Փոխվարչապետն ընդունել է Հայաստանի սոցներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
ՀԲ-ն առաջիկայում նախատեսում է կատարել բանկի կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գնահատումը` ըստ դրանց արդյունքների, եւ հյուրերը նշեցին, որ պատրաստակամ են հաշվի առնել ՀՀ կառավարության մոտեցումները, առաջարկությունները` առաջնահերթ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես անդրադարձ եղավ Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի շարունակման հնարավորություններին, «Սոցիալական ներդրումների երրորդ ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացման գործընթացին:
Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի առումով փոխվարչապետը կարեւորեց համայնքներում կապիտալ արդյունք ապահովող նախագծերի ուղղությամբ ծախսերի կատարումը` դիտարկելով անգամ որոշ ծրագրերի միավորման տարբերակը: Այդ առումով դեռ մեխանիզմների հստակեցման կարիք կա, եւ, ըստ փոխվարչապետի, փորձ է արվում գտնել օպտիմալ լուծումներ` չձեւափոխելով ծրագրի գաղափարախոսությունը, միաժամանակ ծախսերն առավելագույնս արդյունավետ դարձնել համայքների կարիքների լուծման համար:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ծրագիրը կշարունակվի եւ կարեւորեց առաջիկա տարիներին ՀՍՆՀ-ի կողմից համայնքերում տարբեր ծրագրերի իրականացումը:
Ա. Գեւորգյանը առանձնացրեց նաեւ այդ ծրագրերով կառուցված թե համայնքային եւ թե պետական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների պահպանման խնդիրը: Այդ հարցերի քննարկման եւ մեխանիզմների հստակեցման նպատակով առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ: ՀԲ ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք եւս կարեւորում են նշված խնդիրը, արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ պատրաստ են համագործակցել նաեւ ՀՀ կառավարության հետ:
Հյուրերի կողմից կարեւորվեց նաեւ հունիսին Տանզանիայում կայանալիք Համաշխարհային բանկի` հասարակական աշխատանքների հարցերին վերաբերող համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության հարցը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել