HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մի կարծեք, որ եթե գնանկում լինի, ապա տնտեսության կամ բնակչության համար շատ լավ իրավիճակ կլինի»

2010 թ. ապրիլին արձանագրվել է 1,3 % գնաճ: Ապրիլին 2009 թ.-ի ապրիլի համեմատ գնաճը կազմել է 6,8 %: Ավելի երկարաժամկետ կտրվածքով` 2005 թ.-ի միջին տարեկան գնաճի նկատմամբ` 2010 թ. ապրիլին գնաճը կազմել է 31,1 %: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Կուտակային ցուցանիշը 2010 թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ հետևյալն է. ընդհանուր գնաճը կազմել է 8 %: Միայն ապրիլ ամսին 1,3 % ընդհանուր գնաճի պարագայում հացամթերքի գները աճել են 1 %-ով (պարենային առանձին ապրանքային խմբերով), կաթնամթերքինը` 0,1 %-ով: Ավելի բարձր գնաճ արձանագրվել է մրգի գծով` 4,8 %, շաքարավազի գծով` 4,5 %, և ընդհանուր 13 պարենային ապրանքախմբերից 10-ում արձանագրվել է գնաճ 0,1 %-ից մինչև 4,8 %: Միայն պարենային 3 ապրանքային խմբում է արձանագրվել գնանկում: Դրանք են կաթնամթերքը` 0,3 %, ձվի գծով է նկատվել գնանկումը` 9,9 %, և ոչ ոգելից խմիչքի գծով` 0,3 %»,- ասաց նա: Չորս ամսվա կտրվածով` 2010 թ. ապրիլին 2009 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գնաճը կազմել է 4,2 %: Ապրիլի 1-ից արձանագրված գազի սակագների բարձրացման պարագայում (37,5 %-ով) Շիրակի և Լոռու մարզերում միաժամանակ բարձրացել են նաև խմելու ջրի մատակարարման սակագները, մասնավորապես` Շիրակի մարզում 1,9 անգամ, իսկ Լոռու մարզում` 1,6 անգամ: Այս պայմաններում բնակարանային կոմունալ ծառայությունների սակագների աճը հանրապետությունում կազմել է 9,1 %, որը հանգեցրել է ընդհանուր գնաճի` 0,52 %-ով: «Գազի թանկացումը որոշակի հետևանք թողել է մյուս ապրանք / ծառայությունների գնաճի վրա: Մասնավորապես, մենք նկատել ենք, որ շինանյութերի գները աճել են մոտ 2,5 %-ով, այդ թվում ` միայն ցեմենտի գնաճը կազմել է 10,7 %: Վերջին տասնօրյակում` ապրիլի 30-ին, ապրիլի 20-ի համեմատ, մենք նկատել ենք գնաճ` հանրապետության 12 քաղաքում ընդամենը 95 անվանում ապրանք / ծառայության դիտարկման արդյունքում մոտավորապես 0,29 մասով: Մասնավորապես, գնաճի միտում է արձանագրվել կարտոֆիլի, գազարի, մի քանի մրգատեսակի գծով»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է բենզինի, դիզելային վառելիքի շուրջ 5 %-ի գնաճ: Մասնավորապես բենզինի գինը աճել է 4,8 %-ով, դիզելային վառելիքինը` 5,8 %-ով: 2010 թ. ապրիլին 2009 թ. ապրիլի նկատմամբ բենզինի գները աճել են 39,9 %-ով, իսկ դիզելային վառելիքինը` 38,7 %-ով: Ասուլիսի մյուս բանախոսը` տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը, նշեց, որ գնաճը 2 հիմնական աղբյուր ունի` արտաքին ու ներքին: Ոչ ոք չի ժխտում, որ գնաճի արտաքին ճնշումները առկա են: Սակայն այդ արտաքին ճնշումներն այնքան ուժեղ չեն, որ հանգեցնեն, 6,8 % գնաճին, որն արձանագրվել է 12 ամսվա կտրվածով: Նրա խոսքերով` չկա եվրոպական որևէ երկիր, որտեղ գնաճը գերազանցի 3 %-ը: «Պատճառների մի մասը, իհարկե, ներքին է: Դրանց մի մասը հայտնի է: Կառավարությունը կամ ԿԲ-ն ինքը չի թաքցնում, որ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ շուկայում, և դա թույլ է տալիս գերիշխող դիրք զբաղեցնողներին գնային մանիպուլյացիաներ կատարել: Մյուս պատճառը, իմ կարծիքով, ավելի մեծ ազդեցություն է թողել: Դա կառավարության ընդլայնողական քաղաքականությունն է եղել 2009 թ.-ին, որի պարագայում բյուջետային ծախսերն աճել են, եկամուտները նվազել են: Իսկ դա անխուսափելիորեն բացասական հետևանք է առաջացնում այս գների վրա: Ինքը` Տիգրան Սարգսյանը, իր ասուլիսներից մեկում ընդունել է, որ Կառավարության ընդլայնողական քաղաքականությունը որոշ գնաճային ճնշումներ է առաջացրել: Միայն ԿԲ-ում է, որ այդ փաստարկը չի ընդունվում. ԿԲ-ի բոլոր հրապարակումներում առայժմ գնաճի միակ մեղավորը միջազգային գներն են: Բայց դա, իհարկե, այդպես չէ»,- ասաց Սամվել Ավագյանը: Միաժամանակ նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում ընդլայնողական քաղաքականության վարումը անխուսափելի է, որովհետև տնտեսության մեջ մասնավոր սեկտորն այլևս չի կարողանում պահանջարկ ստեղծել, և դա փոխհատուցվում է կառավարության միջոցների հաշվին: Կառավարությունն ինքը պետք է տնտեսության մեջ պահանջարկ ստեղծի: Հայաստանում բարձր գնաճի 3-րդ պատճառը, տնտեսագետի խոսքերով, ԿԲ-ի էմիսիոն քաղաքականությունն է, այսինքն` դրամանական բազայի փոփոխությունը դեպի աճ, որը նույնպես որոշակի ժամանակահատվածում գնաճային ռիսկեր է կուտակում տնտեսության մեջ: Ուստի, այս 3 գործոններն ազդել են, որ Հայաստանում ձևավորվի համեմատաբար բարձր գնաճային միջավայր: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կշարունակվի՞ գնաճը` Սամվել Ավագյանը նշեց. «Իհարկե, շատ բան կախված է Կառավարության, ԿԲ-ի քայլերից, որոնք, այսօրվա դրությամբ, գնում են դեպի խստացում, որովհետև ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ Կառավարությունը գնում է դեպի բյուջեի դեֆիցիտի կրճատման: Այս զսպողական քաղաքականությունը կանդրադառնա նաև գների մակարդակի վրա և չի սպասվում, որ այս քաղաքականության շարունակման դեպքում, ասենք, լինեն հիպերինֆլյացիոն դրսևորումներ: Նույնիսկ հնարավոր է, որ մինչև տարեվերջ մոտենանք օրենքով սահմանված թիրախային մակարդակին, որը 4 ± 1,5 է: Ամռան ամիսներին, կապված սեզոնային գործոնների հետ, սպասվում է գնաճի տեմպերի էական թուլացում»: Ըստ Սամվել Ավագյանի` պարենային այն ապրանքախմբերում, որտեղ չկան գերիշխող դիրք զբաղեցնողներ, էական թանկացումներ չեն սպասվում: Իսկ օրինակ, ձեթի, շաքարավազի, բուսական յուղի շուկաներում ամեն ինչ հնարավոր է, և շատ բարդ է կանխատեսում անել: Օրինակ` մեկ շաբաթ հետո շաքարավազը կարող է դառնալ, ենթադրենք, 400 դրամ, քանի որ շուկայում այդ ապրանքատեսակի 99 %-ը ներմուծում է միայն մեկ տնտեսվարող սուբյեկտ: «Մյուս ապրանքատեսակները` ասենք, բենզին, դիզվառելիք, կախված են զուտ միջազգային գների փոփոխությունից: Նավթի գինը հիմա 80 դոլարի շրջանակներում է: Այսօր կանխատեսումներ չկան, որ էական բարձրացում տեղի կունենա»,- ասաց Սամվել Ավագյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ Հայաստանում գների բարձրացումը պատճառաբանում են համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ, բայց այլ երկրներում գնանկումից հետո Հայաստանում գները չեն իջնում` տնտեսագետը նշեց, որ կոնկրետ բենզինի գնի հարցում տվյալ դիտարկումը ճիշտ չէ: «Միջազգային շուկայում կոնկրետ բենզինի գների աճը սկսվեց հունվարի վերջին, ամբողջ փետրվարին շարունակվում էր, իսկ մեր տնտեսվարողները ներքին շուկայում բենզինը միայն մարտին թանկացրին, այսինքն` իրենք մոտ 1 ամիս սպասել են, որ տեսնեն` միջազգային շուկայում ինչ իրավիճակ է ստեղծվում, և իրենց պաշարների հաշվին կարողացել են չթանկացնել»,- ասաց Սամվել Ավագյանը: Իսկ առհասարակ Հայաստանում բարձր գների պահպանումը նա բացատրեց հոգեբանական գործոնով: «Մեզ մոտ բիզնեսը տրամադրված է գերշահույթների. փոքր շրջանառություններ ու բարձր շահութաբերության մարժաներ, այն դեպքում, երբ, ասենք, եվրոպական բիզնեսը տրամադրված է դեպի մեծ շրջանառություններ ու փոքր մարժաներ: Այս հոգեբանական տրամադրվածությունը հանգեցնում է նրան, որ մեր բիզնեսը անընդհատ ձգտում է դեպի բարձր գնաճային միջավայր, ու կառավարությունից ավելի մեծ ջանք է սպասվում, որ այդ զսպումները իրականացվեն»,- նշեց Սամվել Ավագյանը: Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային շուկան որքանո՞վ ազդեցություն ունի Հայաստանի պարենային շուկայում գնաճի վրա` Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ անցած 2 տարվա ընթացքում միջազգային շուկայում հացահատիկային, ընդեղենային կուլտուրաների կտրուկ գնաճ արձանագրվեց: Հայաստանում ևս գնաճը զուգուրդվեց միջազգային գնաճին, բայց միտումները տարբեր էին: «Եթե միջազգային շուկայում գինը բարձրանում է որոշակի մակարդակով, ենթադրենք` 10 %-ով, ներքին շուկայում, հնարավոր է, սպառողական գները աճեն ավելի բարձր տոկոսով: Տնտեսագիտությամբ հիմանավորված է, և ապացուցման կարիք չկա, որ մշտական գնաճը երբևիցե իր նախնական դիրքին չի գալիս: Իհարկե, գնանկումներ լինում են, բայց տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը միաժամանակ գնաճն է: Եթե տնտեսությունում կա գնաճ, ապա տնտեսությունում կա միաժամանակ աշխուժություն և աճ: Հակառակ պարագայում, մի կարծեք, որ եթե գնանկում լինի, ապա տնտեսության կամ ընդհանրապես բնակչության համար շատ լավ իրավիճակ կլինի: Ընդհակառակը, գնաճը պետք է լինի, սակայն այստեղ խնդիրն այն է, թե ինչքանով գնաճին համահունչ կլինի եկամուտների աճը կամ ընդհանրապես տնտեսության զարգացման մյուս միտումները»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով` այժմ եկամուտների աճը և տնտեսության զարգացման մյուս միտումները համահունչ չեն գնաճին: Նվազագույն սպառողական զամբյուղում ներառված ապրանք / ծառայությունների գները ևս աճել են: 2010 թ. առաջին եռամսյակի տվյալներով` Առողջապահության նախարարության առաջարկած և 2412,1 օրական էներգետիկ կալորիականություն ունեցող զամբյուղի արժեքը կազմել է 40.234 դրամ, այդ թվում` պարենային զամբյուղի արժեքը 25.957,6 դրամ է: «Սակայն եթե համեմատելու լինենք, 4-րդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 37.303 դրամ, այսինքն` նախորդ եռամսյակի համեմատ, մոտավորապես 3.000 դրամով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ավելացել է: Իսկ եթե համեմատելու լինենք նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ, ապա մոտավորապես 4.000 դրամի սահմաններում է զամբյուղը ծանրացել, արժևորվել»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter