HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆերմերներին կապահովեն ոռոգման ջրով

Այսօր ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչի և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցությամբ ազդարարվել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի կողմից վերականգնվող 8,5 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող Այգեզարդի ինքնահոս համակարգի (Արարատի մարզ) 2,5 կիլոմետրանոց հատվածի բացումը: Ջրանցքի 1,4-րդ կիլոմետրի վրա է գտնվում ֆերմեր Աշոտ Աբրահամյանի հողակտորը, որտեղ էլ տեղի է ունեցել բացման արարողությունը: Աշոտ Աբրահամյանի ֆերման նաև ընտրված է որպես ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի շուկա բաղադրիչի 200-րդ ցուցադրական տեղամաս: ՀՄՀ -Հայաստանի մամլո ծառայության փոխանցմամբ` դեսպան Յովանովիչը և փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընդգծել են ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը գյուղատնտեսության վարման նոր փորձի փոխանցման տեսանկյունից` այդ թվում ոռոգման նոր տեխնոլոգիաների, բարձրարժեք գյուղատնտեսության ներկայացման և հայ ֆերմերների եկամուտների բաձրացման հարցերում: Նրանք կարևորել են, որ ֆերմեր Աշոտ Աբրահամյանն իր  20 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ պահպանել է իր 2 հեկտարանոց ծիրանի այգին` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այդ թվում` ոռոգման ջրի սակավությունը: Իսկ այժմ, օգտվելով ոռոգման բարելավումներից, նա կստանա ավելի շատ բերք և եկամուտ: Այգեզարդ, Գինեվետ և Նոր Ուղի համայնքների շուրջ 11 հազար գյուղաբնակներ նույնպես կօգտվեն Այգեզարդի ինքնահոս համակարգի վերականգնումից: Պաշտոնական ելույթներից հետո Այգեզարդի ոռոգման ջրանցքով բաց է թողնվել ոռոգման ջուրը: Այնուհետև, մասնակիցները և հյուրերը հնարավորություն են ունեցել շրջել ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում հիմնված 200-րդ ցուցադրական տեղամասում, որտեղ 1 հեկտարի վրա տեղադրվել է կաթիլային ոռոգման համակար•: Այգեզարդի ինքնահոս համակարգում կատարված ներդրումը ԱՄՆ կառավարության Հազարամյակի  մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) և  ՀՀ կառավարության միջև ստորագրված Համաձայնագրով (2006 թ.) Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման ոլորտներին տրամադրվող 180 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման կարևորագույն մասն է: Մինչ ծրագրի ավարտը` 2011թ. սեպտեմբեր, ՀՄՀ-Հայաստան ծրագրով նախատեսվում է վերանորոգել Հայաստանի ոռոգման մայր ջրանցքների որոշ հատվածներ, մի շարք պոմպակայաններ, ոռոգման ինքնահոս համակարգեր, կառուցել նոր ներտնտեսային ջրանցքներ և վերականգնել Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Ծրագիրը նաև վերապատրաստում է շուրջ 45,000 ֆերմերի գյուղատնտեսության վարման առաջավոր փորձի ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն է տրամադրում ջուր մատակարարող ընկերություններին, ինչպես նաև 8,5 միլիոն դոլարի վարկ է տրամադրում ֆերմերներին և փոքր ագրոբիզնեսներին` ծրագրի նպատակներին համահունչ գործունեություն իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter