«Հաղթանակ» այգում տեղակայված ոչ մի կարուսել փորձաքննություն չի անցել
«Խնդրում եմ բոլոր ծնողներին, որ երեխեքի կյանքի հետ չխաղան», - այսօր «Հենարան»-ում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Նրա զգուշացումը պայմանավորված էր այն փաստով, որ այսօր Երևանում գրանցված 47 կարուսելներից միայն 13 են անցել փորձաքննություն, մնացած կարուսելները ոչ միայն գրանցված չեն, այլև փորձաքննություն չեն անցել:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կատարում է միայն փորձաքննություն տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրի հիման վրա, իսկ ստուգում, վերահսկում պետք է կատարի վտանգավոր օբյեկտի տնտեսվարող սուբյեկտը: «Վտանգավոր օբյեկտների գրանցում, պայմանագրային հիմունքներով փորձաքննության անցկացում, տնտեսվարող սոջբյեկտն ինքը պետք է գա և կնքի պայմանագիր, որպեսզի անցկացնեն փորձաքննություն, մենք իրավունք չունենք առանց պայմանագրի որևէ կառույց մտնել և փորձաքննություն անցկացնել»,- նշեց Աշոտ Պետրոսյանը: Այսպիսով` տնտեսվարող սուբյեկտի ղեկավարն ինքն է պարտավոր մտածել իր օբյեկտի անվտանգության մասին: Յուրաքանչյուր չգրանցված օբյեկտի համար նախատեսվում է պատիժ 1 մլն դրամ տուգանքի չափով:
Գրանցված կարուսելներ կան նաև Կապանում և Վանաձորում, իսկ Գյումրիում` ոչ: Բացի ազգային կենտրոնից` Հայաստանում այսօր գործում է երեք հավատարմագրված կառույց` ՍՊԸ-ներ, որոնք իրականացնում են նույն գործառույթները, ինչ կենտրոնը: Նախկինում հավատարմագրումը իրականացնում էր Էկոնոմիկայի նախարարությունը և լիցենզիան տրվում էր երկու տարով: ««Տեգ ՍՊԸ»-ի կողմից լիցենզիա ստացած շատ կազմակերպություններ չունեն համապատասխան տեխնիկական և մարդկային ներուժ»,- համոզված է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը: Լունապարկում ևս փորձաքննությունն իրականացրել է «Տեգ ՍՊԸ»-ն:
«Հաղթանակ» այգում տեղակայված ոչ մի կարուսել փորձաքննություն չի անցել: Երևան քաղաքի փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը նշեց, որ «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ում 7 կարուսելի փորձաքննություն իրականացրել է «Տեգ ՍՊԸ»-ն և տրվել են դրական եզրակացություններ, որոնք ուժի մեջ են մինչև 2010թ օգոստոս: «Երբ գրանցվում է դժբախտ դեպք, իրականացվում է կրկնակի փորձաքննություն, այժմ կատարվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հայտանբերվեն չգրանցված կարուսելները և փորձաքննություն անցկացվեն»,- նշեց Վլադիմիր Հովսեփյանը: Նրա հավաստմամբ`այն կարուսելները, որոնք կստանան դրական եզրակացություն, կշարունակեն գործել, իսկ որոնք բացասական` կդադարեն շահագործումը:
Նախարարի հրամանով` բոլոր կարուսելները պետք է փորձաքննություն անցնեն, այլապես չեն շահագործվելու: Փոքր կարուսելները ոչ գրանցվում են, ոչ էլ փորձաքննություն են անցնում, կառավարության կողմից սահմանվում են այն օբյեկտները, որոնք վտանգավոր են:
Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած դեպքը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանի, հետևանք է օրենսդրական բացթողման, քանի որ չկա այն կազմակերպությունը, որը կարող է իրականացնել հսկողություն, վերահսկողություն, բացահայտում նման օբյեկտների: Այդ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, իրավապահ մարմինների կողմից նյութեր են պատրաստվել, 3 ատրակցոնների համար տուգանք է նշանակվել 3 միլիոն դրամի չափով:
Նիկոլայ Գրիգորյանը նշում է, որ պատժվողներ կլինեն նաև ԱԻ-ում, պատասխանատվություն պետք է կրի և օբյեկտը, և նրանք, ովքեր անց են կացրել փորձաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել