HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Եթե հանքարդյունաբերությունը զրոյացնում ենք, արդյունաբերության աճը 3 %-ից դժվար անցնի»

«Այսպիսի համեմատություն անեմ: Դուք ուզում եք ջուրը եռացնել, բայց այն դեռևս շատ թեթև գոլ վիճակում է: Մենք հիմա շատ թեթև գոլ վիճակում ենք: Դա նշանակում է, որ դրական միտումներ իրոք կան, բայց դա դեռևս այն մակարդակը չէ, որ լավատեսության հիմքեր տա: Այս պահին չի կարելի ասել, որ մենք հաղթահարել ենք ճգնաժամը: Ավելի շատ սա նման է նրան, որ մենք մտել ենք ռեցեսիայի փուլ, այսինքն` անկումը դադարել է, մենք այդ ցածր բազայի միջակայքում որոշակիորեն կայունացել ենք»: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը` անդրադառնալով այն տեսակետներին, թե Հայաստանն արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամը: ՀՆԱ-ն նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 5,5 %-ով, թեև շինարարության ոլորտում անկումը դեռ շարունակվում է, և Կառավարությունը տարեկան կտրվածքով 2 % աճ էր կանխատեսում: Բանախոսին հարց ուղղվեց, թե ո՞րն է այս աճի հիմքը: Սամվել Ավագյանի խոսքերով` ՀՆԱ-ի 5,5 % աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի արդյունաբերությունը, որը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ աճել է երկնիշ թվով` 14 %-ով: «Այդ 14 %-ի մեջ, իմ հաշվարկներով, 7-7,5 %-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը: Այսինքն` եթե հանքարդյունաբերությունը զրոյացնում ենք, արդյունաբերության աճը 3 %-ից դժվար անցնի: Հանքարդյունաբերության աճը առաջին եռամսյակի կտրվածքով մոտ 58 % է: Դա պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների աճով: Այսօրվա դրությամբ պղնձի գինը միջազգային շուկայում հասել է 7000 դոլարի 1 տոննայի համար, որը շատ բարձր ցուցանիշ է, և մեր հանքարդյունաբերական ընկերություններին թույլ է տալիս մտնել գերշահույթների դաշտը, որին նպաստում է նաև փոխարժեքը»,- ասաց Սամվել Ավագյանը: Միաժամանակ նա նշեց, որ առայժմ որակական տեղաշարժեր չկան ՀՆԱ-ի կառուցվածքի կամ տնտեսության մրցունակության տեսանկյունից, մի բան, որին «մենք բոլորս կարծես թե շատ ենք կարոտել»: Ընդհակառակը` վերոնշյալ աճն արձանագրվել է հիմնականում հանքերն ավելի ինտենսիվ շահագործելու հաշվին: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, ներկայացրեց 2010 թ. առաջին եռամսյակի մակրոցուցանիշները: Ըստ այդմ` արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 10,4 %-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 3,2 %-ով: Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 29 %-ով, այդ թվում արտահանումը` 60,9 %-ով, ներմուծումը` 23,1 %-ով: Շինարարության ոլորտում դեռևս անկում կա: «Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 5,6 %: Մանրածախ առևտրաշրջանառությունը աճել է 1 %-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)` 6,2 %-ով: Սպառողական շուկայում գնաճը կազմել է 8,4 %: Փետրվարի համեմատ մարտին այս տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 43,2 %, և դրանով իսկ պայմանավորված է ընդհանուր առաջին եռամսյակի հավելաճի 5,5 % ցուցանիշը: Նախորդ 2 ամսում ավելի ցածր տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրվել»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ տնտեսագետները սովորաբար վիճծառայության ներկայացրած թվերը հավաստի չեն համարում` Սամվել Ավագյանը նշեց, որ այժմ իրենք այդ ցուցանիշներին ավելի շատ են հավատում, քան մի քանի տարի առաջ: «Իմ կարծիքով` վերջին 1-2 տարում վիճակագրությունը մի քիչ ավելի վստահելի է դարձել, բայց հարցադրումներ կան: Ես, օրինակ, կոնկրետ պրն Մարտիրոսյանին կարող եմ հարցնել, ասենք, թե «Ծառայությունների» բաժնում որտեղի՞ց է հայտնվել «Այլ ծառայություններ» բաժինը, որը ՀՆԱ-ում ունի 14,5 %: Դա շատ բարձր տոկոս է, ու, ասենք, այս վիճակագրության մեջ ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել, թե էդ ինչ «այլ ծառայություն» է, որի ծավալն այնքան մեծ է, որ ՀՆԱ-ում 14,5 % է` համարյա այնքան, որքան արդյունաբերություն է: Այսինքն` նման հարցադրումներ հաճախ են լինում»,- ասաց Սամվել Ավագյանը: Գուրգեն Մարտիրոսյանն արձագանքեց, որ իր հեռախոսահամարը կտա տնտեսագետին, որպեսզի վերջինս իր միջոցով կապվի համապատասխան ծառայության բաժնի հետ և ստանա այս հարցադրման պատասխանը: «Ինչ վերաբերում է ուղղակի վիճակագրության արժանահավատությանը, սպառողական գների ինդեքսների հաշվարկման միջազգային փորձի վերաբերյալ աշխարհի 10 խոշորագույն կազմակերպությունների կողմից 10 տարվա աշխատանքի արդյունքում մի ձեռնարկ է ստեղծել, որով և ուղղորդվում ենք մենք: Մենք մշտապես փորձում ենք ուղղորդվել միջազգային այն բոլոր նորմերով և մեթոդաբանությամբ, դասակարգումներով, որոնք ներկայումս գոյություն ունեն: Հակառակ դեպքում համադրության խնդիրը, իհարկե, մենք չէինք կարողանա ապահովել»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter