Բերքաբերում բերքը սակավ է, կրակոցը` շատ
1980թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակին մեծ շուքով բացվեց Ջողազի ջրամբարը: Այն կառուցվեց հայ-ադրբեջանական սահմանին: Դրա ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի ու Իջեւանի շրջանների եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: Իջեւանի Ջողազ գյուղը, որ ջրամբարի աջ ափին է գտնվում, վերանվանվեց Բերքաբեր: 44 մլն խորանարդ մետր տարողությամբ արհեստական լիճը դարձել է չեզոք գոտի, որի ադրբեջանական ափից գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում:
«1184 հա տարածքից մեզ մնացել է ընդամենը 350 հա, մնացած ավելի քան 800 հա-ն` ադրբեջանցիներին: Ընդամենը 87 հա վարելահող ունենք, 54 հա` տնամերձ: Գյուղի 500 հա վարելահողը լճի ձախ ափում է գտնվում, ադրբեջանցիների վերահսկողության տակ: Եթե խաղաղություն լինի, գյուղի յուրաքանչյուր շունչ մի հեկտար վարելահող կունենա»,- ասաց 56-ամյա Սուրեն Խուդավերդյանը, ով համայնքը ղեկավարում է 2005 թ. նոյեմբերից:
1990-ական թվականներին փոքր գյուղը 8 զոհ է տվել` ազատամարտիկ կամ խաղաղ բնակիչ: Վերջին զոհն անցյալ տարի է եղել, երբ ադրբեջանցի դիպուկահարի կրակից զոհվեց պայմանագրային մի ծառայող: Երկու շաբաթ առաջ ոտքից վիրավորվեց հրազդանցի պայմանագրային մի ծառայող: Սահմանի պատճառով Բերքաբերի համայնքապետարանը աշխատավարձի 3 մլն 751 հազար, սոցվճարի` 1 մլն 488 հազար դրամ պարտք ունի: «Պարտքը գոյացել է 1997-2002 թթ.»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, հաշվապահ Յուրիկ Թամրազյանը:
Պարտքը առաջացել է սեփականաշնորհված 134 հա-ի պատճառով, որը 1991-ից ադրբեջանական վերահսկողության տակ է: Չգիտես ինչու` այդ հողի հարկը հաշվարկվել է համայնքի բյուջեում, այդ չափով էլ պետական լրավճար քիչ է տրվել համայնքին:
«Այդ հարցով շուրջ 300 նամակ ենք ուղարկել իշխանության տարբեր մարմիններ»,- ասում է համայնքապետը:
2002-ից այդ պարտքը սառեցված է, անցյալ տարի տարածքային կառավարման նախարարության ֆինանսական բաժնից եկել են, համայնքապետարանում ստուգում կատարել եւ պարզել պարտքի պատճառը:
Համայնքի ղեկավարը հույս ունի, որ այդ բազմաչարչար հարցը լուծում կգտնի եւ պետբյուջեից այդ նպատակով համարժեք հատկացում կտրվի: Բերքաբեր համայնքի այս տարվա բյուջեն 7 մլն 258 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 6 մլն 415 հազար դրամ:
Սեփական եկամուտներից 390 հազար դրամը գույքահարկ է, հողի հարկը` 216 հազար դրամ: Նախատեսված է 214 հազար դրամ հավաքագրել հողի հարկի ապառքներից:
Տեղական տուրքեր չեն նախատեսված, 526 բնակիչ ունեցող Բերքաբերում ընդամենը մի խանութ կա: «Խանութի տերը` Ալիխանյան Լյովան, «նիսյայի» մի մեծ ցուցակ ունի, բանկերից վարկ է վերցնում, որ ապրանք բերի»,- վկայում է Սուրեն Խուդավերդյանը:
Նախորդ տարվա համեմատ պետբյուջեից տրվող լրավճարը 1.2 մլն դրամով աճել է: Համայնքի ղեկավարն ասում է, որ այդ գումարից 200 հազարը կծախսվի Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակը նշելու, իսկ 1 մլն-ը` խմելու ջրագծի նորոգման համար:
Աճարկուտ գյուղի վերեւի տարածքից ձգվող 11 կմ երկարությամբ այդ ջրագիծը 40 տարի առաջ է կառուցվել: Ջրագծի երկաթյա եւ չուգունե խողովակները մաշված են, ջրահավաք ավազանները ցեխով են լցվել: Այդ պատճառով ջուրը խմելու համար չեն օգտագործում, այլ` տնամերձերի ոռոգման եւ կենցաղային կարիքների համար:
Նախատեսվում է «Շեն» կազմակերպության ֆինանսավորմամբ նորոգել ջրագիծը: Համայնքն այդ ծրագրում 3 մլն դրամ պիտի ներդնի: Ծրագրի հաստատվելու դեպքում ծագելու է եւս 2 մլն հայթայթելու խնդիրը: Ջրամբարի պատվարի կառուցման ժամանակ` 1975 թ., շինարարական կազմակերպությունը իր կարիքների համար խմելու ջրագիծ է կառուցել:
Այդ ջրագիծը վերագործարկելու համար հարյուր մետր խողովակ էր պակասում, որն էլ տրամադրեց կենսաթոշակի անցնելուց հետո մայրաքաղաքից գյուղ վերադարձած Երեմ Քոչարյանը, ով այս տարի հեռացավ կյանքից:
Այդ ջրագիծն այժմ սպասարկում է շուրջ 20 ընտանիքի: Գյուղի կենտրոնում է գտնվում «Ջահանի աղբյուրը», որը ներկայիս գյուղապետի հոր անունն է կրում: 1950-ական թթ. լինելով կոլխոզի նախագահ` նա աղբյուրը կառուցել է կոլտնտեսության միջոցներով:
4 տարի առաջ այն նորոգվել է, գյուղի վերին մասում 2 ծորակ տեղադրվել, որտեղից ջուրը ձեռքով կամ մեքենաներով կրում են: Բերքաբերում նաեւ ոռոգման ջրի պակաս է զգացվում:
Կիրանցի կամրջից վերեւ սկիզբ է առնում տնամերձերի հետ միասին շուրջ 35 հա ոռոգող ջրագիծ: Սակայն ամռանն այդ ջրատարի ջուրը չի հերիքում:
1999-2000 թթ. ջրամբարի պատվարի տակ հիդրոպոմպ տեղադրվեց, որը ջուր էր մղում Բերքաբեր եւ հարեւան գյուղեր: Սակայն 2002-ից, սահմանագոտում իրավիճակի լարվելու հետեւանքով, այն անգործության մատնվեց:
Նույն պատճառով լքվեց եւ ավերվեց 1996 թ. Փախստականների նորվեգական խորհրդի միջոցներով կառուցված միկրոհէկը, որը պետք է էլեկտրաէներգիայով ապահովեր համայնքապետարանը, դպրոցն ու մանկապարտեզը:
Իսկ մանկապարտեզը վաղուց փակ է. համայնքը դրա համար միջոցներ չունի: Գյուղապետը թվարկում է վերջին տարիներին կատարված գործերը, օգնողներին: 2007-ին «Հեյֆեր» կազմակերպությունը ֆրանսիական 30 այծ է հատկացրել, որոնք, սակայն, տեղի պայմաններին չդիմացան:
Նույն կազմակերպությունը 2008-2009 թթ. 15 հղի կով է տվել սոցիալապես անապահով ընտանիքներին` անասունի սերնդից այն վերադարձնելու պայմանով: Այս ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը մի քանի գյուղի համար հացահատիկահավաք կոմբայն է նվիրել, ինչի շնորհիվ նախորդ տարվա համեմատ գյուղում հացահատիկի ցանքն աճել է:
Նա նաեւ գյուղին 15 կմ պոլիէթիլենային խողավակ է նվիրել, որի միջոցով գյուղի գերեզմանատուն ջուր է հասցվել:
Նախանցյալ տարի պաշտպանության նախարարությունը տրամադրել է դիզելային վառելանյութ, որով խճապատվել է Սարիգյուղ տանող կարճ, ռազմավարական նշանակության ճանապարհը, 2009-ի դեկտեմբերին էլ համայնքի միջոցներով խճապատվել է Սարիգյուղ տանող հիմնական` 4 կմ ճանապարհը:
Խորհրդային տարիներին գյուղը գազիֆիկացված էր, սակայն 1991-ից բնական գազ չեն ստանում:
Գյուղապետն ասում է, որ ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ պետք է գազիֆիկացում արվի, սակայն տեղյակ չէ, թե երբ կլինի:
Խորհրդային տարիներին գործող տնկարանային տնտեսության լուծարումից հետո տնտեսության տրակտորներն ի պահ են հանձնվել համայնքապետարանին, սակայն դրանք փոքր` 1000-2000 քմ տնամերձերը մշակելու համար հարմար չեն:
Բերքաբերցի Ցոլակ Դիլբարյանը դժգոհեց, որ տնամերձերը վարելու համար Սարիգյուղից կամ ավելի հեռվից` Ներքին Ծաղկավանից տրակտոր են բերում եւ վճարում թե վարի, թե տեխնիկայի տեղափոխման վառելիքի համար. գյուղը մինի տրակտոր չունի:
78-ամյա Վաղինակ Գեւորգյանի խոսքերով` իրենց եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է:
Սակայն ադրբեջացիները կրակում են տավարածների վրա, իսկ հրամանատարությունը մեր զինծառայողներին չի թույլատրում հակառակորդի կրակին պատասխանել:
Բերքաբերի բնակիչ Հայկազ Խուդավերդյանն էլ բողոքի իր պատճառն ունի: Նրա տունը 1992 թ. հրետակոծվել է: Երկու տարի առաջ վարկով եւ ուրիշներից վերցրած պարտքով տանիքը շիֆերներով մի կերպ կարկատել, նորոգել է:
Հայկազ Խուդավերդյանն ասում է, որ գյուղում 55 տուն տուժել է ադրբեջանական հրետակոծությունից, սակայն նորոգման նպատակով ընդամենը 4 տան համար է պետական օգնություն տրվում:
Տավուշի մարզպետարանի աշխատակիցն ասել է, որ Հայկազին գումար չի տրվելու, քանի որ նա արդեն նորոգել է տան տանիքը:
Բերքաբերում սոցիալականից զատ այլ խնդիրներ էլ կան: Այստեղ հանգստի, ժամանցի հնարավորությունները բացակայում են: Հիմա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թրպանճեան» գյուղական համայնքների զարգացման ծրագիրը համայնքապետարանի հրետակոծված շենքի մի սենյակը նորոգում է:
Մայիսի կեսին այն կդառնա զբաղմունքի կենտրոն` խաղամիջոցներով եւ կահույքով հագեցած:
Համայնքապետարանի երկրորդ հարկում չգործող գրադարան կա: Գյուղապետի խոսքերով` այնտեղ հին, մաշված գրքեր են, հիմնականում` Լենինի հատորները: 1980-ական թվականների վերջին սկսվել, սակայն կիսատ է մնացել եկեղեցու շինարարությունը:
Գյուղացիները մոմ են վառում այնտեղ տեղադրված խաչքարին: Բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանի ջանքերով ցուցանմուշներ են հավաքվել, ազգագրական թանգարան է հիմնվել, սակայն հրետակոծված փոքր շենքի տանիքը եւ ներսը վերանորոգման խիստ կարիք ունեն:
Բերքաբերը հազիվ գոյատեւում է, գյուղի զարգացման հեռանկարը խաղաղության հաստատման հետ է կապված: Սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի երկհարկանի մեծ շենքում հիմա 46 աշակերտ է սովորում: 2-9-րդ դասարանները երկկոմպլեկտ են:
Դպրոցի տնօրեն, «Մովսես Խորենացի» շքանշանի արժանացած Հենրիկ Արզումանյանը հայտնում է, որ այս ուսումնական տարում 5 աշակերտ ծնողների հետ հեռացել է. 2-ը բնակություն են հաստատել Բելգիայում, 1-ը` Ռուսաստանում, մյուս երկուսը` մարզկենտրոն Իջեւանում:
«Հողերի 80 տոկոսն ադրբեջանցիների ձեռքին է, ամեն օր կրակում են, ժողովուրդն էլ պետությունից ոչ մի արտոնություն չի ստանում: Լճի մյուս ափին գտնվող Մազամ գյուղը Ադրբեջանի կառավարությունից «Հերոս գյուղ» կոչում է ստացել` արտոնություններով հանդերձ»,- ասում է է դպրոցի տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել