HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Կրակոցներ Պտղնիում գտնվող «Բելաջիո» հյուրանոցառեստորանային համալիրում շաբաթ օրը կրակոցներ են հնչել: Ըստ որոշ տեղեկությունների` համալիրում տեղի է ունեցել վեճ, որին մասնակցել են մի շարք ներկա և նախկին պաշտոնյաների որդիներ: Նշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու, Ազգային անվտագության ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակի Հրաչի) որդու և Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի անունները: Նույն լուրերի համաձայն` երբ վեճից հետո հնչել են կրակոցներ, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները: Տեղեկանալով, սակայն, թե ովքեր են վեճի մասնակիցները` ոստիկանները հեռացել են: Երեկ, երբ թերթը փորձել է սույն լուրերի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թերթին ասել են, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և հարցերին կպատասխանեն այսօր: Սյունիքի մարզպետի նոր զբաղմունքը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոր զբաղմունք է գտել. մարզի գործերը մի կողմ դրած` հասարակական կազմակերպություն է հիմնադրել` «Դավիթբեկյան ուխտեր» անվամբ, և հիմա զբաղված է զուտ կազմակերպչական խնդիրներով: Ասում են` նա այսկերպ փորձում է նախագահին ցույց տալ, որ ինքն էլ պակաս հայրենասեր չէ, քան իր համերկրացի Խաչիկ Ասրյանը` սպորտի փոխնախարարը, որի «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ից փորձում է մարդ փախցնել` շռայլ գումարներ խոստանալով ասրյանական արծիվներին: Սակայն կա ևս մեկ պատճառ. Սյունիքի մարզպետին մի քանի տարի է, փորձում են փոխել, բայց քանի դեռ նախագահը զբաղված էր արտաքին քաղաքականությամբ, այս հարցը փակ էր: Իսկ հիմա շատ հավանական է, որ հերթը հասնի Լիսկային, այնպես որ, հարկավոր է ցույց տալ, որ բացի հողեր ձեռք բերելուց, երեխաներ ծեծելուց և այլ սկանդալային պատմություններից` ինքը նաև ազգանվեր գործունեությամբ է զբաղված: Հայաստանի ճախրող գույներ Այս տարվա առաջին եռամսյակում «Արմավիան» 4.5 տոկոսով ավելի շատ ուղևորներ է տեղափոխել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, բայց շատ ավելի քիչ հարկեր է վճարել: «ՉԻ» - Սա իսկապես բացառիկ երևույթ է: Ամբողջ խնդիրն այն է, որ «Արմավիան» համարվում է «ազգային փոխադրող» և Հայաստանում առանձնապես մրցակիցներ չունի: Եվ պատկերացրեք` այդ բացարձակ «մոնոպոլիտը այս տարվա առաջին եռամսյակում նույնիսկ 100 խոշոր հարկատուների ցուցակում չի հայտնվել և ավելի քիչ հարկեր է վճարել, քան, ասենք, քաղաքի կենտրոնի որևէ միջին շաուրմայանոցը: Հարց է ծագում` ի՞նչն է պատճառը: Ուղևորների թիվը, ինչպես արդեն պարզեցինք, մեծացել է: Իսկ գուցե ավիատոմսե՞րն են ահավոր էժանացել: Նման բան չկա. «Արմավիայի» տոմսերն առաջվա պես մնում են շատ թանկ (այս իմատով Հայաստանն իսկապես աշխարհի «առաջատար» երկրներից մեկն է): Ուրեմն ո՞րն է խնդիրը: Բացատրությունն, ըստ երևույթին, շատ պարզ է: Վառելիք ներմուծող Միխայիլ Բաղդասարովը կերոսինը թանկ գնով է վաճառել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին. շահույթները նվազել են, ու այդ պատճառով էլ նվազել են նաև հարկերը: Գազը գալիս է Վրացական կողմի հավաստիացմամբ` վերականգնվել է վրացական գազի ժամանակավոր դադարեցված մատակարարումը Հայաստան: Այս պահի դրությամբ գազը դեռ Հայաստան չի մտել, քանի որ այդ աշխատանքը ժամանակ է պահանջում` մինչև գազատարը լցվի, և համապատասխան ճնշում ապահովվի: «Էրգենեկոնը» և Դինքի սպանությունը «Երկրի մեդիային» մայիսի 10-ին` Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում, հայտնի է դարձել, որ «Էրգենեկոնի» գործով ընթացող դատավարության 52 ամբաստանյալներից 6-ը հեռախոսային զրույցներ է ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ: Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանից Դինքի դատապաշտպանները պահանջել էին ներկայացնել տվյալներ «Էրգենեկոնի» գործով անցնող ամբաստանյալների և Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների միջև եղած կապի վերաբերյալ: Դինքի սպանության գործով 13-րդ դատալսման ժամանակ դատարանի նախագահը ներկայացրել է ոստիկանության վարչությունից ստացված տեղեկությունը, որ «Էրգենեկոնի» գործով 52 ամբաստանյալից 6-ը հեռախոսային զրույցներ է ունեցել Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ: Հիշյալ 6 անձանց մեջ է նաև պաշտոնաթող հակահայ գեներալ Վելի Քյուչյուքը: Դատավարությանը, Դինքի ընտանիքի անդամներից բացի, մասնակցել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասը և Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչները: Ի՞նչ է Թուրքիայից բերելու Մեդվեդևը Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Դատելով այցից առաջ մասնավորապես ՌԴ նախագահի հայտարարություններից ու քննարկվելիք հարցերի շրջանակից` այս այցից հետո ռուս-թուրքական հարաբերություններում արձանագրվելու է բավական շոշոափելի «ջերմացում»` Հայաստանի համար դրանից բխող հետևանքներով: Ակնհայտ է, որ Մեդվեդևը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու է նաև Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցեր: Այս մասին դեռևս անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` նշելով, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումների օրակարգում ներառված են նաև Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն ոչ ՌԴ-ի, ոչ Թուրքիայի և ոչ էլ առավել ևս Հայաստանի իշխանությունները դրա վերաբերյալ որևէ պարզաբանում չեն ներկայացրել: Իրականում ՌԴ նախագահը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը գոնե ֆորմալ առումով կարող է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների հետ: Հակառակ դեպքում դա վկայում է այն մասին, որ Թուրքիան արդեն ոչ ֆորմալ, սակայն բովանդակային առումով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային կողմ է համարվում: Այն, ինչին ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի «նախաձեռնողական քաղաքականության» արդյունքում: Հետաքրքիր է, որ Թուրքիա կատարելիք այցից հետո Մեդվեդևը այցելելու է Հայաստան, իսկ Թուրքիայի վարչապետը` Ադրբեջան: Գրեթե այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցերից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter