HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ուսանողները պահանջում են վերականգնել իրենց ուսման իրավունքը

«Ուսման իրավունք», «վերականգնում» վանկարկումներով մոտ 150 ուսանողներ այսօր Երեւանի պետական համալսարանից շարժվեցին դեպի կառավարության շենք: Ուսանողները պահանջում են վերականգնել մագիստրոսական եւ ասպիրանտական տարկետման իրավունքով տեղերի նախորդ տարվա ցուցանիշները, որոնք զգալիորեն կրճատվել են այս տարի: «Մենք կպայքարենք ցանկացած որոշման դեմ, որը կոտնահարի մեր շահերը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ իշխանություն եւ այդ իշխանությունը ՀՀ քաղաքացին է»,- բարձրախոսով հայտարարում էին երթարարները: «Ես դեռ երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ, ուզում եմ մագիստրատուրա ընդունվել, իսկ անվճար տեղերը կրճատվել են, ինձ զրկել են անվճար ուսում ստանալու իրավունքից»,- մեզ հետ զրույցում ասաց Մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Մարիամ Բաղդասարյանը: Իսկ Ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանող Արմեն Գալստյանը «Հետքին» ասաց, որ ինքը բանակ գնալու խնդիր չունի եւ պայքարում է միայն լիարժեք ուսում ստանալու համար. «Հիմա 3-րդ կուրս եմ, մագիստրատուրա հեշտությամբ կընդունվեմ, որովհետեւ արդեն ծառայել եմ, բայց ես ուսումը շատ եմ կարեւորում»,- ասում է Արմենը: Երթի մասնակիցներին ուղեկցում էին երկու տասնյակ ոստիկաններ: Ուսանողները կառավարությանը փոխանցեցին իրենց գրավոր պահանջները` ուղղված ՀՀ վարչապետին: Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ բողոքների քննարկման վարչության պետ Ռաֆայելյան Ալեքսանդրը վերցրեց ուսանողների կոնտակտները` պատասխանը փոխանցելու համար: Ուսանողները հեռացան` խոստանալով, որ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա իրենք կշարունակեն բողոքի գործողությունները: Ստորեւ ներկայացնում ենք ուսանողների նամակը վարչապետին: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին Մեծարգո պրն Վարչապետ, Մենք, Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների ներկայացուցիչներս, չներկայացնելով որևէ քաղաքական ուժ, մեր կտրական բողոքն ենք արտահայտում Կառավարության ս.թ. մարտի 18-ի և ապրիլի 22-ի որոշումների, որոնցով էականորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինվորական ծառայությունից տարկետմամբ տեղերի քանակը: Մենք չենք համարում, որ այդ կրճատումը ուղված է ՀՀ Զինված Ուժերի համալրմանը, քանի որ մի քանի հարյուր ասպիրանտուրա և մագիստրատուրա չանցացները չեն ավելիցնի բանակում ծառայողների քանակը նույնիսկ կես տոկոսով (առավելևս, որ 1991 և 1992 թվականներին ծնված տղաների ավելի է, քան դրանց նախորդող տարիներին): Փոխարենը, մենք համոզված ենք, որ չընդհատելով ուսման պրոցեսը և դառնալով բարձրակարգ մասնագետներ, նրանց օգտակաարությունը Հայաստանին կլինի ավելի նշանակալի և պահանջված, ծառայելով բարեկեցության և կենսամակարդակի աճին: Մենք ընդունում ենք, որ ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորում (իսկ ավելի ճիշտ` չեն սովորում) անձինք, ովքեր որևե կապ չունեն գիտության հետ, մենք նաև ողջունում ենք Կառավարության, այդ արգասաբեր երևույթի դեմ պայքարելու ցանկությունը: Սակայն, մենք համարում ենք, որ այդ երևույթի դեմ տարկետման տեղերի համընդանուր կրճատելու մեթոդով պայքարելով էական և անդարձ վնաս է հասցվում հայրենական գիտությանը, ինչը իր հերթին, հղի է տնտեսությանը որակական սղաճով, և որպես ածանցյալ նաև Զինված Ուժերի մարտունակության անկմամբ: Կարծում ենք, որ Կառավարությունը պետք է գտնի և կիրառի այլ մեթոդներ սոցիալական վերոնշյալ անարդարության դեմ (չսովորողների դեմ), և որպես տարբեր ոլորտների մասնագետներ և ապագա մասնագետներ առաջարկում ենք. 1. Հրապարակայնացնելով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը պակասացնել անօրինական ճանապարհով ընդունվողների քանակը` հօգուտ արժանավորների: Մասնավորապես, ԲՈւՀ-երի ֆակուլտետներում հրապարակել ա) բոլոր քննությունների և ստուգարքների արդյունքները, դրանց անցկացումից ոչ ուշ, քան հաջորդ օրը, բ) բոլոր մագիստրոսական թեզերը դրանց պաշտպանությունից առնվազն 1 շաբաթ առաջ: 2. Վերաբացելով ռազմական ամբիոնները, կամ որևէ այլ կերպով փոխելով զինապարտության կարգը, ազատելով ապագա գիտնականներին 2 տարի բանակում որպես զինվոր (լավագույն դեպքում` սերժանտ) ծառայելու պարտականությունից, առավել կրթված ուսանողներին դարձնել մարտունակ պահեստային, որը խաղաղ ժամանակ կզարգացնի Հայաստանը գրիչը ձեռքին, իսկ պատերազմի օրոք համադրելով իր մասնագիտական գիտելիքները, ռազմական ամբիոնում ստացած հմտությունները և ընդհանուր կրթվածությունն ու զարգացած մտածելակերպը` կբերի առավելագույն ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում: Հիմնվելով վերոգրյալի վրա` գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է վերագնահատելով իրավիճակը վերանայի իր մագիստրոսական և ասպիրանտական` բանակից տարկետումով տեղերի կրճատման քաղաքականությունը և միջոցներ ձեռնարկի Հայաստանի ինտելեկտուալ հասարակության վերաարտադրության ուղղությամբ: Երթի ֆոտոռեպորտաժը`  banali.hetq.am բլոգում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter