HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառերը պետք է ոչ թե հատեն, այլ տեղափոխեն

Երևանի  քաղաքապետը հանդիպել է բնապահպաններին Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետը հյուրընկալեց հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի ավագանուց ներկայացուցիչ, ինչպես նաև քաղաքապետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներ: «Երևանի տերը մենք բոլորս ենք, բոլորս ասելով նկատի ունեմ և ինձ, և ձեզ, և բոլոր երևանցիներին: Ես  առաջարկում եմ համագործակցել և միավորել մեր ուժերը հանուն Երևանի»,-  դիմելով ներկաներին նշեց քաղաքապետը: Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ, գործնական քննարկում մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Քաղաքապետը ներկայացրեց բնապահպանական ոլորտում մայրաքաղաքում իրականացված աշխատանքները և առկա խնդիրները: Լսելով հասարակական կազմակերպությունների մտահոգությունները, քաղաքապետը նշեց, որ ապագա կառուցապատումներն ու գետնափոր կառույցները Երևանի հանրային կանաչ տարածքներում կբացառվեն: Մայրաքաղաքի համար անհրաժեշտ քաղաքաշինական կարևոր ծրագրերի իրականացման  դեպքում մինչ այժմ կիրառվող ծառերը հատելու պրակտիկան կփոխարինվի առաջադեմ երկրներում վաղուց ընդունված և հաջողությամբ կիրառվող նոր, ժամանակակից մեթոդով` ծառերը կտեղափոխվեն: Նման պրակտիկա ինչպես նշեց հանդիպմանը ներկա ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը, եվրոպական երկրներում վաղուց ընդունված է և հաջողությամբ կիրառվում է: Երևանի քաղաքապետարանը Գերմանիայում համապատասխան տեխնիկա է պատվիրել, որի միջոցով հնարավոր է ծառն իր արմատային համակարգով  տեղափոխել: Անդրադարձ եղավ նաև 90-ական թվականներից Ուսանողական զբոսայգում գործող սրճարանների խնդրին: Հնարավո՞ր չէ դրանք քանդել` երիտասարդ բնապահպանի հարցին ի պատասխան, քաղաքապետը նշեց, որ մասնավոր ընկերությունների գործունեությունը կասեցնելու դեպքում սեփականատերերին պետք է փոխհատուցում տալ, քանի որ նրանք օրինական,  պայմանագրային իրավունքներ ունեն: Իսկ ներկա պայմաններում քաղաքային բյուջեն չի կարող իր վրա նման բեռ վերցնել, Երևանը հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներ ունի (վթարային բնակֆոնդ, հասարակական տրանսպորտի համալրում և այլն): Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև բնապահպանությանն առնչվող մասնագիտական խնդիրներ` օրինակ  ծառերի էտի վերաբերյալ: Մասնագետներն այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտեցին: Քննարկման մասնակիցները կարևորեցին Երևանի «Էկոլոգիական խորհուրդ» ստեղծելու նախաձեռնությունը, որի կազմում կընդգրկվեն  բնապահպանության ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քաղաքապետի մոտեցումը հետևյալն է` Էկոխորհրդում պետք  է քննարկվեն մայրաքաղաքի համար հանրային կարևոր նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրերն ու խնդիրները:   Այս մասին հայտնում է Երևանի  քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter