HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորներն արհամարհում են Սահմանադրությո՞ւնը, Սահմանադրական դատարանի՞ն...

«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած Սահմանադրական դատարանը որոշել է, որ «ՀՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցնելուց հետո չպետք է կիրառվեր դատարանների կողմից, այնուհանդերձ, ՀՀ օրենքներում համապատասխան օրենսդրական փոփոխություններ չեն եղել»: Սա մի հատված է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի ապրիլի 22-ին կայացրած վճռից, որով նա, ի պատասխան փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքի, արդարացնում եւ վերահաստատում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարո Արամյանի կողմից հիշյալ օրենքը կիրառելու փաստը: 24.03.2009 թ. կայացված ՍԴՈ-24 որոշումով արձանագրվել էր, որ նշված օրենքը ուժը կորցնելուց հետո չէր կարող կիրառվել դատարանների կողմից, եւ դրա կիրառումը, բնականաբար, սխալ լուծման է հանգեցրել դատական վեճը: Ներկայացվածը միակ դեպքը չէ, երբ դատավորները կիրառում են հակասահմանադրական ճանաչված օրենքի նորմը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2010 թ. մարտի 3-ին Արդարադատության խորհրդին (Ա ) եւ Վճռաբեկ դատարանի (ՎԴ) նախագահ Արման Մկրտումյանին գրությամբ տեղեկացրել էր, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը կիրառել է հակասահմանադրական ճանաչված օրենքի նորմ: «2009 թ. ապրիլի 10-ին կայացրած վճիռը նա հիմնավորել է` հղում կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին, որը ՍԴ-ն 2008 թ. հունվարի 29-ի ՍԴՈ-731 որոշմամբ ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»: Օմբուդսմենի այս գրությանը, ամենայն հավանականությամբ, ընթացք չի տրվի, քանի որ վարույթ հարուցելու դեպքում Ա-ն 6 շաբաթյա ժամկետում պետք է որոշում կայացներ այդ մասին, եւ քանի որ սահմանված ժամկետը վաղուց է լրացել, նշանակում է կարգապահական վարույթ չի հարուցվել: Դա նաեւ նշանակում է, որ Ա-ն սկզբունքային մոտեցում չունի այս հարցին եւ նման դեպքերում ղեկավարվում է երկակի չափանիշներով, քանի որ վերջերս` 19.02.2010 թ., հակասահմանադրական ճանաչված օրենքի նորմը կիրառելու համար կարգապահական տույժի է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին: Դատավոր Յու. Բաղդասարյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով։ «Դատավոր Յու. Բաղդասարյանի կողմից վկայակոչված նորմը, որն արգելում էր անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին ազատել պետական տուրքի վճարումից, նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով, որն ուժը կորցրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 07.04.2009 թ. ՀՕ-84-Ն ՀՀ օրենքով։ Այն հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի խախտմանը։ Խորհուրդը գտնում է, որ դատարանը, կիրառելով այդ օրենքը, չի ապահովել գործի քննության ժամանակ գործող օրենսդրության պատշաճ իմացություն»,- իր կայացրած որոշումը հիմնավորել է Խորհուրդը։ ՍԴ-ն ամեն տարի զեկույց է հրապարակում դատարանի ընդունած տարեկան որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Ինչպես նշվում է զեկույցում եւ տարբեր ամբիոններից բազմիցս հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հակասահմանադրական ճանաչված մոտ 30 օրենսդրական նորմեր շարունակում են պահպանվել օրենսդրության էլեկտրոնային միջոցներում, չեն հանվել ու կիրառվում են: Նշվում է, որ Սահմանադրական դատարանի` նախկինում ընդունած որոշումների մի մասը, որոնցով հակասահմանադրական են ճանաչվել օրենքների մի շարք նորմեր, վերաբերում են մարդու դատական պաշտպանության, արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների իրացմանը: ՍԴ-ի որոշումների կատարումը երաշխավորելու համար ՍԴ-ն անհրաժեշտ է համարում օրենսդրորեն ապահովել, որ ՍԴ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հակասահմանադրական ճանաչված ակտն ընդունած պետական մարմինը իր ընդունած ակտը համապատասխանեցնի Սահմանադրության պահանջներին: Մինչդեռ, ինչպես ասվում է ՍԴ-ի 2009 թ. տարեկան զեկույցում, ՀՀ օրենքներում փոփոխությունները կատարվել են ՍԴ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ-երկու տարվա ընթացքում, իսկ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը համապատասխան փոփոխություններ կատարել է որոշումն ընդունելուց մոտ երեք տարի հետո: Վիճակը շտկելու նպատակով ՍԴ նախագահը 2008 թ. գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով պաշտոնական տեղեկագրում օրենքները հրապարակելիս նշել, որ դրանք հակասահմանադրական են ճանաչվել: «Անթույլատրելի է պաշտոնապես հրատարակել կամ վերահրատարակել որեւէ իրավական ակտ` առանց նշում կատարելու այն մասին, որ տվյալ իրավական ակտի համապատասխան դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»,- նշել է ՍԴ նախագահը: ՀՀ արդարադատության նախարարը պատասխան գրությամբ հայտնել է. «...ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը իրավական ակտում փոփոխություն կամ լրացում նախատեսող իրավական ակտ չէ եւ որեւէ օրենքով նախատեսված չէ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանի կողմից իրավական ակտի կամ դրա մասի անվավեր ճանաչելու որոշման մասին պետք է հղում նախատեսվի վերահրատարակվող իրավական ակտում»: Ստացվում է, որ հակասահմանադրական ճանաչված ակտերն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող եւ ուժը կորցրած ճանաչվելուց հետո էլ կարող են պաշտոնապես նույնությամբ, առանց որեւէ նշումի հրատարակվել եւ շրջանառության մեջ դրվել: ՍԴ-ի նախագահը 15.04.2008 թ. գրությամբ դիմել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով նրա միջամտությունը ՀՀ պաշտոնական տեղեկագրում վերահրատարակվող օրենքներում Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչված օրենքների առանձին դրույթների վերաբերյալ նշում կատարելու համար: «Նման պարագայում վերահրատարակված օրենսգիրքը հակասահմանադրական ճանաչված նորմերը մատուցում է որպես գործող նորմեր»,- նշել է ՍԴ նախագահը: Ազգային ժողովի նախագահի պատասխանում նշվում է, որ, իրոք, նման վիճակը կարող է օրենքների կիրառման ժամանակ թյուրըմբռնում առաջացնել, եւ լավագույն լուծումը կլինի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելը: 2008 թ. գրությունից հետո անցել է շուրջ երկու տարի, բայց ԱԺ-ն խոստացած օրենսդրական փոփոխությունը դեռեւս չի կատարել: Նշենք, որ հակասահմանադրական ճանաչված օրենքի նորմերի կիրառումը հատուկ է դատական բոլոր ատյաններին: Վճռաբեկ դատարանն, օրինակ, անտեսելով ՍԴ որոշումները` շարունակում է կիրառել հակասահմանադրական ճանաչված օրենքի նորմերը եւ իր յուրովի մեկնաբանությամբ վերադարձնում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը վերանայելու պահանջով ներկայացված վճռաբեկ բողոքները: «Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ներկա վիճակը վկայում է, որ մարդու իրավունքների ապահովման ու արդյունավետ պաշտպանության առումով առկա է զգալի պոտենցիալ վտանգ: Մասնավորապես, դա վերաբերում է Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների երաշխավորմանը»,- ասվում է ՍԴ զեկույցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter