ՀՔԾ-ին ճնշո՞ւմ են
Հաջորդ շաբաթվա սկզբում հրապարակվելու է մարտի 1-ի ուսումնասիրման նպատակով ստեղծված, հետագայում լուծարված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը` մարտի 1-ի դեպքերի որոշ մանրամասների վերաբերյալ:

Թերթի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այն հիմնականում վերաբերում է մարտիմեկյան դեպքերին ուժային համակարգը ներկայացնող կառույցների մասնակցության փաստին: «Այդ զեկույցում կլինեն շատ հարցերի պատասխաններ»,- նշել է նա` ավելացնելով, որ մինչեւ այսօր 10 զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտվել ոչ թե ՀՔԾ-ի պրոֆեսիոնալիզմի պակասի, այլ այն պատճառով, որ այս պահի դրությամբ նրանք լուրջ խոչընդոտներ ունեն` լիարժեք բացահայտումներ իրականացնելու համար:
«Ժառանգությունը» չի գնում բանակ
Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի զինծառայությունից տարկետման իրավունքով տեղերի կրճատման դեմ ուսանողների բողոքը հավակնում է համալրել «Ժառանգություն» կուսակցության տապալված նախաձեռնությունների շարքը: Գաղտնիք չէ, որ մագիստրատուրան եւ ասպիրանտուրան շատերի համար բանակից խուսափելու նույնքան ապահով եղանակ են, որքան «գժի թուղթը», եւ հենց այդ պատճառով` կոռուպցիայի անսպառ աղբյուր. տարեցտարի «գներն» աճում են` գիտությամբ զբաղվելու չնչին շանս թողնելով աղջիկներին:
Բացի այդ` դժվար է ասել մի քանի հազար զինվո՞րն է հիմա մեր երկրին անհրաժեշտ, թե՞ հանուն բանակ չգնալու իրենց «գիտության զոհասեղանին» դրած երիտասարդները, որոնցից ամենալավատեսական հաշվարկներով` մի քանի տասնյակ գիտնական է դուրս գալու:
«Ժառանգության» առանձնակի էնտուզիազմը լիովին բացատրելի կլիներ, եթե էլիտար դպրոցների բացման ծրագրերի դեմ ընդվզեին: Իսկ ընդհանրապես լավ կլիներ, որ բարձրաստիճան «ժառանգականների» զավակները հետեւեին Արմեն Մարտիրոսյանի օրինակին. ուսումն ընդհատելով բանակ մեկնած Մարտիրոսյանը հետո հաջողությամբ թեկնածութական թեզ է պաշտպնել: Թե չէ կարող է այնպես ստացվել, որ «Ժառանգությունը» զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին հանի բողոքի երթի, եւ մենք մնանք անբանակ:
Մտագարության հերթական բռնկում
Հհշականները հանգել են հերթական «ցնցող» եզրակացության, որ նրանց մշտական մտասեւեռումն է միաժամանակ: «Փաստորեն մայիսի 8-ին Մոսկվայում Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման ժամանակ ակնկալվում է լսել Սերժ Սարգսյանի վերջնական եւ պաշտոնական «այո»-ն, քանի որ Ալիեւն արդեն պաշտոնապես էր հայտարարել, որ ամբողջությամբ համաձայն է ԼՂ կարգավորման առաջարկվող տարբերակին»,- գրում են քարոզիչները:
Իսկ ի՞նչ են հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 5-ին Վիեննայում, որ սրանք այդպես դիվոտել են: Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա միջնորդները մասնավորապես հույս են հայտնել, որ մոտ օրերս տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նրանք կքննարկեն հարցը, թե ինչպես առաջ տանել բանակցությունները:
Արցախում ընտրապայքարն ակտիվանում է
Արցախի ժուռնալիստների միությունը ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 5-ը Ստեփանակերտ քաղաքում եւ հանրապետության բոլոր շրջաններում անցկացրել է հարցումներ գրավոր հասարակական հարցումներ` կապվծ մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Հարցումներին մասնակցել է 499 քաղաքացի, որոնց առաջադրվել են հետեւյալ հարցերը. «Մասնակցելո՞ւ եք արդյոք 2010 թվականի մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին» եւ «Ո՞ր կուակցությանը կողմ կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր»:
Հարցախույզն անցկացվել է երեք տարիքային եւ չորս սոցիալական խմբերում, մասնավորապես 382 հոգի տարբեր ոլորտների աշխատողներ են եղել, 56 ուսանողներ, 47 հարցվող ոչ մի տեղ չէր աշխատում, իսկ 16-ը թոշակառու էին: Այն հարցին, թե կմասնակցեն արդյոք ընտրություններին 358 հոգօ «այո» են պատասխանել, 86-ը` ոչ, իսկ 55 հարցվողներ դեռ չէին կողմնորոշվել:
Ընդ որում` եթե շրջաններում մասնակցության ցանկությունն առավելապես առկա էր, ապա մայրաքաղաք Ստեփանակերտում 200 հարցվողներից միայն 90-ն են դրական պատասխանել, մյուսների կողմնորոշումը կամ բացասական է եղել կամ էլ պատասխանել են, որ դեռ չեն կողմնորոշվել:
Համաձայն հարցումների` 114 հարցվողներ նախապատվությունը տվել են «Ազատ հայրենիք» կուսակցությանը, 81-ը` Արցխի ժողովրդավարական կուսակցությանը, 80-ը` Հայ հեղափոխական դաշնակցությնը, իսկ 28-ը` Արցախի կոմունիստական կուսակցությանը:
Հատկանշական է, որ առաջիկա ընտրություններում կոմկուսն այդ թվնիշը համամասնորեն ապահովելու դեպքում առաջին անգամ իր ներկայացուցիչը կունենա ԼՂՀ խորհրդարանում:
ՀՀԿ-ԲՀԿ բազարներ
Թերթի ունեցած տեղեկություններով` օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ ծանր խոսակցություն է եղել, որ արդյունքում Խաչատրյանը սպառնացել է հրաժարական տալ: Խոսակցությունը վերաբերերել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շրջանակներում օլիգարխների մոտ ստուգումներ անցկացնելուն:
Այլեւս ճակատին գրված չէ
«Եթե խոսքն այն նախկին կուսակցականի մասին է, որի դուրս գալը ՕԵԿ-ից արդեն երեք տարվա վաղեմություն ունի, եւ որի ճակատին իր խոսքերով` գրված էր ՕԵԿ, ապա այդ հարցի մասին նոր ասելիք չունենք: Անձերի քաղաքական կողմնորոշումներին կուսակցությունը գնահատական չի տալիս, քանի որ ամեն մար ինքն է պատասխանատու իր կատարած քայլերի համար:
Ինչ վերաբերում է մտավախությանը, ասեմ, որ նման խնդիր չկա, քանի որ օրեցօր մեր շարքերը համալրում են մի քանի տասնյակ նոր կուսակցականներով»,- պատասխանելով թերթի հարցին` ինչպես են մեկնաբանում փաստը, որ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը անդամակցել է ԲՀԿ-ին, եւ մտավախություն չկա՞, որ նման երեւույթը կդառնա շարունակական, ասաց Օրինաց երկիր կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել