Ժնեւում սկսվեց Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման լսումը
20 րոպե ուշացումով Ժնեում ՄԱԿ-ի Ազգերի պալատում սկսվեց Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկումը: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն էլ հիմնական զեկուցողն է: Պատվիրակության կազմում է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրը, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձ.Աղաջանյանը, ՄԱԿ Ժնեւի գրասենյակում Հայաստանի մշտական առաքելության խորհրդական Լ.Սայանը եւ ուրիշներ, թվով 11 հոգի:
Այս պահին Հայաստանի զեկույցն է ներկայացնում ՀՀ փոխարտգործնախարար Ա.Կիրակոսյանը: Նա պատմում է, որ Հայաստանը շարունակում է բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է, հանուն համանման դեպքերի կրճատման ապագայում»,- նշեց նա իր զեկույցում: Այն պահին, երբ Ա.Կիրակոսյանը սկսեց ներկայացնել ինքնորոշման իրավունքը որպես ազգերի անբեկանելի իրավունք եւ այն ներկայացնել որպես այդպիսին Լեռնային Ղարաբաղի համար, Ադրբեջանի ներկայացուցիչը խոսք խնդրեց ընթացակարգային հարցով եւ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքը չէ, եւ Հայաստանն իրավունք չունի ելույթ ունենալ ուրիշի տարածքում տեղի ունեցող զարգացումների մասին:
Նախագահողը պատասխանեց, որ բովանդակային քննարկման համար Ադրբեջանը կարող է օգտագործել իր ելույթի հնարավորությունը հիմնական զեկույցից հետո, իսկ արված դիտողությունը ընթացակարգային չէ: Անմիջապես հետո խոսք խնդրեց Պակիստանը, եւ նշելով, որ երեւի իրենց ելույթի կարիքը չկար, բայց «Ադրբեջանի պահանջը հիմանավոր էր», առաջարկելով համապատասխան միջոց ձեռք առնել նրանց առաջարկի կապակցությամբ:
Ի վերջո նախագահողը կոչ արեց հավատարիմ մնալ քննվող առարկային եւ հեռու մնալ տարածքային հարցերին անդրադառնալուց: «Սա տարածքային վեճերի քննարկման բեմ չէ»,- ասաց նա: Այնուհետեւ ՀՀ փոխարտգործնախարարը շարունակեց ելույթը եւ խոսեց Հայաստանի եւ ԼՂ շրջափակման մասին:
Հայաստանի հարցեր հղելու համար արդեն նախապես հերթագրվել են 47 երկրներ, այդ թվում Ադրբեջանը, ՌԴ-ն, Թուրքիան, Հնդկաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեքսիկան, Իրանը, Իռլանդիան, Շվեդիան, Ղրղզստանը, Բրազիլիան, Չեխիան, Ղազախստանը, Կանադան, Կիպրոսը, Բելառուսը, Իրաքը, ՄԹ-ն, Հունգարիան, Ֆինլանդիան, Ուկրաինան եւ այլք: Առաջինը Հայաստանին հարցեր հղելու եւ ելույթի հնարավորություն կստանա Ադրբեջանը, Թուրքիան 9-րդն է, առայժմ վերջինը` Ուկրաինան է:
Ադրբեջանի դիտարկման ժամանակ` 2009-ի փետրվարին Հայաստանը հանդես է եկել մեկ առաջարկությամբ. Ռասսայական խտրականությանն վերացման կոմիտեին (Committee on the Elimination of Racial Discrimination) կոչ է արել աջակցել Ադրբեջանին պայքարել եւ վերացնել էթնիկական թշնամանքի եւ ատելության դրսեւորւմները, մասնավորապես էթնիկ հայերի հանդեպ: Հայաստանը խնդրել է ներկայացնել այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային խտրականության դրսեւորումների նվազեցմանը Ադրբեջանում: Հայաստանը առաջարկել է դադարեցնել Ադրբեջանում սեփական քաղաքացիների հանդեպ կիրառվող խտրական քաղաքականությունը: Այս առաջարկը Հյաստանն արել է նիստի ինտերակտիվ քննարկման ժամանակ; (http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G09/136/26/PDF/G0913626.pdf?OpenElement)
Իսկ Ադրբեջանն արդեն մինչեւ Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման նիստը մեկ տասնյակը գերազանցող հարցեր է հղել Հայաստանին: Մասնավորաբար, կանանց իրավունքների ոտնահարումների եւ ընտանեկան բռնությունների մասին, եզդիների հանդեպ Հայաստանում իրականացվող խտրականության եւ հետապնդումների մասին, 2008 թվի մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությունների, ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացի մասին, հեռարձակող ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման հիմնախնդրի մասին, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հարձակումների մասին, լրագրողների մասնագիտական պարտականությունների իրականացման խոչընդոտման գործողությունների մասին, դատական համակարգի կախյալության մասին, կոռուպցիայի հետ կապված իրավիճակի մասին, ոստիկանության դիրքի չարաշահումների մասին, եւ այլն: Մի խոսքով, խնդիրների այն ամբողջ փունջն, ինչ առկա է Հայաստանում: Հայաստանին նախապես հղված հարցերի փաթեթում թվով 36 հարցերից 14-ը Ադրբեջանն է հղել: Մի շարք այլ երկրներից հղված հարցերի շարքում առանցքային տեղ ունեն Մարդու իրավուքնների ոտնահարումների, մամուլի եւ խոսքի ազատության, Ա1+ հեռուստաընկերության խնդրի, սեռային հավասարության եւ մի շարք այլ հարցեր:
Լեւոն Բարսեղյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել