Էռնեկյան. «Հայաստանը կառուցելու և դրախտ դարձնելու բեռը ընկած է մեր ուսերին այնպես, ինչպես ընկած է Հայաստանի մարդկանց ուսերին»
«Ամերիքըն Ինտերնեյշընլ Էյրփորթս» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի ելույթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրի բացմանը
16.09.2011
Նորին վսեմություն Հայաստանի Հանրապետության նախագահ, պրն. Սերժ Սարգսյան Գերաշնորհ վեհափառ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II
Նորին վսեմություն Ղարաբաղի Հանրապետության նախագահ, պրն. Բակո Սահակյան
Հայաստանի Հանրապետության վսեմաշուք վարչապետ, պրն. Տիգրան Սարգսյան
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության քարտուղար դեսպան պրն. Ալբերտո դ’ Ալոտտո
Արտաքին գործերի նախարարության փոխքարտուղար, աշխատակազմի ղեկավար պրն. Կլաուդիո Ռոզենցվեյգ
Քարտուղար ինժեներ պրն. Լորենցո Բասսո և նրա կոմիտե
Արդյունաբերողների միության նախագահ պրն. Խոսե Իգնասիո դե Մենդիգուրեն
Հարգելի նախարարներ և խորհրդարանի անդամներ,
Շատ սիրելի հայրենակիցներ,
Բարի եկած եք բոլորդ
1991 թվականին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը ժառանգեց օդանավակայան, որն ամբողջովին վատ էր սարքավորված, որպեսզի համապատասխաներ միջազգային երթևեկության պահանջներին:
Ավելին, գեղեցիկ դիզայնով, բայց անարդյունավետորեն կառուցված համալիրը վնասվել էր երթևեկության մեծ ծավալներից, որոնք առաջացել էին 1988թ. երկրաշարժից և դրան հաջորդած Ղարաբաղի շարժումից հետո, ինչպես նաև ֆինանսական միջոցների պակասի պատճառով վատ պահպանումից:
Հայաստանի նման ցամաքային երկրի վերապրելու և զարգանալու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառուցված և արդյունավետորեն ղեկավարվող օդանավակայան: Մենք բոլորս գիտեինք դա ի սկզբանե:
1991թ. նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ներգրավված կլինեմ ազգային այս բացառիկ կարևորության ծրագրում:
20 տարի անց կանգնելով այստեղ` ձեր առջև, ես պատվով եմ նշում այն փաստը, որ եղել եմ այս մեծ երազանքի և նվաճման մի մասը:
Այսօր ես հպարտությամբ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությանը և աշխարհի ողջ հայությանը մի օդանավակայան, որը, վստահ կարող ենք ասել, առանձնանում է իր միջազգային լավագույն պայմաններով:
Երբ ես պատասխանատվություն ստանձնեցի վերակառուցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, ես հայտարարեցի, որ հայ ժողովուրդը արժանի է լավագույնին:
Ես գիտեմ, որ իմ ծնողները կցանկանային, որ ես կատարեի այս խոստումը: Այս ինը տարիների ընթացքում ես առաջնորդվել եմ իմ խոստումով:
Այսօր` Հայաստանի անկախության 20-ամյակից ընդամենը մի քանի օր առաջ, մենք հանձնում ենք մի հաստատություն, որը համապատասխանում է քաղաքաշինության եւ ավիացիայի ամենաբարձր չափանիշներին:
Ես պետք է խոստովանեմ, որ իմ թիմը և ես չէինք կարողանա իրականացնել այս ծրագիրը առանց Հայաստանի Հանրապետության առաջնորդների նախորդ տարիների աջակցության:
Նրանք բոլորը պատրաստ էին աջակցելու այս ճանապարհի յուրաքանչյուր քայլին: Կցանկանայի մի քանի րոպե խլել և անձամբ շնորհակալություն հայտնել.
Նախկին և ներկա նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին,
Նախկին և ներկա վարչապետներ Անդրանիկ Մարգարյանին և Տիգրան Սարգսյանին,
Նախարար Արմեն Գևորգյանին,
Նախկին նախարար Դավիթ Հարությունյանին,
ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության անդամներին և ներկայիս պետ Արտյոմ Մովսիսյանին: Օգտվելով հնարավորությունից` կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Արգենտինայի Հանրապետության կառավարությանը: Մենք նախ զարգացրել ենք օդանավակայաններ կառուցելու և սպասարկման ոլորտների մեր բոլոր հմտությունները Արգենտինայում: Հասարակության և մասնավոր ռազմավարական դաշինքի միջոցով արգենտինական կառավարությունը խթանել և հնարավոր է դարձրել արգենտինական տեխնոլոգիաների փոխանցումը միջազգային հանրությանը: Ցանկանում եմ հայտնել իմ խորին հարգանքը և շնորհակալությունը Արգենտինային և նրա պաշտոնյաներին:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Արգենտինայի և Հայաստանի իմ թիմերին: Նրանցից շատերը այսօր կանգնած են այստեղ, իմ շուրջը: Նրանք անխոնջ աշխատել են ստանալու համար այն արդյունքը, որ մենք տեսնում ենք այսօր: Շնորհակալություն:
Մի քանի րոպեից ես նախագահ Սերժ Սարգսյանին կփոխանցեմ «Զվարթնոց» օդանավակայանի բանալին: Այս կարևոր բանալին կպահվի նրա կողմից, որպեսզի օդանավակայանի դռները միշտ բաց մնան աշխարհի համար:
Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր մեկնել են Հայաստանից` բացահայտելու աշխարհը, տարբեր փորձություններից դասեր քաղելու, ուսանելու արտասահմանյան հաստատություններում, մի օր կվերադառնան հայրենիք և կդարձնեն Մայր Հայաստանը ավելի լավ և ավելի բարգավաճ երկիր:
Որպես Արգենտինայի հայ Համայնքի անդամ և իմ նախնիների ավանդույթներով և արժեքներով ոգեշնչված մարդ` ես անձամբ զգում և պահպանում եմ իմ մեջ նրանց պարտավորվածությունը մեր հայրենիքի առջև:
Ես հասկանում եմ, որ սա կարևոր ժամանակաշրջան է Հայաստանի համար: Ես լավատեղյակ եմ բոլոր ապագա քաղաքական, աշխարհագրական և տնտեսական մարտահրավերների մասին:
Այս առիթով կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ես պատրաստ եմ տրամադրել իմ ողջ աջակցությունը յուրաքանչյուր քայլին, որը Հայաստանը կդարձնի ապահով, անվտանգ և կապահովի ավելի պայծառ ապագա:
Սրա հետ մեկտեղ, և քանի որ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի կառուցումը ավարտին է մոտեցել, ես որոշեցի ձեռնամուխ լինել նոր առաքելության, որը հատուկ կարևորություն ունի ապագա սերունդների համար:
Մի քանի ամիս առաջ դրվեց «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխայի համար» ծրագրի սկիզբը, որի նպատակն է Հայաստանի և Ղարաբաղի յուրաքանչյուր աշակերտի տրամադրել համակարգիչ` ինտերնետի հնարավորությամբ:
Այս ծրագրի նպատակը ոչ միայն աշակերտներին ուղղակի համակարգիչ տրամադրելն է, այլ ապահովելը նրանց ուսումնական մի գործիքով, որն ունի մուտք դեպի անսահմանափակ տեղեկատվություն, գիտելիքներ և կրթական գործիքներ ողջ աշխարհից:
Նպատակն է` բերել համաշխարհային կրթության ոլորտի լավագույն տարրերը Հայաստանի յուրաքանչյուր աշակերտին:
Ծրագիրը մենք սկսել ենք Ղարաբաղում, որտեղ ուսուցիչները կվերապատրաստվեն, և առաջին երեք հազար հինգ հարյուր համակարգիչը կբաժանվի այս տարի:
Մենք հուսով ենք ծրագիրը հնարավորինս շուտ իրականացնել Հայաստանում` հայկական կազմակերպությունների և անհատների օգնությամբ:
Կարճ ժամանակից հայ երիտասարդների զգալի քանակ կունենա ֆիզիկական և հեռահար կապ մնացած աշխարհի հետ: Մենք պարտավորվել ենք այս տարածումն անել Հայաստանով մեկ:
Սակայն կա ավելին…
Ես ուրախ եմ հայտարարելու, որ Արգենտինայից մեկնելուց առաջ նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հաստատեց, որ երկու երկկողմանի Տեխնիկական Համագործակցության պայմանագրերն ավարտված են և պատրաստ են ստորագրման Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև:
Արգենտինան Հայաստանին կտրամադրի մարդկային և տեխնիկական ռեսուրսներ` զարգացնելու, իրագործելու և շահագործելու նոր ջրամատակարարման, ջրաբաշխման և ոռոգման համակարգեր:
Այս նոր նախաձեռնության և հսկա ներդրման միջոցով Հայաստանը կկարողանա հետագայում իրագործել իր գյուղատնտեսական ողջ ներուժը ամբողջովին զարգացնելու նպատակը:
Առաջին պայմանագիրը տրամադրում է փորձագետներ Արգենտինայի պետական ջրային գործակալությունից, ովքեր ղեկավարում են խմելու ջրի մատակարարումը և ոռոգման ջրի վերամշակումը Բուենոս Այրեսում:
Երկրորդ պայմանագիրը գյուղատնտեսական և անասնապահության ոլորտում համագործակցության մասին է, որը էական օժանդակություն կլինի շատ կարևոր հարցերում, որոնք վերաբերում են Ղարաբաղի և Հայաստանի գյուխատնտեսական արտադրությանը, նորարարական տեխնոլոգիաներին, գյուղական զարգացմանը, կոմերցիային և այս ոլորտում երկկողմանի տնտեսական հարաբերությունների աճի խթանմանը:
Եվ վերջապես, Հայաստանի և Արգենտինայի արդյունաբերողների միության միջև ստորագրվելու է Փոխըմբռնման հուշագիր:
Ի վերջո, դիմելով Սփյուռքի իմ հայրենակիցներին, անկեղծորեն նշեմ, որ Զվարթնոցի միջազգային նախագիծը ծրագրելիս ես ցանկանում էի ստեղծել Հայաստանում էական ներդրումների մի օրինակ Սփյուռքի հայ գործարարների համար:
Հայաստանը կառուցելու և դրախտ դարձնելու բեռը, ինչի մասին այդքան խոսել և երգել ենք տարիներով, ընկած է մեր ուսերին այնպես, ինչպես ընկած է Հայաստանի մարդկանց ուսերին:
Անցած տասը տարիներին հետ նայելիս ես միայն նվաճման, բավարարվածության և ուրախության զգացում ունեմ:
Ես կոչ եմ անում Սփյուռքին ներդրումներ անել Հայաստանում, ընդունել նրա մարտահրավերները և իրագործել պատմական առաքելությունը:
Ի վերջո ես հավատում եմ, որ հակամարտության գոտում ներդրումներ անելը նպաստում է մարդկության խաղաղությանը:
Դա մի գործողություն է, որ միավորում է տարբեր կողմերին և վերածվում է ապագայի նկատմամբ վստահության քվեի:
Հիշելով, որ անցյալը շատ կարևոր է, հիշենք նաև, որ անչափ կարևոր է կառուցել ապագան:
Հուսով եմ, որ Հայաստանը կդառնա այնպիսի օրինակելի երկիր, որտեղ հայերը, արգենտինացիները, ամերիկացիները, ռուսները և մյուսները կկարողանան համագործակցել և կառուցել մարդկության համար ավելի լավ մի վայր:
Իմ կյանքի ընթացքում ես շատ օդակայաններ և շենքեր եմ կառուցել, աշխարհի չորս կողմում ներդրումներ արել:
Մի բան կարող եմ Ձեզ վստահեցնել. ոչ մի այլ տեղ և ոչ մի այլ առիթով ավելի մեծ հոգեկան գոհունակություն կամ հաճույք չեմ ստացել, քան Հայաստանի իմ նախաձեռնություններում:
Շնորհակալություն և հաջողություն մեզ բոլորիս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել