HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Տպագիր մամուլն այստեղ ավելի ազատ է, քան էլեկտրոնային լրատվամիջոցները»

«Տպագիր մամուլը այստեղ ավելի ազատ է, քան էլեկտրոնային լրատվամիջոցները` հեռուստատեսությունը, ռադիոն: Չնայած ռադիոն էլ որոշակի ազատություն ունի, բայց ոչ այդքան մեծ: Շատերը այդ ազատությունը ճիշտ չեն օգտագործում և հասկանում են` ամենաթողություն»,- «Հետք»-ի հետ հարցազրույցում նշել է Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նրա խոսքերով` Չեխիայում շատ ավելի ազատ են լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը շատ մեծ ազդեցություն ունի. «Տարբեր ալիքների, նաև մասնավոր հեռուստաընկերությունների առկայությունը թույլ է տալիս տարբեր թեմաների անդրադառնալ, նաև քննադատել իշխանություններին` սկսած նախագահից վերջացրած հասարակ չինովնիկով: Ամեն դեպքում ամեն մի լրատվամիջոց ներկայացնում է որևէ քաղաքական ուժի կամ բիզնեսի ներկայացուցչի, դա այդպես է և այստեղ, և այնտեղ»,- նշում է «Օրեր»-ի խմբագիրը` օրինակ բերելով Չեխիայում լույս տեսնող ամենազդեցիկ և իրար մրցակից երկու թերթերը, որոնք պատկանում են գերմանական մի ընկերության: Հակոբ Ասատրյանը չի հասցնում կարդալ հայկական թերթերը, բայց իր խոսքերով` եթե որևէ մեկի սեղանին տեսնում է, վերցնում է և թերթում: Հայկական լրագրողական դաշտից նա բազմաթիվ ընկերներ ունի, բայց չնշեց, թե այստեղ հատկապես ում է հավանում որպես լրագրող` ասելով, որ «նրանք բոլորը գիտեն իմ կարծիքը իրենց մասին»: Հակոբ Ասատրյանը տեղափոխվել է Չեխիա, քանի որ կնոջը` Աննա Կարապետյանին աշխատանք էին առաջարկել «Ազատություն» ռադիոկայանում: Ինքն էլ որոշ ժամանակ աշխատել է որպես այդ ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից. «Խիստ կապվածություն չկա Չեխիայի հետ, կվերադառնամ, եթե աշխատանքի խնդիրը լուծվի»: Ասատրյանը հաճախակի է այցելում Հայաստան, այդ պատճառով էլ մեծ տարբերություններ այստեղ չի զգում. «Այստեղ ինձ չուրախացրեց անկազմակերպվածությունը, կոռուպցիայի առկայությունը: Մի տեսակ թափթփվածություն է զգացվում, տեղեր կան, որ գեղեցկացել է, տեղեր կան, որ փչացրել են, ճարտարապետության մասին չեմ ուզում խոսել, ամեն դեպքում ինչ-որ չափանիշներ կան, որ չպիտի խախտվեն»: «Հայաստանը ինչպե՞ս կցանկանայիք տեսնել» հարցին հարցազրույցի կազմակերպիչ և մասնակից «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը միջամտեց` պատասխանելով` «Ինչպես Հ1-ն է ցույց տալիս»: Չեխիայի հայ համայնքը նոր է, ձևավորվել է վերջին 10-15 տարիների ընթացքում: Այդ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ասատրյանը նշեց, որ համայնքի կարևոր խնդիրներից մեկը կազմակերպվածությունն է. «Ճիշտ է, կա շաբաթօրյա դպրոց, կա հոգևորական, բայց համայնքը չունի համայնքային կենտրոն, որտեղ մարդիկ գան-գնան, հավաքվեն, այդ հարցը արդեն քննարկվում է»: Երեկ Հակոբ Ասատրյանը վերադարձավ Չեխիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter