Չարաշահումներ Ուռուտի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուռուտի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ: Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւանի «Արալպլաստ» ՍՊ ընկերությունը շահել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթը եւ պետական բյուջեի` 152 475 000 դրամ նախահաշվային գումարով պարտավորվել իրականացնել Լոռու մարզի Ուռուտ համայնքի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Սակայն աշխատանքների իրականացման ընթացքում «Արալպլաստ» ՍՊ ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող եւ փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, ապա դրանք ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Բագարանի բարիք» ՍՊ ընկերություն եւ հաստատվելուց հետո դրանք ներկայացրել վճարման:
Իսկ աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը, հաստատել են վերոհիշյալ կեղծ կատարողական ակտերը, որի հիման վրա «Արալպլաստ» ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 4 549 040 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:
Լոռու մարզի դատախազի որոշմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Այս մաին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել