HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվգենի Կիրիլով. «Իմ խիղճը մաքուր է, եւ ես այս մեղադրանքներն ամբողջովին անտեղի եմ համարում»

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» թիվ 2216 բանաձեւը: «Հետքի» հարցերին պատասխանում է բանաձեւի զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով թիվ 2216 բանաձեւը, ասել էր. «Զեկույցի մեջ պարունակվող` Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Լ’Աքուիլայի հայտարարությանը, ոչ Մոսկվայի հռչակագրին, ինչի մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ»: Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին նամակ է ուղարկել, որում մասնավորապես նշված է. «Բանաձեւի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009 թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ` հենց Եվրոպական Խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձեւերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Լ’Աքուիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում»: Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունները: Նախ եւ առաջ կուզենայի հավաստիացնել հայ հանրությանը, որ Հարավային Կովկասի վերաբերյալ վերջերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի նպատակն է առաջարկել ճանապարհներ` սերտացնելու ԵՄ-ի եւ երեք երկրների հարաբերությունները եւ տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունը եւ ժողովրդավարությունը: Բանաձեւի բոլոր հանձնարարականները համապատասխանում են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի կենսական շահերին, եւ դրանց միակ նպատակն է այս երկրներն ավելի մոտ դարձնել ԵՄ-ի արժեքներին եւ խրախուսել նրանց զարգացումը` որպես կայուն ու ժողովրդավարական երկրներ, որոնք պատրաստ են հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ ինտեգրվել ԵՄ-ի քաղաքական ուղեգծերին: Հաշվի առնելով սա` ես ափսոսում եմ այն փաստի համար, որ Հայաստանում որոշ անհիմն ու սխալ մեկնաբանություններ ու ենթադրություններ են եղել` կապված բանաձեւի առանձին կետերի հետ` դրանք հանելով համատեքստից եւ ասելով, թե բանաձեւը ինչ-որ մեկի գաղտնի օրակարգի արդյունք է: Բանաձեւը կազմվել է Խորհրդարանի փորձագետների օգնությամբ, ինչպես նաեւ դրանում արժեքավոր ներդրում են ունեցել Հարավային Կովկասին մոտ աշխատող ամենից նշանավոր ու կոմպետենտ միջազգային կազմակերպություններից ու փորձագետներից ոմանք: Նախնական տարբերակը ներկայացվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, եւ Խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի անդամներից շատերը մոտ 300 լրացում են ներկայացրել: Այնուհետեւ բանաձեւն ընդունվեց Հանձնաժողովում գերակշիռ մեծամասնությամբ (փաստորեն, ԵԽ միայն մեկ անդամ դեմ քվեարկեց դրան): Բոլոր քաղաքական խմբերի միջեւ լիակատար համաձայնություն կար բանաձեւի տեքստի վերաբերյալ, եւ այդ պատճառով այն նորից գերակշիռ մեծամասնությամբ ընդունվեց լիագումար նիստում: Ուստի ասել, թե բանաձեւը պատրաստել է լոբբին կամ մեկ անհատ` լուրջ չի հնչում եւ նշանակում է, որ այդպիսի բան ասողը զգալիորեն անտեղյակ է Եվրախորհրդարանում իրավաստեղծ գործելակերպից: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին Եվրախորհրդարանի կոչին, կարող եմ ասել, որ այն չի եղել առաջին տարբերակում, այլ որպես լրացում առաջարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված քննարկման ընթացքում: Բոլոր մեծ քաղաքական խմբերը սատարեցին այն: Եվ դժվար էլ է այն չսատարելը, քանզի այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի հիմքում է, եւ Եվրախորհրդարանի համար իր ընտրողների առջեւ ազնվության հարց է դեմ գնալ միջազգային իրավունքի դրույթներին եւ ամենաբարձր հեղինակություն ունեցող միջազային կազմակերպությանը: Ճիշտ է, որ այս տեքստը Եվրախորհրդարանի նախորդ բանաձեւերի մաս չի եղել, սակայն այն ներառված է եղել եվրոպական այլ ինստիտուտների բանաձեւերում, օրինակ` 2005 թ. Եվրոպայի Խորհրդի ընդունած 1416 բանաձեւում, որը շատ ավելի կոշտ էր: Ինչ վերաբերում է այսպես կոչված մեղադրանքներին, թե բանաձեւը հակասում է Մադրիդյան հիմնարար սկզբունքներին, ապա բոլոր հետաքրքրված անձանց միայն կարող եմ խորհուրդ տալ նորից ուշադիր կարդալ այն եւ տեսնել, որ բանաձեւի 7-րդ կետը հստակորեն սահմանում է, որ Խորհրդարանը «լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, Մադրիդյան հիմնարար սկզբունքներին եւ Լ’Աքուիլայի հայտարարությանը»: Եվրախորհրդարանը միշտ էլ սատարել է այս ջանքերը, եւ այս դիրքորոշումը չի փոխվել: Այնուամենայնիվ, ստատուս քվո-ն անընդունելի եւ վտանգավոր է, եւ Խորհրդարանը ցանկանում է հակամարտությունը լուծելու ավելի մեծ ձգտում տեսնել բոլոր կողմերից: Չպետք է սպասենք, որ տեղի ունենա այն, ինչ 2008 թ. տեղի ունեցավ Վրաստանում, երբ ԵՄ-ը գիտակցեց, որ ինքը պետք է ավելի ակտիվ դեր խաղա եւ հակամարտության ղեկավարման մեջ ներգրավվեց պատերազմի ընթացքում կամ դրանից հետո: Քանի որ Խորհրդարանն իր բնույթով իսկ Եվրոպայի քաղաքացիների ձայնն արտահայտող ինստիտուտ է, այն առանձնակի զգայուն է վերաբերվում փախստականների եւ ներքին տեղահանվածների հետ կապված իրադրությանը: 21-րդ դարում Եվրոպայում անընդունելի է, որ մարդիկ ի վիճակի չեն վերադառնալ իրենց տները, եւ մերժվում է վերադարձի եւ անձնական անվտանգության նրանց իրավունքը: Այդ պատճառով բանաձեւում այս հիմնախնդիրը հատուկ շեշտվում է` առանձին կետով: Դա բացարձակապես չի նշանակում, թե մենք ընտրողաբար հիշատակել ենք մեկը կամ մյուսը Մադրիդյան սկզբունքներից, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Ուժերի դուրսբերումը դիտարկվում է միայն համակողմանի լուծման համատեքստում, որը կներառի անվտանգության առավելագույն երաշխիքներ բոլորի համար: Խորհրդարանը ցանկանում է հակամարտության լուծումը տեսնել նրա հիման վրա, ինչն արդեն համաձայնեցված է, եւ կոչ է անում, որ ԵՄ-ն ծրագրերի եւ առաքելությունների միջոցով ակտիվորեն ներգրավվի անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում գտնվի քաղաքական լուծումը: Այս ամենը հաշվի առնելով` ես ապշել եմ ձեր որոշ քաղաքական գործիչների դիրքորոշումից եւ այն լարվածությունից, որը նրանք հաջողել են ստեղծել հայ հանրային կարծիքի մեջ: Կարծում եմ` Հայաստանի արտաքին քաղաքականությանը սրանից ոչ մի օգուտ չկա, անգամ կասեի` սա բացարձակապես արդյունավետ չէ Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Եվրախորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» բանաձեւում որեւէ դրույթ չկա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին: Ձեր կարծիքով` արդյոք սա Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների անտեսում չէ՞: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փակուղու պատճառներից մեկը հենց այն փաստն է, որ մինչ այժմ կողմերից մեկը կամ մյուսն ընտրողաբար է գործածել ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ պատճառով բանաձեւի իմ առաջին տարբերակում ոչ ինքնորոշումը եւ ոչ էլ տարածքային ամբողջականությունը հիշատակված չէին: Ավելի ուշ գործընկերներս լրացումներ մտցրին, ինչի արդյունքում զգալի տեղ տրվեց տարածքային ամբողջականության սկզբունքին` հիմնականում Վրաստանի պատճառով, եւ այդ լրացումներն ընդունվեցին: Շատ դժվար է, երբ դիմում ես տարածքային ամբողջականության սկզբունքին, երբ Վրաստանի հարցն է քննարկվում, եւ չես դիմում այդ սկզբունքին Ադրբեջանի դեպքում: Հակառակը կնշանակեր երկակի ստանդարտ ստեղծել եւ հարցականի տակ դնել ԵՄ-ի` որպես միավորման ազնվությունը: Այնուամենայնիվ, համամիտ չեմ, որ բանաձեւը կոշտ է միայն Հայաստանի մասով: Եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, որ ավելի կառուցողական մոտեցում որդեգրելու կամ սադրիչ քաղաքականությունից ու հռետորաբանությունից խուսափելու կոչերն ուղղված են եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ամեն հակամարտության մեջ էլ երկու կողմ կա: Երկու կողմից էլ պետք է փոխզիջում լինի: Օրինակ` բանաձեւը խորհուրդ է տալիս ընդլայնել Լեռնային Ղարաբաղին ուղղված ԵՄ-ի ծրագրերը, ինչը շատ ցավոտ հիմնահարց է ադրբեջանական կողմի համար: Այն նաեւ ընդգծում է, որ թուրք-հայկական գործընթացը եւ ԼՂ բանակցությունները պետք է դիտարկվեն որպես երկու առանձին գործընթաց, որոնք կարող են դրականորեն ազդել մեկը մյուսի վրա: Տարածաշրջանի բոլոր խաղացողներին նաեւ կոչ է արվում դադարեցնել Հայաստանի մեկուսացումը եւ նրան ընդգրկել տարածաշրջանում տրանսպորտային եւ էներգետիկ նախագծում: Այս բոլորը Հայաստանի համար շատ դրական կողմեր են, որոնք նաեւ առաջին անգամ արտացոլվել են Եվրախորհրդարանի բանաձեւում: Հավանաբար ավելի արդար կլիներ, եթե այս ամենը ճանաչեին եւ ողջունեին: Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Ես կարծում եմ, որ այս անհավասարակշիռ փաստաթուղթը նաեւ պատերազմի վտանգ է պարունակում: Թեեւ նույն փաստաթղթում կոչ է արվում, որ կողմերը ձեռնպահ մնան ռազմական ուժ գործադրելուց կամ դրան միտված վարքագծից, բայց, մյուս կողմից, այն այնքան միակողմանի է կազմված, որ եթե կյանքի կոչվի այդ մոտեցումը, կամ փորձ անեն այդ մոտեցումը առաջ տանել, դա կբերի հենց պատերազմի»: Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք փաստաթղթում: Սա ծայրահեղորեն չափազանցված հայտարարություն է, շատ աղավաղված եւ անհիմն: Նման քաղաքական գործիչների համար մենք բանաձեւում տեքստ ունենք, որ զերծ մնան նման սադրիչ լեզվով խոսելուց ու հայտարարություններ անելուց: 2216 բանաձեւը պատրաստելիս Դուք խորհրդակցել եք ադրբեջանցի եւ թուրք խորհրդարանականների հետ: Արդյոք բանաձեւը հայ խորհրդարանականների հետ  քննարկե՞լ եք, նրանց տեսակետները  հաշվի առե՞լ եք: Իմ զեկույցի առաջին տարբերակից հետո ես հավասարապես խորհրդակցել եմ տարածաշրջանի երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Բայց քանի որ բանաձեւի կենտրոնում տարածաշրջանում ԵՄ-ի հետաքրքրություններն են, առանձին երկրների համար շատ դժվար է փորձել ազդել գործընթացի վրա: Անշուշտ, բանաձեւը պատրաստելու ընթացքում մենք լսել ենք տարածաշրջանում բոլոր երկրների ու խաղացողների դիրքորոշումներն ու պահանջները, բայց, ի վերջո, բանաձեւի նպատակը այս կամ այն երկրի կարիքները բավարարելը չէ, այլ ԵՄ-ի դիրքն ու քաղաքական ուղեգծերն առաջ տանելը: Սա է այն, ինչ մենք արել ենք, եւ սա է պատճառը, որ բանաձեւն ընդունվել է բոլոր քաղաքական խմբերի այդպիսի գերակշիռ մեծամասնությամբ: Եվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել են, որ Դուք երբեւէ առնչություն չեք ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցը պատրաստելու ընթացքում երբեք չեք եղել տարածաշրջանում: Հովիկ Աբրահամյանի վերոնշյալ նամակում գրված է. «Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները: Ինչ վերաբերում է այն ենթադրություններին, թե որպես Հարավային Կովկասի հարցերով զեկուցող` ես չգիտեմ տարածաշրջանը, միայն կարող եմ ասել, որ շատ անգամներ եմ այցելել տարածաշրջան, շատ երկար ժամանակ եղել եմ Վրաստանի հարցով զեկուցող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում եւ համոզված եմ, որ տարածաշրջանի ապագան կախված է քաղաքական ղեկավարությունների եւ բոլոր երեք երկրների ժողովուրդների ունակությունից` ստեղծել ավելի հանդուրժող մթնոլորտ, սատարել խաղաղասիրական նախաձեռնությունները եւ նպաստել հաշտությանը: Եվ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ձեզ այս ջանքերում ու հիմնվելով իր սեփական պատմության փորձի վրա` ցույց տալ, որ տարածաշրջանի ժողովուրդները կարող են միասին ապրել խաղաղությամբ ու բարգավաճել` վերականգնելով այն լավ հարաբերություններն ու վստահությունը, որոնք պատմականորեն գոյություն ունեին: Միայն կցանկանայի հավելել, որ Եվրախորհրդարանն անկախ հաստատություն է եւ արտահայտում է Եվրոպայի քաղաքացիների ձայնը: Տարիների ընթացքում ԵՄ-ի շրջանակներում դրա դերն աստիճանաբար ընդլայնվեց, եւ Լիսաբոնյան պայմանագրից հետո այն էլ ավելի մեծ ձգտում ու լեգիտիմություն ունի` ակտիվորեն մասնակցելու ԵՄ-ի քաղաքականությունը ձեւավորելու գործին, ներառյալ արտաքին քաղաքականության ոլորտում: Այն իր սեփական քաղաքական տեսլականն ունի եւ հաճախ համարվում է Միության շարժիչ ուժը քաղաքականության այն հատվածներում, որտեղ ԵՄ-ն դեռեւս բացակա է: Զեկույցի պատրաստման ընթացքում ես խորհրդակցություններ էի անցկացրել տարածաշրջանում խնդրով հետաքրքրված շատերի հետ: Այնուամենայնիվ,  ֆրանսիացի համանախագահը երբեք հանդիպելու հարցով չի դիմել ինձ, եւ նույնիսկ մինչեւ ներկա պահը ես ֆրանսիացի համանախագահից չեմ ստացել որեւէ քննադատություն կամ մեկնաբանություն: Սա ինձ թույլ է տալիս մտածել, որ սա այն հարցն է, որի վերաբերյալ շատ ենթադրություններ են անում Հայաստանում, եւ որն ամբողջովին անհիմն է: Հայաստանում Ձեզ մեղադրում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը պաշտպանելու եւ ադրբեջանական աղբյուրներից ֆինանսավորվելու մեջ: Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունները, որոնք բավականին տարածված են Հայաստանում: Բանաձեւն ընդունվել է գերակշիռ մեծամասնությամբ եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ լիագումար նիստում: Մի՞թե կարծում եք, թե Եվրախորհրդարանի բոլոր 736 անդամները, որոնք կողմ են քվեարկել, նույնպես ֆինանսավորվում էին այս աղբյուրներից: Իմ գործընկեր Չարլզ Թաննոքը (Charles Tannock), որը լիագումար նիստում ներկայացավ որպես Հայաստանի մեծ բարեկամ, առաջարկեց, որ «հայկական ուժերի դուրսբերում» արտահայտությունից առաջ ավելացվի «ցանկալի է համարում» արտահայտությունը: Նրա այս լրացմանն աջակցեց ընդամենը 64 անդամ, իսկ 390-ը դեմ քվեարկեց: Ուստի, կարծում եմ` պարզ է, որ Եվրախորհրդարանի մեկ անդամ չի կարող միայնակ կազմել, միայնակ քվեարկել կամ միայնակ ընդունել բանաձեւ` ապահովելով բացարձակ մեծամասնություն մի Խորհրդարանում, որն ունի 736 անդամ եւ Եվրոպայի մասշտաբներով մեծ եւ ազդեցիկ քաղաքական խմբեր: Այդ պատճառով իմ խիղճը մաքուր է, եւ ես այս մեղադրանքները ամբողջովին անտեղի եմ համարում: Ձեր տեղական քաղաքական գործիչներից ոմանք միտում են դրսեւորում այս հարցը շահարկել ներքաղաքական նպատակներով: Հայկական սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցել են նախնական քննարկումներին, ներկայումս բանաձեւը գնահատում են որպես հավասարակշռված: Անձամբ ես համոզված եմ, որ այս բանաձեւը երկարաժամկետ կտրվածքով լավագույնս համապատասխանում է հայ ժողովրդի շահերին: Անգլերենից թարգմանեց Սոնա Ավագյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter