HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Որովհետև աչքերն ավելի թանկ են, քան հիշատակը նրանց մասին

Տրոփում էր փողոցի անցուդարձն անառողջ սրտի հատընդհատ զարկերով. բազմությունը մերթ հոսում էր, ալիքվելով լայնանում, ալեկոծվում, մերթ տեղատվությամբ նահանջում` ճանապարհ բանալով հատուկենտ անցորդներին: Թռչներամի եռանկյուն սլացքից անջատված զույգը վար նետվեց մայթի` ոտնատակ չլինելու համար փողոցին հարող եզրագծին: Նրանցից մեկն անօգ թպրտում էր, գալարքի մեջ ջղաձգվում, մյուսը`ծվալով ճչում, թե ճչալով ծվում:

Հանկարծ մի կարևոր բան հիշողի հանկարծական պայծառացմամբ իր վիշտը կոծող թևավորը միտը բերեց ինչ-որ, հայցքով որոնեց-գտավ հեռվում տարրալուծվող չուն, ու բնազդը վայրկենապես տիրեց նրան: Ահորած աչքերը մի անgամ էլ դարձան հոգեվարք ապրողին, ապա փութով ընդգրկեցին հեռուն` կրակված հորիզոնը շառագույնի վրա ձգվող սև հետագծով: Թևերն անվարժ թափահարելով`մի երկու անգամ երկմիտ վերուվարեց, ապա վճռաբար բարձրանալով`շեշտակի սուրաց` հասնելու ու թևելու երամին համընթաց. քանզի բնությունն իր անգիր օրենքներն ունի: Մյուսը թևակոտոր ընկած մնաց` մշուշված ու անխանդ աչքերի արտացոլքում հեռացածի փախչող ստվերը: Իսկ նա, որ ետևում էր թողել Ոչինչը, արդեն բավական հեռու լինելով`սլանում էր չթուլացող եռանդով, մկաններում հոգնության ոչ մի նշույլ: Նա խայտում էր, բերկրում, զիլ կռնչում թռչնային հրճվանքով, ու հայացքում`մինչև պռունկը լի հաղթանակած հպարտություն, որովհետև փախե¯լ էր մահից… Շշշշշ…շշշու¯…շշո¯…շշշ …Կարծես խոսակցում է ինչ-որ, ինչ-որ բան: Նույն անկուշտ հայացքը`չռված, լափող, բայց որը խուսափուկ է, չբռնվող: Աջակո՞ղմը, ետևու՞մ … Իսկ շրջվելիս`ոչ ոք, ոչինչ: Բայց այն առարկայորեն իրական է, իր շունչը նրա շնչառությամբ խառնվելու չափ մոտիկ. աղմկող թոքեր, շնչարգելք… Փորձեց օդ բարձրացրած ձեռքով ճակատից սկսած մի քառակողմ շարժում գծագրել. անհաջող. կամքը հեգնեց ենթագիտակցական մղումը: Անիմաստ է փարել հավատի խարխուլ սյուներին. հավատը վաղուց էր դասալքվել, իսկ հու՞յս… Փորփրեց, փորփրեց, ու հույսն էլ նայեց մեղավոր: Հույսը ծնկեց ու մի փշուր նշխարք աղերսեց իրենի՞ց… Հայտնի չէ` ինչպես ապրեց մինչև լուսաբաց ու իրեն նրա սնարին հակված գտավ: Երկար մաքառումից տանջահար դեմքը հիմա խաղաղված է, ասես ներշնչված, մանրիկ կնճիռները` հարթված, լույսով լցված. ցուրտ նշտարն էլ գիտի հրաշքներ գործել: Մինչև կուրծքը բացված սավանից երևացող ուսերից մեկը նկատելիորեն կախված է, որովհետև դրա վրա թեք է ընկել նրա գլուխը: Սավանի տակ հանգիստ երկարած մարմինն ու մոմե ձեռքերը մատնում են իրենց շնորհալի ձևերի դաշնակը: Իսկ նա ժպտաց իրեն կոտրված, արցունքոտ ժպիտով. ասես իր մնաս բարովի հրաժեշտն էր առնում: Հոգնած կոպերն, այլևս չդիմանալով թարթիչների ծանրությանը, փակվեցին` նրա տաք աչքերի թաց խոնավությունն իրենից ընդմիշտ ծածկելու հաստատ մտադրությամբ: Մի վերջին անգամ, անկարելի մի հրաշքով աչքերի աստղալույսն ըմպե҄ր… Ծովն իր գույնը երկնքից է առնում, իսկ նրա աչքերը` գույների դարձդարձիկ խաղով… Երբ փորձում ես որոշել դրանց գույնը, հրաշք է կատարվում. շրջապատող իրերը, հետո տիեզերքն ամբողջ սեղմվում, մանրանում ու հյուլե դարձած` ամփոփվում են մի շող լույսի մեջ, որն ամենի հետ քեզ էլ առնում-սուզում է իր խորքը: Դու տրվում ես այդ հորձանքին հաճությամբ, անկամորեն հլու: Այդ թուլացմանն ապաքեն` նրանից հորդած մի շիթ անցնում է ներսդ ու ջերմացնո҄ւմ, ջերմացնում ցրտատար անդամներդ. սա այն դեպքում, երբ փորձում ես որոշել դրանց հստակ գույնը: Իսկ հարևանցի նայելիս այդ աչքերը մեղրագույն են ու մեղմաբույր, ու մի տաք անձկություն նրանցից կաթուկ է տալիս ուղիղ նայողի սիրտը: Այդ աչքերը կարող են լինել գանգատավոր-բողոքարկու, քմահաճ-աղաչավոր, խանդոտ, արհամարհոտ, զայրույթ շանթող, կարող են մորմոքվել, հուր ու աստղ դառնալով` բռնկվել ու մոխրացնել այրումով, բայց մարել-հանգչել չեն կարող: Անկողնուց մի քանի քայլ հեռու վատ փակված կամ անսարք ծորակից վարանքով կաթկթող ջուրը, որ լռության մի մասն է, կարծես թույլ, անկանոն, բայց կենդանի, թրթռուն կյանքի զարկերակ լինի: Լռության մի մասն են նրա` արդեն հանդարտված շնչառությունը, լուսամուտի ապակուն փակչած բզեզի ներկայությունն իր միալար, ձանձրացնող բզզոցով: Այդ պահին (փութաջան միջատի ներշնչմամբ) մի միտք բզզաց նրա ուղեղում (այդ հանկարծական բզզոցները միշտ էլ անկանխատեսելի են և ոչ բարեգուշակ)` խլել նրան այս անտրամաբանական լռությունից (լռությունն ու կյանքը չեն համատեղվում) և տանել-հեռացնել մարդկային կյանքի տխուր ու տգեղ աճուրդից, մեսմենակ նրանով բնակեցնել նոր հայտնագործված մի մոլորակ ու ծածկել այն աննյութ թաղանթով, որից ներս թափանցել չկարողանա ոչ մի ախտեղածին` մանրէն անգամ: Բայց նրան կորզել նրանում իր չանչերն ամուր նետած ավերումից չկարողացավ մինչևիսկ «հրաշագործ» շեղբը. մահկանացուին կրնկակոխ հետևողը հիմա նրա ստվերն է` շնչին կառչած … Իսկ ի՞նքը, ի՞նչ մնաց իրեն… Քայլում է խեղճացած, կծկված, մի տեսակ փոքրացած: Ուսերը կորվել են, երկայն-բարակ հասակը` ծալպատվել: Իրեն երկյուղ են ներշնչում փողոցը շուրջկալած մայթերը, խուճապող բազմությունը, հեռագրասյունը թե նրա ստվերը, աշնանային կնճռոտված երկինքը… մի խունացած շարժանկար: Ջրափոսերից կեղտաշիթերը ցայտում են հնարավորինս վեր, ձիգ տալիս-թռչում ու գորշագույն նախշերով մանրագործում իր մահուդե անշուք վերակուն (լրացնում են բաց թողնվածը): Բարձրացնելով վերարկուի սուրանկյուն օձիքն ու կիսով չափ ծածկելով դեմքը` քայլերը հատու դարձրեց… Իր դատարկված գոյության մեջ ինքն էլ հիմա մի կեղտաբիծ… Միտքն արագ մանում է. պետք է զբաղեցնել այն ինչ-որ բանով: Հիշողության ձեղնահարկից խնամքով դուրս բերեց կարևոր ու անկարևոր մանրամասներ, բեկորներ իրենց ուրախություններից, բառերից ու լռություններից, որոնցից սիրտը թունդ է ելնում ու սրսփում, ինչպես աշնան արևից են դողացնում կռնակը տաքացնելիս: Տարվեց խոհերով. դեմքի գծերը հիմա լարված են, սևեռուն: Փորձելով պատկերացնել նրան ամենաանծանոթ դիպվածներում`անվրեպ կանխատեսում էր նրա շարժմունքը, արտաբերելիք խոսքերը, ձայնի թրթիռները, ժպիտները` կես-հեգնական, թերահավատ, հուսադրող: Ու այդ ամենը ցավեցնելու չափ հարազատ էր, իր իսկ էությունից արտավիժած: Կրկին թուլացավ, փղձկաց, աչքերը տամկացան` արտասուքի ոչ մի կաթիլ չմաղելով: Ներսում ինչ-որ բան պոկվեց ու ընկավ ինչ-որ տեղ` գոյացնելով մի նոր պարապ (էլի҄ պարապ)… Մարդու մի տեսակ կա`ծնված մենության խարանով, որը որբ է ու մորեմերկ աշխարհի հանդիման: Նա մենակ է թե իրիկնային ստվերների պարաքայլում, թե ձանձրույթ հորանջող փողոցներում, թե աղմկոտ խրախճանքում, թե ինքն իր հետ: Նա առանձնանում է բազմահազարանոց ամբոխի մեջ, առանձնանում իր մարդեղեն տեսակից, որովհետև կրում է իր մեջ անհունը, որը ոչ արտաքին , ոչ ներքին տեսողությամբ չի սահմանագծում, չի շրջափակում հոգու և նյութի աշխարհը: Զգայությունների բաշխման հարցում անհարկի շռայլ բնությունն այդ տեսակին դատապարտելով`օժտել է մաշկային զգացողությամբ ու խախտել ֆիզիոլոգիան. այսպիսի ոգի-էակ է նա: Շիփ-շիտակ մտնելով Աստծո աշխարհ` մինչև վերջ էլ անգետ ու անտեղյակ մնաց աշխարհի բանից, բայց ոչ տխեղծի երջանիկ անգիտությամբ, այլ թույն ու ոխի համար սողանցք չթողած հոգու անաղարտությամբ: Տարիներում անցած-դարձածը շրջանցեցին նրան կամ հպվեցին թեթև ուսաբախումով, բայց չծեփվեցին, չձուլվեցին: Մնաց մեծ, մե҄ծ երեխա, խեղճուկրա҄կ երեխա… … Ծանոթ հայածքը, չորոշակվող շարժումն ու տրոփն իր շուրջը, կողքին, իր ներսում. նշանառուից զարկվողի, կին դառնալու կամ սպասման դարանակալ տագնապ` անխուսափելի` թունդ հարբելուն հաջորդող զարթխումի պես: Հիմա տրված այդ զորության տիրական քայլքին` գնում է հլու` անճարի, հաշտվողի թե հաղթելու կամք կռածի ոտնափոխով: Գլխում, շուրջն ու օդում կապար, արճիճ, մշուշ, թոն… Խոնավ, նեխահոտ գետնանցումով անցնելով ու ապա իջնելով ինչ-որ ներքնուղի տանող սանդուղքի աստիճաններով`հայտնվեց խավարում: Առաջին տպավորությունը ռունգերը որսացին`քրտնախաշ, տոթ մարմինների, էժանագին խմիչքի ու ծխախոտի գաղջ հոտով հագեցած օդ: Մնացածը տեսլական-զգայական էր. դռնբացումով ու հրավիրող շարժումով նորեկներին ընդունող լակեյներ. սեղանների շուրջն, անկյուններում իրենց մատչելի հրապույրներն ի ցույց դրած կոկված կիներ. անպարկեշտ ժպիտներ, շոյանքներ. դատարկված կամ նոր բերված շշեր ձեռքերին, շուրթերին կամ բուն նշանակությամբ գործածված`ապակե կտորտանքներով ցրված հատակին. ախտագին լույսի տակ բյուրեղապակյա շողշողանք, խմիչքի գունատվող գունափոխություն. զորեղ էգություններ, մի ձեռքով` նրանց լանջերն ու մսեղ զիստերը հազիվ ծածկող լաթերի հետ ոչ բարի մտադրությամբ խաղացող, մյուսով` իրենց բեղերը սլլող-սրող արուներ. արնամած դեմքերով խաղագարներ. կանաչ դաշտով պտույտ տվող-գլորվող ու եզրակողերին բախվող փղոսկրյա սպիտակուցներ. ձեռքի`խաղաթղթեր բաժանող ծույլ, քնատ շարժումներ… Ծխախառը մուժ, քրրքիջ, աղմուկ … Իսկ իր շուրջն, իր կողքին, միշտ իր հետ` իրեն հետամուտ զգացողությունը, որ հիմա կանգնած է իր դիմաց մարդկային կերպարանքով` զարկաձողը ձեռքին: Այժմ, երբ կարող է տեսնել նրան, նայում է զարմանքով, հետաքրքիր ուշադրությամբ. ահա թե ինչպիսին է նա: Նուրբ կազմվածքով թեպետ, բայց առնացի, թուխ-թխահեր, մազերը`սև ձյութ, աչքերը`սեփ-սևորակ ածուխներ`ամուր կամքի և հուժկու բանականության առկայծումներով: Այդ կերպարանքը փորձ մարդու վստահություն է արտաշնչում, ու նրա ողջ էությունը մի զարմանալի քաշող զորություն ունի: Կանգնել է խաղամոլի հեշտասիրությամբ կանախազգալիք հաճույքից լայնացած, թրթռացող ռունգերով`դեմքին խաղացնելով կեռ մի բան, որ նման է շատ ժպիտի: Հիմա արդեն քրքջում է դիվային, խռպոտ-ժանգաձայն`ցուցադրելով անթերի ձյունասպիտակ ատամները: Բայց տարօրինակ բան. աչքերն անմասն են հոգեհրդեհին. մշտանշարժ ապակի (ինչ-որ տեղ կարդացել է`դա խոր վշտի կամ չարության նշան է): Նորից բարձրացրեց ձեռքը, և կամքը դարձյալ ընդդիմացավ ենթագիտակցությանը, կամ թե… կամքն էլ հաղթվեց այլևս: Մի կերպ հավաքելով ու ագուցելով ինչ-որ մնացել էր իր մեջ`բռնեց նրա հայացքը` թշշացող ածուխ: Մի առ վայրկայն նրանք շեշտ նայեցին իրար, ու հայացքները խաչաձևվեցին: Ակնթարթը երկարեց, լցվեց, իմաստավորվեց ու վավերագրեց մի բան, մի շատ կարևոր բան. ածուխը ճարճատեց ու սկսեց հալվել … Նա տանուլ էր տվել մահին ու հաստատել կյանքը…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter