
Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր բարեփոխումների շրջանակում ծրագրում է ստեղծել Արտակարգ իրավիճակների տեսչություն, որը նախատեսված կլինի ոչ միայն տեխնիկական անվտանգության, հրշեջանվտանգության համար, այլև երկրի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ոլորտում կստեղծվի մի տեսչություն, որը կիրականացնի և' հսկողություն, և' անպատասխանատու օբյեկտների և սուբյեկտների հայտանաբերում, և' միջոցների ձեռնարկում:
Այսօր այս մասին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը: Նա լրագրողներին վստահեցրեց, որ ԱԻ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր որոշումներն ու ծրագրերը իրականցվում են գերբարձր արագությամբ, և շուտով նախարարությունը կդառնա այն համակարգը, որը ոչ միայն կարձագանքի, այլև կկանխի բոլոր ռիսկերն ու վտանգները:
Այժմ ԱԻ նախարարի հրամանով սկսվել են աշխատանքներ իրականացնել` պարզելու, թե հանրապետությունում ինչ ռիսկեր կան, ինչ վտանգներ` թե' տեխնիկական, թե' բնածին: «Արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ պետք է համախմբվեն բոլոր գերատեսչությունները: Յուրաքանչյուր ռիսկ ու վտանգ լինելու է վերահսկողության ներքո: ԱԻ-ն քայլում է դեպի աղետակայուն պետություն ստեղծելուն, որպեսզի միայն դեպքի առիթով չհավաքվենք, մեղավորներ փնտրենք և անպայման արյուն պահանջենք: Սա ամենօրյա աշխատանք է, պետք է մատներս դնենք ցավոտ տեղի վրա: Մի քանի ամիս հետո մեր երկիրը կունենա աղետների նվազեցման ազգային պլատֆորմ»»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել