Քաշի անհամապատասխանություն և մաքսային կանոնների խախտում` Մեղրիի մաքսակետում
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, Ապավեն մաքսային պահեստում, ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել: Մաքսավորները նկատել են, որ եթե Մեղրիի մաքսակետում ավտոմեքենայի բեռը կշռել է 32 տոննայից ավելի, ապա պահեստում քաշը էապես նվազել է` շուրջ 1,6 տոննայով:
Բեռը տեղափոխող ավտոմեքենայի վարորդը խոստովանել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, Արարատի Քաղցրաշեն գյուղի իր տանը դատարկել է բեռի մի մասը` առանց մաքսային ապահովման միջոցը` կապարակնիքը, վնասելու:
Մաքսավորները հայտնաբերել են նաև մեկ այլ դեպք, այս անգամ` Նյու ֆիրմա մաքսային պահեստում. զննության է ենթակվել ընկերություններից մեկի անունով բեռ ներմուծող` Կամազ մակնիշի ավտոմեքենայի բեռնարկղը:
Նախաբացթողումային հսկողության վարչության մասնագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ, թեև կապարակնիքն առկա էր, սակայն այս դեպքում էլ վարորդը կարողացել է բեռնարկղը բացել` առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու: Հետևաբար այս դեպքն էլ է դիտարկվել որպես մաքսային կանոնների խախտում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վերը նշված դեպքերով կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել