթնաղբյուր, Լեջան: Մեծ պարտքեր ունեցող համայնքների ղեկավարները սեղմ ժամկետում պետք է կատարեն իրենց պարտավորությունները` հակառակ դեպքում քննարկման կդրվի նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Լոռու մարզպետն իր դժգոհությունը հայտնեց հատկապես ապրիլ ամսվա հարկերի հավաքագրման ցուցանիշներից: Չանտեսելով սոցիալական դժվարությունները` նա, այնուամենայնիվ, անթույլատրելի է համարում համայնքի ղեկավարների նմանօրինակ թերացումը: «Եռամսյակը հանրապետական միջինից շատ չի տարբերվում: Բայց ապրիլ ամսվանը չեք ապահովել: Արդեն անցյալ տարվա ցուցանիշներն էլ չեք ապահովում: Նշանակում է` չեք զբաղվում, հավաքագրած միջոցների մուտքերը նպատակային չեն»: Պարզվում է` համայնքապետերը թերանում են նաև այլ հարցերում: Փաստաթղթային գործարքները ժամանակին չկատարելու պատճառով համայնքները զրկվում են սուբսիդիայից: Այսպես` 2007 թ. սուբսիդավորման ծրագրի մեջ ընդգրկվել էին մարզի Գուգարքի տարածաշրջանի համայնքները` որպես առավել աղքատ համայնքներ: Գյուղապետի պասիվ աշխատանքի պատճառով սուբսիդիա ստացան 21 համայնքից միայն 6-ը: 2008-ին սուբսիդավորման ծրագրի մեջ ընդգրկվել էին մարզի բարձրադիր գոտում գտնվող 4 համայնքներ` Գոգարան, Սարչապետ, Նորաշեն, Մեծավան: Նշված համայնքներից միայն Գոգարանը կարողացավ ժամանակին կատարել փաստաթղթային ձևակերպումն ու ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչություն: Մյուս երեք համայնքները դուրս մնացին սուբսիդավորման ծրագրից: Վերոնշյալ 4 համայնքներն այժմ էլ ընդգրկված են մշակաբույսերի ցանքերի համար Կառավարության սուբսիդավորման ծրագրերում: Այնինչ ազոտական պարարտանյութի շուկայում սուբսիդիաներ այլևս չեն տրամադրվում, վերացել է նաև պարարտանյութի ներկրման մենաշնորհը: Տարբեր ներկրողների կողմից մարզ է ներկրվում վրացական և իրանական արտադրության ազոտական պարարտանյութ: Տարվա սկզբին մեկ պարկ պարարտանյութն արժեր 6300-6500 դրամ, իսկ այժմ, կապված դոլար-դրամ հարաբերության փոփոխության հետ, 6700-6800 դրամ: Նվազել է ազոտական պարարտանյութի պահանջը գյուղացիական տնտեսությունների կողմից: Դա կապված է և' պարարտանյութի գնի բարձրացման, և' գյուղատնտեսական մթերքների ցածր գնի հետ: 2010 թ. մարտ ամսվա ընթացքում մարզի Դսեղ, Դեբեդ, Ճոճկան համայնքներում գրանցված խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքերից հետո նշված համայնքներում հայտարարվել է կարանտին: Դսեղ համայնքում հայտնաբերվել և հարկադիր սպանդի են ենթարկվել 26, Դեբեդում` 2, Ճոճկանում` 1 գլուխ հիվանդ խոզեր: Հիվանդության տարածումը մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները կապում են նախորդ տարիների բացթողումների հետ. 2007 թ. մարզում անկվել է ժանտախտով հիվանդ 5314 գլուխ խոզ. մի մասն առանց խոր փոսեր փորելու թաղվել է սարերում, անտառներում, իսկ մի մասն էլ մնացել է բաց երկնքի տակ: Մարզի անասնաբույժներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ համայնքների որոշ բնակիչներ թույլ չեն տալիս պետպատվերի շրջանակներում պատվաստել իրենց անասուններին: Անասնաբուժական ծառայությունից ահազանգեր կան նաև թափառող շների կողմից մարդկանց, հատկապես` երեխաներին կծելու դեպքերի մասին: Դրանք արձանագրվել են հատկապես Ստեփանավանում (4 դեպք), Գարգառում (4 դեպք), Լեջան, Կողես, Ուռուտ, Վարդաբլուր, Գյուլագարակ համայնքներում` մեկական դեպք: Առաջարկվում է թափառող շների դեմ պայքար կազմակերպել ՆԳ տարածքային ստորաբաժանումների և որսորդների ուժերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter