Դատվիր, որ տնօրեն դառնաս
Արմավիրում միայն այս տարի 2 դպրոցի տնօրենների դեմ ատեստատ վաճառելու փաստով քրեական գործ էր հարուցվել: Երկուսն էլ ազատազրկվել էին, բայց համաներվել: Թվում էր, թե դրանից հետո նշված տնօրենները գոնե բարոյական տեսանկյունից պետք է հնարավորինս հեռու մնային դպրոցի հետ կապված գործունեությունից, սակայն նրանցից մեկը նպատակաուղղված հասավ նրան, որ այսօր արդեն տնօրենի պաշտոնակատար է:
Էջմիածնի թիվ 9 դպրոցի արդեն նախկին տնօրեն Վարուժան Հայրապետյանը, ում դեմ այս տարվա մարտի 22-ին խարդախության եւ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներվ քրեական գործ էր հարուցվել, օգոստոսի 17-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էջմիածնի թիվ 7 դպրոցում:
Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել էր, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Էդվարդ Միրզախանյանը, ով անհատ ձեռներեց է այդ քաղաքում, 2010 թ. մայիսին ԱՄՆ մեկնելու համար շահել է «Green Card»: Նա, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացրած փաստաթղթային փաթեթում չունենալով միջնակարգ կրթության մասին ատեստատ, իր ազգական ոմն Էդիկի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակիչ Հովհաննես Սեթաղյանի հետ եւ վերջինիս խնդրել է օգնել ատեստատ ձեռք բերելու հարցում: Համաձայնության գալուց հետո Հ. Սեթաղյանի առաջարկով Էդվարդ Միրզախանյանը 2010 թ. հուլիսին խոշոր չափերի հասնող` 370.000 դրամ կաշառք է տվել նրան ու տրամադրել իր տվյալները:
Հ. Սեթաղյանը, Էջմիածին քաղաքում հանդիպելով իր ծանոթ, «Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարուժան Հայրապետյանին, խնդրել է Էդվարդ Միրզախանյանի տվյալներով միջնակարգ կրթության մասին ատեստատ տրամադրել: Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Հայրապետյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով Էջմիածին քաղաքի բնակիչ, Հովհաննես Սեթաղյանի խնդրանքով Վանաձոր քաղաքի բնակիչ Էդվարդ Միրզախանյանի անվամբ ակնհայտ կեղծ գրառումներ եւ տեղեկություններ մտցնելով, Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոցի կնիքով եւ տնօրենի ստորագրությամբ կազմել է կեղծ փաստաթուղթ: Վարուժան Հայրապետյանը այն հանձնել է Հ. Սեթաղյանին, որի դիմաց կաշառք ստանալու պատրվակով նրանից հափշտակել է 185.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար:
Դատարանը Վ. Հայրապետյանին ազատազրկել էր 3 տարի ժամկետով էլ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նրան ազատեց պատժից:
Վարուժան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Էջմիածնի թիվ 9 դպրոցի փոխարեն 7-ում տնօրենի պաշտոնակատար նշանակվելն իր ցանկությամբ չի եղել: «Նույն գետը երկու անգամ չեն մտնում, իմ գործունեությունը նորից եմ սկսում: Նոր կոլեկտիվի հետ ոչ մի խնդիր չի առաջացել, ես իմ մեղքն ընդունել եմ, հիմա նոր ոճով աշխատում եմ եւ պատրաստ եմ քավել բոլոր իմ մեղքերը նոր աշխատանքի մեջ: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը»,- ավելացրեց Վարուժան Հայրապետյանը: Ըստ նրա` յուրաքանչյուր մարդ սխալական է եւ ինչ-որ տեղ կարող է սխալներ թույլ տալ:
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն էլ «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Վարուժան Հայրապետյանը մարզպետարան է ներկայացրել փաստաթղթեր, որ ինքը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել եւ ներկայացրել է հավաստագիր, որ ինքը անցել է դպրոցի տնօրենների համար հայտարարաված քննություններին: «Հաշվի առնելով նրա տարիների աշխատանքը՝ փորձը, հեղինակությունը, հավաստագիրը հիմք ընդունելով թույլ ենք տվել, որ նա դառնա դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար»,-ավելացրեց վարչության պետը:
Իրավական առումով Վարուժան Հայրապետյանը համարվում է դատվածություն չունեցող, սակայն դա չի նշանակում, որ նա խարդախություն եւ պաշտոնական կեղծիք թույլ տված տնօրեն չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել