HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դանակի երկու հարվածով ինքնասպանություն չի լինում

Ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` նշելով, թե շատ հավանական է, որ Վահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել` ինքն իրեն դանակով երկու անգամ հարվածելով, այլ մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում ծեծի ենթարկվելու հետևանքով: Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում Սաքունցը նշեց, թե իր ուսումնասիրություններով պարզել է, որ Վ. Խալաֆյանն ունեցել է որոշակի ինքնուրույնություն, արժանապատվության զգացում, և «նրան կոտրելու համար պետք է կիրառվեր համապատասխան միջոցներ»: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած Խալաֆյանի համար ոստիկանության Չարենցավանի բաժնում, մինչ շտապօգնությանը դիմելը, երկու անգամ բժիշկ են կանչել. «Մենք կարող ենք եզրակացնել, որ բժիշկներին բերելով և տեսնելով, որ չի փրկվում, հետո շտապօգնություն են կանչում, որ գա ֆիքսի այն, ինչը մինչ այդ եղել է: Շատ հավանական է, որ արդեն փրկություն չի եղել, դանակի երկու հարվածը հասցվել է, որպեսզի ինքնասպանության վարկածն առաջ քաշվի»: Հիշեցնենք` պաշտոնական վարկածով` 24-ամյա Վահան Խալաֆյանը մի քանի անձանց հետ գողություն կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ, գտնվելով բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն: Ավելի ուշ պարզվեց, որ Խալաֆյանի մարմնին առկա է դանակի երկու հարված: Թեև մինչ օրս պատրաստ չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իրավապաշտպան Ա. Սաքունցն ասում է, թե խոսելով «բոլոր կրիմինոլոգների, մասնագետների հետ» կարելի է համոզվել` դանակի երկու հարցածով ինքնասպանություն չի լինում: Սակայն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշել էր, թե հնարավոր է ինքնասպանություն գործել նույնիսկ դանակի երեք հարվածով: Այս առնչությամբ իրավապաշտպանը նկատում է. «Թող հավաքի իր խորհրդականներին, փորձագետներին, եթե մնացել են իր շուրջ, ու պարզի, որ անձն ինքն իրեն մեկ անգամ հարվածելուց սկսում է աֆեկտից դուրս գալ: Դա շատ բնական, հոգեբանական բան է»: Սաքունցը հավելում է, որ դատաբժշկական փորձաքնության անցկացումն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում: Ըստ նրա` փորձաքննության պատասխանի հրապարակումն ուղղակի ուշացնում են այլ գործոնների պատճառով. «Մտածում են հնարավորինս պատասխանատվության աստիճանը նվազեցնել: Այդ տարբերակն է աշխատում, ոչ թե իրավաբանությունը»: Վահան Խալաֆյանի մահվան փաստով սկզբում կալանավորվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը (պաշտոնեական լիազորություններն անցնելու և ինքնասպանության հասցնելու մեղադրանքով), այնուհետև նույն բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը (մեղադրվում է անձի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք): Արթուր Սաքունցը նշում է, թե ավելի շատ տեսնում է հանցագործությունը կոծկելու միտում: Հենց այդ համատեքստում էլ նա դիտարկում է ոստիկանապետի ապրիլի 14-ին արված այն հայտարարությունը, թե Խալաֆյանի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել: Իրավապաշտպանի խոսքերով, ինքը կասկածներ ունի, որ Ալիկ Սարգսյանն իրականում տեղյակ չէր կատարվածից: Իսկ եթե տեղյակ էր, բայց հանրությանը տրամադրում էր սուտ տեղեկություններ, ուրեմն րոպե առաջ պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Իրավապաշտպանը նկատում է, որ բարձրաստիճան իրավապահները, գործի փաստերին ակնհայտ հակասող տեղեկություններ հաղորդելով, ըստ էության, ճնշում են գործադրում նախաքննության վրա: Ինչ վերաբերում է նրան, որ Վահան Խալաֆյանը ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ համարվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` «Անձի պաթոլոգիկ զարգացում` վարքի կոպիտ խանգարումներով, ինքնավնասումներով» ախտորոշմամբ, իրավապաշտպան Սաքունցը նշում է, թե տվյալ ախտորոշումը կեղծ է, քանի որ իրականում Խալաֆյանի հարազատներն այդ փաստաթուղթը ձեռք են բերել Վահանին բանակից ազատելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter