HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լա՞վ է անում, որ կաշառք է բաժանում

Մայիսի 16-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ են: Համայնքապետի թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գուրգեն Մարտիրոսյանը եւ անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը: Այս գյուղում նախընտրական պայքարը բավականին լարված է անցնում: Համայնքապետի թեկնածու Բ. Սարկիսյանը գործող գյուղապետին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու, երիտասարդներին սպառնալու եւ գյուղում ահ ու սարսափ տարածելու համար: «Ես չեմ պատկերացնում, թե էս երկիրն էս ինչ անարդար երկիր է: 20 տարի գործող գյուղապետին ոչ մեկ ոչինչ չի արել, դեմը դնող չի եղել: Անարդարություններ արել է` հերիք չի, հիմա էլ բոլոր ջահելներին, երիտասարդ տղաներին գիշեր-ցերեկ հանգիստ չեն տալիս, զանգում են անընդհատ, թե քեզ բռնել կտանք, բերդ կտանենք, սպանել կտանք: Փող են բաժանում, ժողովրդին խաբում, դիմում գրել են տալիս: Մարդկանց էլ խաբում են, թե քվեախցիկների մոտ կամերաներ են դրվելու, ու տեսնելու են, թե ով է փող վերցրել ու չընտրել»,- ասում է Բալաբեկ Սարկիսյանը: Ըստ նրա, գյուղապետը հաշվեհարդար է տեսնում իր կողմնակիցների հետ. նրանց զրկում են «Փարոս»-ից, տեղեկանքներ չեն տալիս եւ այլն: Գյուղապետի թեկնածուի փոխանցմամբ` Հայանիստում բաժանվող ընտրակաշառքը տատանվում է 5-15 հազար դրամի սահմաններում: «Ժողովրդին վախացնում են, գյուղը դարձրել են եսիմ ինչ: Մարդիկ կան, մոտենում են ինձ, ասում են` որ դիմում գրենք, որ մեզ փող են տվել, կարո՞ղ է իրենց բռնեն: Բոլորն էլ վախենում են»,- ավելացրեց Բ. Սարկիսյանը: Մեր այն հարցին, թե նշված խախտումների վերաբերյալ արդյոք դիմե՞լ է իրավապահ մարմիններին, Բ. Սարկիսյանն ասաց, որ ինքն անձամբ է դիմել, սակայն` անարդյունք: «Ոնց ուզում են, ինչ ուզում են` անում են: Ոստիկանության Մասիսի բաժին եմ զանգել, ասել եմ, որ փող են բաժանում, ասում են, թող մարդիկ գան, դիմում գրեն, որ փող են տալիս: Բայց մարդիկ վախենում են: Այնքան անարդարություն է տիրում, մենք էլ խոսում ենք ու ոչ մի արդյունք չենք ստանում: 21-րդ դարն է, քաղաքացուն կարելի՞ է այսպես վախացնել»,- ավելացրեց գյուղապետի թեկնածուն: Հայանիստի գործող գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանը մեծ դժվարությամբ համաձայնեց խոսել մեզ հետ: Ըստ նրա` «իր մոտ» ընտրություններ են, եւ զրուցելու ժամանակ չունի: Գյուղապետին փոխանցեցինք իր մրցակից թեկնածուի մեղադրանքները ընտրակաշառքի եւ երիտասարդներին սպառնալու վերաբերյալ: «Ճի՞շտ է, որ դուք գյուղում ընտրակաշառք եք բաժանում» հարցին Գ. Մարտիրոսյանն ասաց. «Շատ լավ եմ անում: Հակառակ թեկնածուն ասում է` սպանել եմ իրան, էսօր էլ թաղել եմ»,- պատասխանեց գյուղապետն ու միանգամից անջատեց հեռախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter