Տիգրան Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում բացվում է մի նոր էջ»
Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպել է այս երկրի իր գործընկեր Յան Ֆիշերի հետ: ՀՀ վարչապետի ու նրա տիկնոջ պատվին Յան Ֆիշերի կողմից նրա կեցավայրում՝ Կրամարի վիլլայում, տրվել է աշխատանքային ճաշ:
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման հարցեր, տնտեսական գործակցության, այդ թվում՝ էներգետիկայի, հաստոցաշինության, քիմիական արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում զարգացման ծրագրեր: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը հեռանկարային է եւ ունի մեծ ներուժ: Վարչապետներն արձանագրել են, որ առկա է հնարավորություն` երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու եւ առաջ մղելու համար:
Տ. Սարգսյանը եւ Յ. Ֆիշերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին ու ԵՄ Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերի: Լրագրողների խնդրանքով ամփոփելով աշխատանքային այցի եւ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպման արդյունքները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորե է հայաստանյան կողմի` ասոցիատիվ անդամակցության հարցը Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը:
«ԵԺԿ խմբի բյուրոյի հանդիպմանն ունեցած իմ ելույթում առանձնացրեցի այն հիմնական թեզերը, որոնք հիմնավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցության` Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Այդ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ծանոթանալու ԵԺԿ հարուստ փորձին, եւ առաջին հերթին այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրոպայում, այն արժեքներին, որոնք ընկած են եղել բարեփոխումների հիմքում»,-նշել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով, դա ամենակարեւոր հարցն է, որն այսօր գտնվում էր ԵԺԿ բյուրոյի օրակարգում, եւ այժմ արձանագրվում է, որ հայկական կողմը սկսել է այդ կարեւորագույն եվրոպական քաղաքական միավորման հետ համագործակցությունը, բնականաբար, կստացվի նաեւ օժանդակություն քաղաքական բարեփոխումներ իրականացնելիս Հայաստանի Հանրապետությունում:
«Քանի որ մենք ներկայացնում ենք մեր խնդիրները, մեր պրոբլեմները եւ այն արժեքները, որոնց հիման վրա Հանրապետական կուսակցությունը իրականացնում է բարեփոխումներ Հայաստանում, մյուս կողմից, մեզ հետաքրքրում է, թե ինչ խնդիրներ են մտահոգում մեր գործընկերներին եւ Եվրախորհրդարանինե,-ասել է վարչապետը: Ըստ նրա` Կարլրվի Վարիի հանդիպումը նաեւ հնարավորություն էր շփվել Եվրոպական Ժողովրդական կուսակցության բյուրոյի անդամների հետ, լսել նրանց անձնական կարծիքը Եվրոպայի այսօրվա քաղաքական դաշտի, նրանց որդեգրած արժեքային համակարգի վերաբերյալ, թե ինչ փորձությունների են հանդիպել դրանց պաշտպանության հարցում, ինչ խնդիրներ են նրանց մտահոգում:
«Այս ամենը չափազանց հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ Եվրոպան ինքն այսօր ունի բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ, մեր գործընկերներին նույնպես մտահոգում է միասնական Եվրոպայի ապագան, մանավանդ, որ արժեքների շուրջ բավական լուրջ քննարկումներ են ընթանում, դիտարկվում են մտահոգիչ երեւույթներ եւ հանգամանքներ: Մեզ համար չափազանց կարեւոր է իմանալ, թե մեր կուսակցական գործընկերներն ինչ խնդիրներով են այսօր ապրում:
Եթե մենք ավելի լավ ենք պատկերացնում նրանց մտահոգող հարցերը, ապա այդ տեսակետից ավելի հասկանալի է դառնում արեւելյան եւ արեւմտյան հատվածների համագործակցության խնդիրները: Քանի որ փորձը, որը Եվրոպան կուտակել է, մանավանդ, բեռլինյան պատի փլուզումից հետո, նրանց հնարավորություն է տալիս դասեր քաղելե,- նշեց ՀՀ վարչապետը:
Ըստ նրա` Արեւելյան գործընկերության այս նոր ծրագիրը, որն այսօր մշակվում է, եւ որի մեջ ներառված են նախկին Խորհրդային Միության վեց հանրապետություններ, ենթադրում է, որ այդ դասերը քաղելով, հնարավորություն կլինի մշակելու նոր ռազմավորություն, նոր օրակարգով, որպեսզի այդ համագործակցությունը հաշվի առնի նախորդ փուլի եւ բացթողումները, եւ սխալները, եւ ձեռքբերումները:
«Այդ տեսակետից մեր գործընկերների մտահոգությունը մեզ համար դարձավ ավելի հասկանալի, մյուս կողմից ՝ մեր տեսակետները` մենք ինչ ենք սպասում Նոր հարեւանության ծրագրից եւ որոնք են այն թիրախները, որոնք մենք ենք ուզում, որ այդ ծրագրի հիմքում ընկած լինի, մեր խոսքը նույնպես տեղ հասավ: Կարծում ենք, որ այս ամենը կնպաստի նրան, որ Նոր հարեւանության ծրագրի մշակման ժամանակ հաշվի առնվեն նաեւ Հայաստանի Հանրապետության արդիական խնդիրները, այն կարիքները, որոնք մենք ենք առաջ քաշում, մասնավորապես նաեւ` Հանրապետական կուսակցության ընկալումը ընթացիկ խնդիրների շուրջե,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան այն հարցի, որ թուրքական կողմից եւս կան ուժեր, որոնք համագործակցում են ԵԺԿ-ի հետ, եւ որքանով այս կառույցը կարող է նպաստել տրածաշրջանային երկխոսության առաջմղմանը, ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Ժողովրդական կուսակցության ներսում կան խմբեր, պատասխանատուներ, որոնք աշխատում են նաեւ այդ հարցի ուղղությամբ, մասնավորապես` ԵՄ-Թուրքիա համագործակցության վերաբերյալ, եւ փորձում են մշակել այն արժեքային համակարգը, որի ներքո էլ արդարացվում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
«Բնականաբար, փակ քննարկումների ժամանակ իրենց հետաքրքրում էր Հայաստանի Հանրապետության եւ Հանրապետական կուսակցության վերաբերունքը Թուրքիայի անդամակցության խնդրի վերաբերյալ: Այդ տեսակետից մեզ համար չափազանց կարեւոր են այն բարեփոխումները, որոնք ընթանում են Թուրքիայում, որոնց արդյունքում այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տասը տարիների ընթացքում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Թուրքիայում:
Այսօր Թուրքիայում կան հազարավոր մտավորականներ, որոնք ընդունում են Ցեղասպանության փաստը, որոնք ազատորեն, անկաշկանդ արտահայտվում են այդ մասին, եւ դա հույս է ներշնչում, որ անխուսափելիորեն Ցեղասպանության պատմական փաստը Թուրքիան վաղ, թե ուշ ընդունելու է»,-նշել թ ՀՀ վարչապետը:
Բնականաբար, ըստ նրա, ԵՄ կողմից օժանդակվող բարեփոխումները նպաստում են դրան, քանի որ եվրոպական արժեքների ներդրումը Թուրքիայում, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը եւ բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք այսօր քարոզում է նաեւ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը, դրանց տարածումը նաեւ Թուրքիայում, բնականաբար, ստեղծելու են ավելի նպաստավոր պայմաններ: Վարչապետի դիտարկմամբ` մի կողմից` Թուրքիան ընդունելով այս արժեքները կճանաչի Ցեղասպանության փաստը, մյուս կողմից, բնականաբար, ունենալ ժողովրդավարական արժեքներով ապրող հարեւան պետություն, նշանակում է ունենալ ավելի կանխատեսելի հարեւան:
«Հայաստանի Հանրապետության համար դա ձեւավորում է ավելի բարենպաստ միջավայր: Դա, ըստ էության, մեր կարեւորագույն ուղերձներից մեկն է` Հարեւանության ծրագրի իրականացումը նաեւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների խթան է հանդիսանում»,-նկատել է նա:
Անդրադառնալով Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ հանդիպմանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ հանդիպումը պայմանավորված էր նրանով, որ հայ-չեխական հարաբերություններում բացվում է «մի նոր էջ, մի նոր փուլ»:
«Չեխիայի վարչապետը պատրաստվում է այցելել Հայաստանի Հանրապետություն, եւ մեր այս աշխատանքային հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հստակեցնելու հայ-չեխական հարաբերությունների օրակարգը, այն հարցերը, որոնք գտնվում են մեր հետաքրքրությունների շրջանակներում, այդ թվում` եւ տնտեսական, եւ քաղակական բովանդակություն ունեցող խնդիրներ: Կարծում եմ, որ այսօր հստակ ձեւակերպված օրակարգն առավել արդյունավետ կդարձնի նաեւ Չեխիայի վարչապետի այցելությունը Հայաստան, եւ մենք կկարողանանք ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք ձեւավորելու են ավելի բարենպաստ դաշտ մեր երկու երկրների տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար»,-ասել է ՀՀ վարչապետը:
Նրա ներկայացմամբ` դա վերաբերում է եւ պայմանագրերի ստորագրմանը, եւ ներդրումների պաշտպանության օրենսդրության հստակեցմանը, երկակի հարկումից խուսափելու օրենսդրական դաշտի ձեւավորմանը: «Կարծում եմ, մենք կկարողանանք նաեւ կոնկրետացնել այն բնագավառները, որտեղ կան տնտեսական հետաքրքրություններ մասնավոր հատվածի համար»,-նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել