Քաղաքապետարանը չի թույլատրում, որ ՀԿ -ի ներկայացուցիչը մասնակցի ավագանու նիստերին
Դեռևս ապրիլի սկզբին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի միջոցով բանավոր դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով ապահովել կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Մասնակցության նպատակն էր դիտարկել Երևանի ավագանու գործունեությունը քաղաքաշինության ոլորտում:
Խորհրդակցելով Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանի հետ, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը հայտնում է, որ ավագանու նիստերին մասնակցելու համար, ՀԿ-ն պետք է կայանալիք ավագանու նիստից 3 օր առաջ գրավոր դիմեր քաղաքապետին, թեև օրենքով սահմանված նման կարգ չկա:
Ապրիլի 19-ին ՀԿ-ն արդեն նամակով է խնդրում քաղաքապետին ավագանու նիստերին ներկա գտնվելու հնարավորություն:
Մայիսի 5-ին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նամակին պատասխանելու 5 օրը լրանալուց և նամակն ուղարկելուց 14 օր հետո, քաղաքապետարանից չստանալով որևէ պատասխան, կազմակերպության աշխատակիցը փորձում է տեղեկանալ, թե ո՞ր բաժնում է հայտնվել նամակը, ո՞վ է պատասխանելու և ինչպե՞ս է ապահովվելու ՀԿ-ի ներկայությունը նիստերին: Առավել ևս, որ հաջորդ նիստը նշանակված էր մայիսի 7-ին:
Սկզբում ՀԿ-ն զանգահարում է ընդհանուր բաժին, որտեղ հավաքագրվում են քաղաքապետարան ուղարկված նամակները: Այնտեղից նա տեղեկանում է, որ նամակն ուղարկվել է քարտուղարություն:
Այս պահից արդեն սկսվում են քաղաքապետարանի բաժիններով հեռախոսային շրջայցը: Քարտուղարության աշխատակիցը զարմացած չի հասկանում, թե ո՞ր նամակի մասին է խոսքը և առաջարկում խոսել աշխատակազմի կառավարման բաժնի աշխատակիցների հետ:
Այդ բաժնի պետի օգնականը, չկարողանալով պատասխանել նամակի վերաբերյալ հարցերին, խոստանում է հետաքրքրվել և զանգել մի փոքր ուշ, սակայն մոռանում է:
ՀԿ-ի աշխատակիցը նորից է զանգահարում աշխատակազմի կառավարման բաժին և նրան ասում են, որ նամակը հավանաբար Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնում է:
Նամակը գտնելու փորձը շարունակվում է նաև այդ բաժնում: Բաժնից խնդրում են, որ ՀԿ-ն «Մեկ պատուհան» ծառայությունից տեղեկանա «կորած» նամակի մուտքի համարը: Նամակի մուտքային համարը գտնվում է, բայց դա էլ չի օգնում նամակի հայտնաբերմանը. ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցը պատասխանում է, որ նման նամակ իրենց մոտ չկա:
ՀԿ-ի աշխատակիցը նորից է զանգահարում «Մեկ պատուհան» ծառայություն և խոսում պետի հետ, որը խոստանում է նամակն անպատասխան թողնելու թերացման մասին զեկուցել աշխատակազմի ղեկավարին, սակայն հայտնում նաև, որ ոչնչով օգնել չի կարող:
Երկու օրվա ընթացքում ՀԿ-ի ներկայացուցիչը, փորձելով ճշտել նամակի գտնվելու տեղը, 7 տարբեր հեռախոսահամարներով զանգահարում է քաղաքապետարանի բաժիններ, որտեղից նրան կամ ուղղորդում են նախորդ բաժինը կամ մեկ այլ բաժին, սակայն որևէ արդյունքի չի հասնում:
Ի վերջո, Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը պատասխանում է, որ. «Նամակն իրեն չի հասել, հետևաբար ՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող մասնակցել Երևանի ավագանու նիստերին»:
«Այս պատասխանից մենք կարող են հետևություն անել, որ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ ստեղծում են անօրինական բարդություններ` խոչընդոտելով ՀԿ-ի մասնակցությունը ավագանու նիստերին, չնայած որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն ավագանու նիստերը հրապարակային են և ցանկացած քաղաքացի սկզբունքորեն իրավունք ունի ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին», - ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն» կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում տեղի ունեցածն այլ կերպ բացատրեց. «Ես որպես Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի պետ ստացել եմ ընդամենը մեկ այդպիսի նամակ, որ խնդրում է մասնակցել, դա «Ընտրությունը քոնն է» կազմակերպության կողմից է եղել, որին ոչ միայն թույլատրել, այլ հրավիրել ենք մասնակցել նիստին, ուրիշ որևէ գրություն ես չեմ ստացել»:
Հարցին, թե որ օրենքի համաձայն պետք է ավագանու նիստերին մասնակցելու համար գրություն գրել, եթե դրանք բաց են, Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Նիստերը բաց են, բայց հնարավորությունները պետք է հաշվի առնեն, այսինքն` կանոնակարգվում են նման հարցերը: Այսինքն` մամուլը նույնպես կարող է մասնակցել, բայց լրատվամիջոցներին տալիս են հնարավորություն: Բոլորին այդ հնարավորությունը տալ չի լինի: Դահլիճը սահմանափակ հնարավորություն ունի, եթե բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք 3000-ից անցնում են, ցանկություն ունենան մասնակցել նիստին, ուրեմն այդ հնարավորությունից չեն կարող օգտվել: Նախօրոք պետք է դիմեն քաղաքապետին, որպեսզի նրանց հնարավորություն տրվի: Տեղերը կբավարարի, հնարավորություն կտրվի, տեղերը չբավարարի, չենք կարողանա, բնական է սա, չէ՞»:
Ըստ Գագիկ Բաղդասարյանի, գրությունը գրվում է ավագանու ընդունած կանոնակարգի համաձայն. «Օրենքում գրված է` նիստերին հրավիրվում են մասնակցելու քաղաքապետի կողմից այս կամ այն կազմակերպությունների ներկայացուցիչները կամ ծառայությունները, և քաղաքապետի հրավերով կարող են մասնակցել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել