Ո՞վ է քաղաքական ապաստան խնդրած Լիլիթ Կարապետյանը
Երկու օր առաջ ֆրանսիական թերթերում տեղեկատվություն է տարածվել ոմն հայաստանցի լրագրող, 33-ամյա Լիլիթ Կարապետյանի մասին: Նա քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայի իշխանություններից` նշելով, որ մահվան սպառնալիքներ է ստացել իր հեռուստահաղորդման մեջ կոռուպցիայի եւ վերջին նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրակեղծիքների քննադատության համար:
Լիլիթ Կարապետյանը Ֆրանսիայի Ռեն գավառի Ման քաղաք է ժամանել այս տարվա հունվարի 21-ին: Նա ՍԻՄԱԴ-ին` Արտասահմանցիների աջակցության կազմակերպությանը եւ իր փաստաբանին հայտնել է, որ իր միակ 13-ամյա որդին առեւանգվել էր իշխանություններին մոտ կանգնած խմբերի կողմից եւ ազատ է արձակվել տեղեկատվության իր աղբյուրները բացահայտելուց հետո միայն: Որդին մորն է միացել նրա ժամանումից 3 օր հետո, նրան օգնել են նույն «անցկացնողները», ովքեր հնարավորություն են տվել նրա մորը Մոսկվայով անցնել Եվրոպա:
Ապրիլի 20-ին ֆրանսիական կողմը մերժել է լրագրողին ապաստան տրամադրել` նրա ասածները անարժանահավատ համարելով: Ֆրանսիական իշխանությունները որոշել են Լ.Կարապետյանին արտաքսել Ֆրանսիայից:
Ըստ ֆրանսիական թերթերի հրապարակումների` մայիսի 5-ին Լիլիթը պետք է վերադառնար Հայաստան, սակայն ինքնաթիռը առանց նրա է օդ բարձրացել: Ինքնաթիռ նստելուց առաջ Լիլիթի հայազգի ուղեկցողը ինքնակամ վիրավորել է իրեն: Սակայն սա ընդամենը հետաձգել է Լ. Կարապետյանի արտաքսման ժամկետը: Նա տարվել է Ռուենի նախնական կալանքի կենտրոն` գիշերելու, եւ առաջիկա չվերթով ուղարկվելու է Երեւան:
«Հետքը» փորձեց պարզել, թե արդյոք որևէ հեռուստաընկերությունում նման անուն-ազգանունով լրագրող աշխատե՞լ է, սակայն որևէ մեկը չհիշեց:
Առայժմ «Հետքին» չի հաջողվում ՀՀ արտգործնախարարությունից ճշտել դեպքի մանրամասները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել