HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Սփյուռքում դժվար է համոզել հայրենակիցներիդ, որ իրենք հայատառ մամուլ գնեն»

Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Աատրյանը Հայաստանում էր և հյուրընկալվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Օրեր» համաեվրոպական ամսագիրը լույս է տեսնում 1999 թվականի սեպտեմբերից` Պրահայում: Այն հրատարակում է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը` Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական եւ համայնքային կյանքին: Հարցին, թե ինչի շնորհիվ է, որ «Օրեր»-ը արդեն տասը տարի տպագրվում է, խմբագիրը պատասխանեց. «Նախ և առաջ` մասնագիտական նվիրվածությունը, որովհետև առանց դրա իմ ամսագիրը լույս չէր տեսնի, քանի որ սփյուռքում շատ դժվար է համոզել հայրենակիցներիդ, որ իրենք հայատառ մամուլ գնեն կամ բաժանորդագրվեն: Մյուս առանձնահատկությունն այն է, որ արևելահայերենով մենք գրեթե հրատարակություն չունենք Եվրոպայում, ընդամենը Հունաստանում լույս տեսնող «Հայաստան» պարբերականն է, որը նյութերը արտատպում է տարբեր կայքերից և թերթերից: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք տարբերություն չդրեցինք արևմտահայ և արևելահայ հատվածների միջև: Ի սկզբանե ամսագիրը ստեղծվեց, որպեսզի Եվրոպայում հաստատված հայաստանցիների պահանջները բավարարենք, բայց ժամանակը ցույց տվեց, որ հին արևմտահայերը ավելի շատ են հետաքրքրվում մեր ամսագրով, քան Հայաստանից եկածները: Համենայն դեպս, վաճառքի և բաժանորդագրության դեպքում այդպես է»: «Օրեր»-ի թերությունը ամսագրի խմբագիր և միակ լրագրող Հակոբ Ասատրյանը համարում է կայուն պարբերականություն չունենալը, քանի որ կապված ֆինանսների և ժամանակի սղության հետ, հաճախ չեն կարողանում հրատարակել երկու ամիսը մեկ: Սփյուռքում հայկական պարբերական տպագրելու հետ կապված միակ դժվարությունը ֆինանսներն են, Հակոբ Ասատրյանը նշում է, որ բովանդակության հետ կապված խնդիրներ չեն լինում, տվայլ պետության կառավարությունն էլ միայն խրախուսում է, նույնիսկ ծրագրեր կային ֆինանսներ տրամադրող, բայց Չեխիայի Եվրամիության մեջ մտնելու հետ կապված դրանք ավարտվեցին: «Կյանքը գնում է, օրերն է մնում»,- այս արտահայտությունը կարելի է տեսնել «Օրեր» ամսագրի կայքը մտնելիս, ձախ անկյունում էլ ` Արթուր Մեսչյանի համանուն երգը. «Արթուր Մեսչյանով միշտ ենք տարվել: Ամսագրի վերնագիրը դրել եմ` նկատի ունենալով Արթուր Մեսչյանի երգերից մեկը: Երբ տեղափոխվեցի Պրահա, մենք տարի ուսումնասիրեցի Եվրոպայի հայ պարբերականները և զգացի, որ արևելահայերենով ամսագրի կարիք կա: Այդ ժամանակ արբանյակային հեռուստատեսությունը այդքան էլ զարգացած չէր, ինտերնետը` ևս: Ինֆորմացիոն լրատվական քաղցը բավարարելու նպատակով որոշեցի տպագրել ամսագիրը»: Հակոբ Ասատրյանը ժուռնալիստիկա սովորել է և Հայաստանում, և Ռուսաստանում: «Մենք չզգացինք, որ մենք սովորում ենք համալսարանում, որովհետև բոլոր դասախոսների հետ շատ ընկերական հարաբերությունների մեջ էինք: Օրինակ` Մոսկվայի համալսարանում ուսանողը կարող է հիվանդանար, դասախոսը նրան մուրաբա կբերեր տնից, այնտեղ պրակտիկան և շփումն է շատ լայն, պարտադրանք չկա, եթե չէիր սովորում, քեզ ուղղակի հեռացնում էին: Մոսկվայի համալսարանը կարծես մեկ ընտանիք լիներ, իսկ այստեղ դեկանատը ուներ բազմաթիվ միջոցներ` ուսանողների վրա ազդելու»,- Հայաստանում և Ռուսաստանում ժուռնալիստիկա սովորելու տարբերությունը ուսանողներին բացատրեց Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter