1918թ. մայիսի 23-ի ձիթհանքովյան դժոխքի մասին հիշեցնող մի խաչքար կա կանգնեցված մարագների գտնված վայրում: Բավական մեծ տարածքի վրա ոչ մի շինություն` ոչ բնակելի տուն, ոչ անասնագոմ: Համայնքապետ Հովիկ Պողոսյանն ասում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ ոգեկոչման արարողություններ են կազմակերպվում, մարդիկ հարեւան համայնքներից հավաքվում են Ձիթհանքովում` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 500-ից ավելի անմեղ զոհերի հիշատակին, որոնց ողջ-ողջ թուրքերը լցրել են մարագներն ու ողջակիզել Սոգյութլիի մոտ կրած պարտությունից հետո:
«Թուրքը երեւի չի կարողացել մարսել իր պարտությունը Սոգյութլիի մոտ ու կողքի գյուղերի անզեն, անպաշտպան մարդկանցից է վրեժ լուծել»,- ասում է Հ. Պողոսյանը:
«Ջրագծի համար էս տարածքում որ փորեցին, ահագին մարդկային ոսկորներ ելան, էլի նույն տեղն էլ թաղեցինք,- պատմում է ձիթհանքովցի Մխիթար Մկրտչյանը,- իմ պապն էդ դեպքերի ականատեսներից է, ինքն էն ժամանակ երեխա է եղել: Ես շատ եմ լսել էդ պատմությունները, կարող եմ ձեզ էլ պատմել»:
Մխիթարի պապը 1906 թ. է ծնվել: «Զուլումի» տարին 12 տարեկան է եղել: Թոռանը պատմել է, որ ինքն իր հասակակից «քոռ» Զուրոյի հետ թաքնվել են երդիկներում ու տեսել, թե ինչ վայրագություններ են կատարում թուրքերը գյուղում:
Նախ` շրջակա գյուղերից, հանդերից, ճանապարհներից բռնած շուրջ 500 անզեն մարդկանց` հիմնականում արական սեռի տարբեր տարիքի տղամարդկանց, ծերերի ու երեխաների թուրքերը բերել-լցրել են Ձիթհանքովի դարմանի մարագները: Հետո գյուղում սկսվել է թալանն ու կանանց բռնաբարությունը:
«Մեր գյուղում մի շատ ժիր կին է եղել` Աթոյանց հարսը, կպատմեն, որ էնքան ազդեցիկ հայացք է ունեցել, որ տղամարդուն նայել է, տեղում տակն է արել, դե պատմում են, էլի: Էս հարսը թուրքի ձեռքը չընկնելու համար կպայվի թնդիրի մեջ: Բայց իրան կգտնին, կփորձեն թնդիրից հանել, չեն կրնա: Փաշան հրաման կուտա, որ ճիպոտահարեն էնքան, մինչեւ իրա կամքով դուրս գա: Բայց էդ կինն էդտեղ կմեռնի ու դուրս չի գա,- պապի պատմածներն է հիշում Մխիթարը,- պապս կպատմեր, որ իրենք երդիկից կախված սաղ տեսել են: Զուրոն էնքան է լացել, որ աչքերին «սեւ ջուր» է իջել, քոռցել է»:
Վառված մարագներից ձիթհանքովցիներից փրկվել է Իշխան Շահինյանը:
«Գյուղից Սմբատն է փրկվել, Իշխանը Շահինյան,- հիշում է 88-ամյա Խաժակ Դավթյանը,- Իշխանը 1978-ին մեռավ, խեղճը «պարալիչ» էր ընկել, ամեն հիշելուց սաղ ջանով կսրսփար: Անընդհատ գենոցիդից կխոսան, բա էս էլ է գենոցիդ, մարդկանց լցրել են մարագները սաղ-սաղ վառել, բայց քիչ մարդիկ գիտեն էդ մասին, քիչ կխոսվի»:
Մաստարացի Արոյ Դանիելյանի (մականունը` Պապե) փրկության պատմությունն է փոխանցում Մխիթարի մայրը` Լուսիկ Մկրտչյանը:
«Պապեն սկեսրոջս հորեղբայրն էր, էդ վախտը 15-16 տարեկան տղա է եղել, ինքը էն քչերից է եղել, որ սաղ է մնացել, հետո մարագի նեղ լուսամուտից գիշերը փախել է,- հիշում է Լուսիկ տատը,- կպատմեր, որ թուրքերը, կրակը որ իջել է, մտել են մարագները, հրացանի խշտիկներով ստուգել են, թե մեռածների մեջը կենդանի մարդ կա՞, թե՞ չէ: Էդ խշտիկը կմտնի Պապեի ոտը, բայց ձեն չի հանե: Հետո Իշխանի հետ մեռածների մարմինները դարսել են իրար վրա, որ հասնեն մարագի փոքր լուսամուտներին: Էնտեղից էլ գիշերով փախել են: Շահինյան Գինոսն էլ է հետները եղել, բայց էնիք վերքերից ձորի մեջ մեռել է: 7 օր, վիրավոր ոտով, գիշերները քարանձավները պահվելով` Պապեն փախել է, մինչեւ որ հասել է Մաստարա»:
Ձիթհանքովյան դժոխքին զոհ են գնացել ոչ միայն Շիրակի մարզի գյուղերի բնակիչները, այլեւ հարեւան Թալինի շրջանի:
Իսկ ինչու է ընտրվել հենց Ձիթհանքովը...այս պատմությունները լսող յուրաքանչյուր ոք, գոնե մեկ անգամ գյուղ այցելելով, կհասկանա:
Սարերի մեջ պարփակված, գլխավոր ճանապարհներից հեռու բնակավայրն ամենահարմարն էր այդ վայրագ արարքի իրականացման համար:
«Մտածել են` աչքից հեռու տեղ է, թե որ լուրն էլ հասնի հայկական զինված խմբերին, իրանք իրանց գործն արած-պրծած կեղնին,- պարզաբանում է Մխիթարը,- համ էլ էս գյուղը 2 հատ մեծ դարմանի մարագ ուներ, իրանցից մենակ նավթ լցնելն է հասել, մեկից կրակը կպել է, մե խոսքով` թուրքը լավ է իմացել անելիքը»:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել