HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

«Հետք» էլեկտրոնային կայքի մայիսի 3-ի և 6-ի թողարկումներում, անդրադառնալով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին, անդրադարձ էր եղել նաև Կայուն օրգանական աղտոտիչների գործողությունների ազգային ծրագրին, որը մեր կարծիքով, պարզաբանման կարիք ունի:

Նախ ասենք, որ այդ ծրագիրը ոչ թե մշակել է Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչությունը, ինչպես նշված է կայքում, այլ ծրագրի ղեկավար խորհուրդը, որի կազմում ներգրավված էին ներկայացուցիչներ շահագրգիռ նախարարություններից, գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից, ազգային փորձագետներից:

«Հետքը» գրել էր`«թե ինչի վրա է ծախսվել այդքան փողը ոչ ոք չգիտի»: Այդ առումով ուզում ենք տեղեկացնել, որ դրամաշնորհի շրջանակներում /ի դեպ, նման դրամաշնորհներ տրամադրվել են անցումային և զարգացող բոլոր երկրներին/ 2002-2004թթ. ընթացքում անցկացվել են կայուն օրգանական աղտոտիչների` պոլիքլորացված բիֆենիլների, դիօքսինների և ֆուրանների, քլորօրգանական պեստիցիդների արտանետումների աղբյուրների, կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների և աղբավայրերի գույքագրում, թեժ կետերի բացահայտում, ինչպես նաև շրջակա միջավայրի օբյեկտներում (մակերևութային ջրեր, հող, հատակային նստվածք), սննդամթերքում պոլիքլորացված բիֆենիլների և քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների հետազոտություններ:

Գործողությունների ազգային ծրագրի գերակա նպատակների իրականացման միջոցառումները կազմվել են հինգ տարվա կտրվածքով և հավանության արժանացել «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2005-2010 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 13.01.2005թ. N1 արձանագրային որոշմամբ:

Միջոցառումների ցանկում ներկայացված է նախատեսվող միջոցառումների համառոտ նկարագիրը` նշելով ինչպես առաջատար, այնպես էլ կատարող նախարարություններն ու գերատեսչությունները, կատարման ժամկետները, միջոցառումների իրականացման մոտավոր արժեքը, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

Նշված ցանկի 15-րդ կետով ամրագրվել է «Ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի էկոլոգիապես անվտանգ ոչնչացմանն աջակցում» միջոցառումը, որի իրականացումն ապահովելու համար 2004թ. ՀՀ կառավարությունը 8,6 մլն դրամ է հատկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սողանքի մարմնի ուսումնասիրության, գերեզմանոցի բետոնե կառուցվածքի ուսումնասիրության և դրա ամբողջականության որոշման, գերեզմանոցի ցանկապատման և տարածքի ջրհավաք առուների վերականգնման, գերեզմանոցին հարող տարածքներում հողի և գրունտային ջրերի աղտոտվածության ուսումնասիրության համար: 2007թ. գերեզմանոցի հիմնախնդրի լուծման լիազորությունները դրվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վրա, և ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N478-Ա որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 6 մլն դրամ գումար է հատկացվել` նշված գերեզմանոցի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև դրա տեղափոխման և թունաքիմիկատների չեզոքացման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար:

Ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և 2006թ. Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամին ներկայացվել է «ԱԵԿԿԱ երկրներում ժամկետանց պեստիցիդների կառավարման համար ներուժի ստեղծում» ծրագրային առաջարկ, որը հաստատվել է որպես 9 երկրների տարածաշրջանային ծրագիր և ներկայումս իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

Ինչպես տեղյակ եք, կառավարությունը որոշակի գումար է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի և ցանկապատի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց իրականացման համար:

Բացի դրանից` բնապահպանության նախարարությունը մշակում է թունաքիմիկատների ոչնչացման ծրագրային փաթեթ` միջազգային կազմակերպություններին եւ դոնոր երկրներին ներկայացնելու համար:

Հ.Գ. Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը խոստացել է վաղը հարցազրույց տալ «Հետք»-ին: Նախարարության պարզաբանմանը կանդրադառնանք հարցազրույցից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter